Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-09-2017
Երեւանում տոնվեց «Բագին» գրական հանդեսի հոբելյանը
Լիբանանում տպագրվող «Բագին» գրական հանդեսը 55 տարեկան է:

Սեպտեմբերի 22-ին ««Բագինը» երեկ, այսօր եւ վաղը» խորագիրը կրող գրական զրույց-քննարկման ժամանակ խմբագրակազմի անդամները, թղթակիցներն ու ընթերցողները վերհիշեցին պարբերականի ավելի քան կեսդարյա անցած ուղին, նշեցին նպատակներն ու խնդիրները:

«Բագին»-ի այժմյան խմբագիր, լիբանանահայ բանաստեղծուհի ու մանկավարժ Սոնյա Սանան Քիլեջյանն առաջին հերթին կարեւորում է լեզվի խնդիրը. «Զիս շատ կը հետաքրքրե՝ ինչպես արեւմտահայերենով ստեղծել գրաքննադատական միտք, արեւմտահայերենով քննադատել մտածել, ստեղծագործել: Եվ առաջին հիմնական նպատակս էր «Բագին»-ի էջերուն մեջ ցույց տալ արեւմտահայերենի կենդանությունը: Նպատակ ունեի նաեւ «Բագին» բերել երիտասարդ գրողներ, որոնք տակավին իրենց առաջին քայլերը կընեն գրականության մեջ, սակայն՝ «Բագին»-ի էջերուն վրա»:

«Բագին»-ի խմբագրակազմի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշում է, որ հայ գրողները խորհրդային տարիներին միտում ունեին անպայման գոնե մի ստեղծագործությամբ հանդես գալու «Բագին»-ում, որովհետեւ այն նրանց համար արժեքայնության չափորոշիչ էր: Ամեն ոք չէր, որ կարող էր հրապարակվել «Բագին»-ում եւ ընթերցողների ուշադրությանն արժանանալ:

«1960-ական թվականներին գրական ասպարեզ մտած հայաստանցի երիտասարդ հեղինակների ստեղծագործություններն անգամ հայաստանաբնակներից շատերը կարդացել են հենց «Բագին»-ի էջերում: «Բագին»-ն ինչ-որ առումով դարձել էր այն ազատ խոսափողը, որտեղ հրապարակվում էին Հայաստանում «արգելված» գրողները: Ավելին, այդ գրողներից, բանաստեղծներից շատերի մասին հանդեսի խմբագիր Պողոս Սնապյանը պարբերաբար հանդես էր գալիս հոդվածներով, եւ կարելի է ասել, որ հայաստանյան այդ հեղինակների ճանաչման, արժեւորման սկիզբը նույնպես դրվել է հենց «Բագին»-ում»,- ասաց նա:

Արքմենիկ Նիկողոսյանն առանձնացնում է նաեւ այն հանգամանքը, որ բավական հետաքրքիր է արեւելահայերեն ժամանակակից լեզվով գրված ստեղծագործությունները տեսնել դասական ուղղագրությամբ եւ «Բագին»-ի խմբագրական մոտեցմամբ. «Ովքեր տպագրվել են «Բագին»-ում, այն հմայիչ պահը զգացած կլինեն, որ հոդվածդ կարծես առաջին անգամ ես կարդում, երբ տպագրվում է «Բագին»-ում»:

Սփյուռքահայ մամուլում իր բացառիկ տեղն ու նշանակությունն ունեցող «Բագին» գրական հանդեսի առաքելությունն է համախմբել Հայաստանի եւ գաղթօջախների գրական ներուժը եւ պահպանել արեւմտահայ մշակույթը: Այն 1962 թվականից լույս է տեսնում Բեյրութում: Սկզբում այն տպագրվում էր որպես ամսագիր, 1989-1994 թվականներին՝ երկամսյա, իսկ 1994 թվականից՝ եռամսյա հանդես։ Հիմնադիրներն են Հայ հեղափոխական դաշնակցությունը, 1996-ից՝ Համազգային կրթամշակութային կազմակերպության կենտրոնական վարչությունը։ Հիմնադիր խմբագիրը Կարո Սասունին է: Տպագրում է Սփյուռքի գրական, մշակութային կյանքի մասին նյութեր, սփյուռքահայ եւ օտարերկրյա նշանավոր գրողների ստեղծագործություններ։ 

Հ.Գ.: Բագին բառը նշանակում է զոհասեղան: