Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-09-2017
Էլմիրա. «Տիկնիկներն ինձանից են սովորում, ես էլ՝ տիկնիկներից»
Աչքեր, մազեր, հագուստ, բնավորություն եւ տրամադրություն. ահա եւ վերջ՝ Էլոիզը պատրաստ է: Մի քանի տարի է, ինչ տիկնիկագործ Էլմիրան կյանք է տալիս տիկնիկներին, որոնք միմյանցից տարբեր են, բայց, միեւնույնն է, նրանցից յուրաքանչյուրը կրում է իրեն ստեղծողի մի մասնիկը:

 Տիկնիկագործն այսօր աչքի է ընկնում ոչ միայն իր գեղեցիկ տիկնիկներով, այլեւ «Սոնա» կրթարանում նա տիկնիկագործության գաղտնիքներին ծանոթացնում է նրանց, ովքեր սիրում են տիկնիկներ եւ ցանկանում են տեսնել, թե ինչպես է ծնվում երեխաների սիրած «փափուկ» ընկերը: Eritasard.am-ն այս անգամ զրուցել է տիկնիկագործ Էլմիրայի հետ:



«Էլոիզի մուտքն Էլմիրայի կյանք» 

Հասուն տարիքում հասկացա, որ ունեմ նրանց կարիքը: Ինձ համար ոչ միայն հետաքրքիր եւ սիրելի են տիկնիկները, այլեւ ինձ հաճույք է պատճառում նրանց ստեղծելու եւ կյանք տալու գործընթացը: Կարծում եմ՝ իմ կյանքում նրանց հայտնվելը  կապված էր իմ մասնագիտության հետ, քանի որ մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ. ստացվեց այնպես, որ տիկնիկների ստեղծումը համընկավ իմ ընտրած մասնագիտության հետ: Կյանքիս մի շրջանում ես չէի զբաղվում մոդելավորմամբ, ուստի առաջացավ այդ «բաց» ասվածը, որից հետո ինքս էլ հասկացա, որ կարելի է մոդելավորումը համատեղել տիկնիկագործության հետ: Այդպես ծնվեց Էլոիզը…

«Ոգեշնչվում եմ ամեն ինչից»

Էմոցիաները, իմ զգացմունքները, այն ամենը, ինչ ես զգում եմ այդ պահին, հենց դրանցից էլ տիկնիկը ստանում է իր դեմքի արտահայտությունը, իր հագուստի գույնը: Ի դեպ, աշխատում եմ տիկնիկներին միայն բարձր տրամադրությամբ պատրաստել, որպեսզի նրանք էլ ժպտան եւ լինեն երջանիկ:



«Երբեք չեմ պատկերացնում, թե ինչպիսի տիկնիկ եմ պատրաստելու»

Ի սկզբանե պատրաստում եմ մարմինը եւ միայն ընթացքում եմ հասկանում նրա բնավորությունը, նրա էությունը, տեսակը եւ, ըստ այդմ էլ, տիկնիկներին արդեն ամբողջական տեսք եմ տալիս: Աշխատում եմ միանման տիկնիկներ չստեղծել, մշտապես գալիս են գաղափարներ, ուստի երբեմն տիկնիկներից շատերը փոփոխման են ենթարկվում:

«Էլմիրային նման Էլոիզը»

Բոլորն են ասում, որ տիկնիկներն ինձ են նման: Ասում են, որ նկարիչները դիմանկարները նկարելիս իրենցից մի մասնիկ են տալիս, ինչի արդյունքում էլ, անկախ նրանից՝ ում դիմանկարն է, միեւնույնն է, այն ինչ-որ նմանություն ունի տվյալ նկարչի հետ: Երբ սկսեցին ինձ հաճախ ասել, որ տիկնիկներն ինձ նման են, ես որոշեցի փոքր-ինչ փոխել նրանց, սակայն հասկացա, որ ինչ-որ անբնական բան է ստացվում:



Առաջին տիկնիկը

Շա՜տ տարիներ առաջ էր՝ կարի արտադրամասում էի  աշխատում, ու հենց այդտեղ մի մեծ նապաստակ պատրաստեցի, հետո ես ինքս հրաժարվեցի այդ նապաստակից: Այն մշտապես ինձ հետ էր, անգամ՝ հաց ուտելիս: Հենց այդ ահռելի նապաստակից հետո որոշեցի, որ պետք է զբաղվել տիկնիկագործությամբ եւ պատրաստեցի տարազով տիկնիկը, որն ինձ մոտ չէ: Հենց այդ տիկնիկից հետո ես սկսեցի ավելի լուրջ մտածել եւ զբաղվել տարազե տիկնիկների ստեղծմամբ, քանի որ տարազները պետք է ուսումնասիրվեն, եւ այդ առումով մասնագիտական որոշակի նրբություններ կան, ինչը տիկնիկի  ստեղծումը դարձնում է էլ ավելի պատասխանատու: Ունեմ նաեւ մի տիկնիկ, որն առաջիններից է եւ արտացոլում է գործունյա կնոջ կերպարը:

Էլոիզի պատմությունը

Էլոիզ ինձ անվանում են տանը, անունն ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ՝ այն ասոցացվում է տիկնիկի հետ:

Էլոիզից բաժանումը

Տիկնիկի մեջ դնում ես քո ներաշխարհը, յուրաքանչյուրի մեջ կա քո մի մասնիկը, ուստի նրանցից բաժանումը հեշտ չի լինում: Երբ վաճառվում է, սկսում ես մտածել՝ ինչպիսի տուն է նա գնում, ինչպես նրան կվերաբերեն, տան որ անկյունում կհայտնվի: Սակայն եթե պատվիրատուին տեսնում եմ, եւ նա տեսնում է արդեն պատրաստի տիկնիկը, ինչ-որ հարցերի պատասխաններ ես ինքս կարողանում եմ ստանալ:



Բնավորությա՞մբ տիկնիկները

Կարծում եմ, որ նրանք ունեն բնավորություն, նրանք անգամ հոգի ունեն: Հնարավոր է՝ դա ինքնաներշնչանք է, երբ նայում եմ նրանց աչքերին, հասկանում եմ, որ նրանք ունեն հոգի, բնավորություն: Հնարավոր է, որ դա նաեւ միստիկա է, սակայն իմ պատասխանն է՝ նրանք ապրում են...

Ամենաչարաճճի տիկնիկը

Կերպարային տիկնիկները հիմնականում բծախնդիր են լինում, քանի որ ժամանակ են պահանջում: Եթե պատվիրատուն լինում է բծախնդիր, տիկնիկը միանշանակ նույնպես լինում է այդպիսին եւ հակառակը: Հիմնականում չարաճճիությունը կարող եմ վերագրել կերպարային տիկնիկներին:

«Տիկնիկներն ինձանից են սովորում, ես էլ՝ տիկնիկներից»

Վերջին շրջանում մազերիս շյուղեր եմ փակցնում, ինքս էլ չգիտեմ՝ ինչու, ուղղակի այդպես է ստացվում, բայց կարծում եմ՝ տիկնիկներից եկած սովորույթ է: Տիկնիկներն ինձանից են սովորում, ես էլ՝ տիկնիկներից (ծիծաղում է):



Տիկնիկագործության գաղտնիքները

Այսօր երեխաների տեսակն այլ է, նրանց այլեւս տարատեսակ խաղերով չես կարող զարմացնել, ուստի տիկնիկագործությունն այսօր հետաքրքիր նախասիրություն եւ մասնագիտություն է, որով հետաքրքրվում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: 

Էլոիզների հետ կապված պլանները

Նախկինում միայն պատրաստում էի եւ նվիրում, ուստի չէի կարողանում ի մի բերել Էլոիզներին եւ հանդես գալ ցուցահանդեսով. հիմա Էլոիզներին մեկ վայրում համախմբելու եւ ցուցադրելու ցանկություն ունեմ: Դեռ հստակ ինչ-որ բան ասել չեմ կարող, քանի որ դա միայն ցանկություն է, սակայն կարող եմ ասել, որ ցուցահանդեսը կլինի սյուրռեալիստական ժանրում: