Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԽ էջից
Տեղադրվել է 26-09-2017
Եգոր Գլումով. «Տարիք կա, որ համոզված ես՝ դու արեւն ես, քո շուրջն է ամեն ինչ պտտվում»
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր հաղորդավար Եգոր Գլումովը: Նա ուսանողներին պատմեց իր անցած ուղու, հաջողությունների ու կյանքի հետաքրքիր դրվագների մասին, պատասխանեց ներկաների հարցերին:

Դպրոցական տարիների փոքրիկ պայքարը

9-րդ դասարանում (1989 թ.) մենք դասարանով դասադուլ սկսեցինք, որ մեզ ազատ շորեր հագնելու իրավունք տային (հագնում էինք դպրոցական համազգեստ), դասղեկի փոխարեն ունենանք աշակերտներից կազմված ինչ-որ օրգան, որ կկարգավորի հարցերը: Մենք պայքարեցինք մոտ մեկ ամիս, հետո հասկացանք, որ անիմաստ է: Մեզ թույլ տվեցին, բայց դրա հենց հաջորդ օրը մենք գնացինք այնպիսի շորերով, որ իմ պապիկը տանը նույնիսկ չէր թողնում՝ դա հագնեի: Հիմա ես ինձ որ հիշում եմ, ամաչում եմ: Հետո այդ հարցով զբաղվեց Կրթության եւ գիտության նախարարությունը:

Ամեն ինչ հարաբերական է…

Ես առհասարակ չեմ սիրում խորհուրդներ տալ, որովհետեւ ունեմ 4 երեխա եւ հասկանում եմ, որ չեն լսում, բայց դա կյանքի իմաստություն է եւ տարիքի հետ է գալիս: Ինչ-որ տարիք կա, որ հստակ համոզված ես՝ դու ես ճիշտ, եւ մնացած բոլորը սխալ են, այսինքն՝ դու արեւն ես, քո շուրջն է ամեն ինչ պտտվում: Հետո դու հասկանում ես՝ չէ, դու արեւը չես, կան ինչ-որ հեռավոր արեւներ, դու մոլորակներից մեկն ես, որ պտտվում է այդ արեւի կողքին: Հետո՝ ավելի մեծ տարիքում, հասկանում ես, որ դու անգամ մոլորակ չես, այլ փոքրիկ լուսին ես: Ասածիս հիմնական միտքն այն է, որ եթե մենք խոսում ենք որեւէ բանի մասին, պետք է անպայման կարողանանք այդ հարցին այլ կողմից էլ նայել եւ ունենանք ապացույցներ նաեւ այն կողմից:

«Սերունդների բախում գլոբալ առումով չկա»

Մեզ միշտ թվում է՝ դուք մեզանից վատն եք, ձեզ թվալու է, որ ձեր երեխաներն են ձեզանից ավելի վատը: Դա նորմալ է, դա կյանքն է: Երեխաները ծնողներին հասկանում են այն ժամանակ, երբ դառնում են ծնող եւ դաստիարակում են երեխաներին:

Պետք է հստակեցնել նպատակները

Եթե հստակ հասկանաք՝ ինչ եք այս կյանքից ուզում, ինչ պահանջներ եք ձեր առջեւ դնում՝ քաղցած չլինել, լինել անկախ, լինել հարուստ, մեծահարուստ, ամբողջ աշխարհը ձեր առջեւ բացված է:

Գերբնական ուժերին պիտի դիմել…

Գոյություն ունի ինչ-որ գերուժ, որը միշտ փորձում է օգնել, բայց մենք այդ գերուժին պիտի դիմենք՝ օգնելու համար: Շատ եմ սիրում այս անեկդոտը. «Մի մարդ մահից հետո ընկնում է դրախտ, կանգնում է Աստծո դիմաց, լաց է լինում ու ասում. «Աստվա՛ծ, ինչո՞ւ ինձ չես օգնել: Ես միշտ հավատացել եմ քեզ, գոնե մի անգամ վիճակախաղով միլիոն դոլար շահեի»: Աստված հարցնում է. «Բայց դու գոնե մի անգամ տոմս գնե՞լ էիր»: Բացասական պատասխանից հետո Աստված ասում է. «Բա ինչպե՞ս պիտի հաղթեիր»»:

Չարի ու բարու մասին…

Չարիքը մարդիկ են անում: Կենդանիները չեն հասկանում չարի ու բարու տարբերությունը, իսկ մարդիկ հասկանում են: Եթե մարդիկ հասկանում են, ուրեմն դա ինչ-որ պատճառով մեզ պետք է, որ մենք հասկանանք:

Գլումովը՝ Ապրիլյան պատերազմում

Երբ ինձ հարցրին, որ այդքան բան ունեմ կորցնելու, ասացի՝ ուրեմն ես ավելի շատ եմ հետաքրքրված, որ չկորցնեմ: Դա նորմալ է: Եթե դու ունես մեկ երեխա, մեկ երեխայի համար ես պայքարում, եթե ունես 4 երեխա, 4 անգամ ավելի շատ ես պայքարում: Շատ հպարտ եմ, որ տասնյակ հազարավոր մարդիկ են ինձ հետ գնացել: Առաջին գծում ոչ ոք ամպագոռգոռ բառեր չի հիշում. յուրաքանչյուրը գիտի, որ ձախից Սերոբն է, աջից՝ Հրայրը, դուք երեքով եք, պիտի իրար թիկունք պահեք, ու քո ընտանիքն է: Ընտանիքս դրական վերաբերվեց: Եթե ես չգնայի Ապրիլյան պատերազմին, ես ինձ չէի ների:

Սիրելի հերոսները

Վարդան Մամիկոնյանն իմ ամենասիրելի պատմական կերպարներից մեկն է, որովհետեւ նա իսկապես գնացել է ոչ միայն Պարսկաստանի դեմ, այլեւ շատ իշխանների, իսկ դա ամենադժվարն է առհասարակ… Կուզեի՝ հիմա ապրեր ու գործեր Մոնթե Մելքոնյանը:

Եթերում թաքցնել անձնական խնդիրները…

Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են դժբախտություններ, բայց եթե դու եթերում ես, ոչ մեկի չեն հետաքրքրում քո խնդիրները: Դու պետք է լինես դրական, ժպտերես եւ անջատվես քո առօրյայից, քո կյանքից: Պետք է լինես անկեղծ քեզ լսողի ու դիտողի հետ: 

Մոտիվացիան

Իմ ամենամեծ ներշնչանքը իմ երեխաներն են: 20 տարեկանում սիրահարված էի: Ամեն ինչ անում էի, որ այդ աղջկան դուր գամ, նա էր իմ մոտիվացիան: Ամեն փոքրիկ բանի մեջ կարելի է դա գտնել: