Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-09-2017
Հաղթողին կպարզեն վերջին տուրում
Շախմատի «Yerevan Open» միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին, իսկ հաղթողի հարցը դեռ բաց է. հիմնական հավակնորդները այսօր՝ վերջին տուրում մրցում են միմյանց դեմ:

Մայրաքաղաք Երեւանում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպված «Yerevan Open» շախմատի միջազգային մրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները, որոնց արդյունքում ընդգծվեց, թե ովքեր են հաղթողի հիմնական հավակնորդները: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սեւերով հաղթանակ տոնեց Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Հաղթանակի շնորհիվ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրից առաջ նա կես միավորով առաջ է մրցակիցներից եւ ունի 7 միավոր:

Նախավերջին տուրում հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա ուժեղ գտնվեց Արման Միքայելյանի դեմ պարտիայում: Սպիտակ խաղաքարերով Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Ալեքսեյ Կիսլինսկիին, իսկ Արման Փաշիկյանը պարտություն կրեց՝ սեւ խաղաքարերով տանուլ տալով Ամին Տաբատաբիի հետ պարտիան:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Ամին Տաբատաբին ու Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրից առաջ ունեն 6,5-ական միավոր: Եվս 6 շախմատիստ հետապնդում են նրանց վաստակած 6-ական միավորով:

Վերջին՝ 9-րդ տուրում, որն ընթանում է Հայաստանի շախմատի ակադեմիայում, առաջատար Կարեն Գրիգորյանը ուժերը չափում է Հովհաննես Գաբուզյանի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ամին Տաբատաբիի հետ: Հենց այս երկու պարտիաների արդյունքում էլ հայտնի կդառնա, թե ով է մրցաշարի հաղթողը: