Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-09-2017
Լինել Ջոն Մալկովիչ կամ հոլիվուդյան գերաստղը Հայաստանում
Յուրահատուկ ձեւաչափ, հետաքրքիր ծրագիր, բացառիկ արտիստ. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա հոլիվուդյան հանրահայտ դերասան, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, «Օսկարի» երկակի հավակնորդ Ջոն Մալկովիչը: Համերգային երեկոն հոկտեմբերի 11-ին տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Միջոցառման ընթացքում կհնչի Ալֆրեդ Շնիտկեի «Կոնցերտ դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար» ստեղծագործությունը, իսկ այդ ընթացքում Ջոն Մալկովիչը կընթերցի Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը: Մենակատարն է Անաստասիա Տերենկովան (դաշնամուր): 

Երեկոյի ընթացքում կներկայացվի նաեւ Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների եւ գոսերի համար» գործը (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի): Դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը: 

Eritasard.am-ն առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ Ջոն Մալկովիչի հետ՝ բացահայտելով կամ էլ վերաբացահայտելով նրան: 



Լինել Ջոն Մալկովիչ

Ջոն Մալկովիչն ամերիկացի դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ: Հանդիսատեսին առավել հայտնի է «ՌԷԴ», «Օդային բանտ», «Լինելով Ջոն Մալկովիչ», «Վտանգավոր կապեր» ֆիլմերից։ 

Ծնվել է 1953 թ. ԱՄՆ-ի Իլինոիս նահանգում: Դպրոցում զբաղվում էր երաժշտությամբ, համալսարանում ուսանում էկոլոգիա: 1976-ին ընկերների հետ հիմնում է «Steppenwolf Theater Company»-ն, որտեղ էլ երկու տարի անց առաջին անգամ հանդես է գալիս առաջնաելույթով: Նրա բրոդվեյան առաջնաելույթը տեղի ունեցավ 1984-ին՝ դերասան Դասթին Հոֆմանի հետ: Նույն ժամանակաշրջանում Մալկովիչը խաղաց «Տեղ սրտում» կինոնկարում, որի համար առաջադրվեց «Օսկարի»: 

Կինոքննադատների համոզմամբ՝ նրա լավագույն աշխատանքը վիկոնտ դե Վալմոնի դերն է «Վտանգավոր խաղեր» ֆիլմում: 1994-ին Մալկովիչը կրկին առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակին՝ «Կրակի գծի վրա» ֆիլմում մարմնավորած դերի համար:

Մալկովիչի կինոկարիերայի ամենայուրահատուկ աշխատանքներից է «Լինել Ջոն Մալկովիչ» կինոնկարը, որում նա մարմնավորում է ինքն իրեն: Կինոնկարը մեծ աղմուկ առաջացրեց: 

Հետաքրքրական փաստ. 2015 թ. Մալկովիչը նկարահանվել է Էմինեմի «Phenomenal» երգի տեսահոլովակում: 

Մալկովիչն այն ականավոր դերասաններից է, ով մարմնավորել է բարդ ու սարսափելի եւ միեւնույն ժամանակ խելացի կերպարներ: 

Մալկովիչը՝ կյանքի, ձանձրույթի, դերասանի մասնագիտության ու այլ հարցերի մասին

…Ես միշտ վստահ էի, որ եթե լինելով դերասան՝ չես կարողանում գումար վաստակել, ուրեմն հիմար ես կամ էլ ողբերգության չափ դժբախտ:

…Որպես կանոն, մարդիկ նկարահանվում են ֆիլմերում, որովհետեւ ծուլանում են ամեն օր խաղալ թատրոնում, որովհետեւ ուզում են գումար վաստակել կամ էլ պարզապես ուզում են հանրահայտ դառնալ: 

…Կինոն հորինված մարդկանց, հորինված իրերի եւ հորինված իրադարձությունների աշխարհ է: Երբ մտածում ես այդ մասին, սկսում ես կարծել, որ դերասանի մասնագիտությունը ճղճիմ մի բան է:

…Ես ավելի շատ կին ընկերներ ունեմ: Ինձ հիացնում է կանանց հոգեբանական ամրությունը, նրանք միշտ պատրաստ են մինչեւ վերջ լսել քեզ եւ նրանք ավելի հեշտ են տանում դժվարությունները:   

…Այնտեղ, որտեղ շատ գեղեցիկ կանայք կան, չարժե գնալ մեկի հետ, ով քեզանից լավ է հագնված: 

…Եթե կա ինչ-որ տեղ, որտեղ ես իսկապես բարկանում եմ, դա նկարահանումների վայրն է: 

…Ինձ վախեցնում եմ այն մարդիկ, ովքեր ասում են, որ գիտեն, թե ինչպես պետք է լինի ամեն ինչ:

…Ես սովորել եմ չանհանգստանալ այն երեւույթների համար, որոնք չեմ կարողանում կառավարել: