Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էլեն Հրաչյանի
Տեղադրվել է 01-10-2017
«Հյուրասիրում են քյավառցիները». կայացավ «Մեծ փուռ-2017» փառատոնը
Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Մեծ փուռ-2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում գավառցիների հյուրընկալ ընտանիքներում:



«Վորլդ Վիժն Հայաստան»-ի՝ Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ, Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերը, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ուղղություններում ներառված 9 խմբերը կազմակերպել էին կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 կերակրատեսակների, քյուֆթայի, փախլավայի, գաթայի եւ տարածաշրջանային այլ ուտեստների շքեղ հյուրասիրություն: 



Ներկա էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Վերջինս «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանի հետ շրջեց տաղավարներով, ինչպես նաեւ մասնակցեց հյուրասիրությանը:



Վարազդատ Սարգսյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ իրենց կազմակերպությունն աջակցում է «Մեծ փուռ»-ի իրականացմանը. «Փառատոնի կազմակերպումը հիմնականում միտված է առավել լուսաբանելուն, իրազեկելուն, որպեսզի առավել խթանվի «Քյավառի կարտոլի» բրենդի ներքո վաճառվող կարտոֆիլը: Մենք աջակցում ենք, որպեսզի այն առավել տարածում եւ համբավ ունենա»:



Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ գովելի է, որ ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ երիտասարդները. «Մինչեւ երիտասարդների փառատոնին մասնակցելը նրանց հետ մեծ աշխատանքներ ենք տանում, որպեսզի նրանք ունենան համապատասխան գիտելիքներ, կարողություններ, իրենց համայնքների խնդիրներին եւ հարցերին մոտենան շատ լուրջ: Այդպիսով՝ կարողանան իրենց ներդրումն ունենալ համայնքի գործունեության ու զարգացման գործում»:



Փառատոնին իրենց տաղավարն էր ներկայացրել նաեւ «Գավառի երիտասարդական նախաձեռնության կենտրոն» ՀԿ-ն: Մեզ հետ զրույցում կենտրոնի նախագահ Հակոբ Սարգսյանը  նշեց, որ նախապես մտածել էին 10 կերակրատեսակի մասին, սակայն աղջիկների ջանասիրության շնորհիվ ուտեստների ցանկը համալրվել է: 



Այն հարցին, թե ինչով է առանձնանում իրենց սեղանը, ու ինչ առանձնահատուկ ուտեստ ունեն, նշեց, որ իրենք ամեն ինչով են առանձնանում: Բավական են միայն կարտոֆիլով տոլման, կարտոֆիլով գաթան եւ այլ յուրահատուկ ուտեստներ: 



Փառատոնի մասնակիցներից Մեսրոպ Քոլոզյանը մի շարք մանրամասներ պատմեց փառատոնի արմատների եւ ավանդույթների մասին: Նրա խոսքով՝ փառատոնն անցկացվում է 2015 թվականից. «Երբ 1830 թվականին մեր նախնիները Բայազետից տեղափոխվել են Նոր Բայազետ, իրենց հետ բերել են կարտոֆիլ ու սկսել մշակել այն: Բերքահավաքից հետո աթարով փուռ էին դնում, քանի որ այդ ժամանակ էլեկտրական վառարան, գազ չկային: Եվ այդպես այն դարձավ ավանդական ուտեստ: Հիմա այն արդեն դարձել է ավանդական փառատոն»:



Մեսրոպ Քոլոզյանի խոսքով՝ կարտոֆիլից պատրաստված ուտեստներից բացի՝ ներկայացված են նաեւ գյուղացիների պատրաստած բարիքները՝ օղի, գինի, թթվի տեսակներ, պանիր, թթվասեր, դեղաբույսեր, մուրաբաներ, մեղր եւ այլն: Ի դեպ, ոչ թե վճարովի, այլ անվճար: 



Մեսրոպ Քոլոզյանը հավաստում է, որ աճել է մասնակիցների թիվը. «Առաջին տարում ունեցել ենք 500 մասնակից, 2-րդ տարում՝ 500-1000, իսկ այս տարի ենթադրում եմ, որ կանցնենք 1000-ի շեմը: Հյուրերը տարբեր վայրերից են՝ Հայաստանից եւ  արտերկրից»: 



Նշենք, որ փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, մրցույթներով, տոնական եւ բարձր տրամադրությամբ: