
Բացառիկ համերգը հոկտեմբերի 8-ին կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երեկոյի ընթացքում հնչելու են ինչպես սիրված եւ ճանաչված երգեր, այնպես էլ նոր երգեր, ինչպես նաեւ երգեր՝ երգչուհու պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի երգացանկից: Հայ հանդիսատեսին սպասվում են նաեւ բազում անակնկալներ:
Eritasard.am-ն առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ Նարգիզին ու նրա գործունեությանը:
Տաշքենդից՝ մեծ բեմ
Նարգիզ Զաքիրովան ծնվել է 1970 թ. Տաշքենդում՝ Ուզբեկստանում հայտնի երաժշտական ընտանիքում: Մայրը՝ Լուիզա Զաքիրովան, հայտնի էստրադային երգչուհի էր: Հայրը՝ Պուլատ Մորդուխաեւը, հարվածային գործիքների նվագող էր:
4 տարեկանում Նարգիզն առաջին անգամ ելույթ է ունենում բեմի վրա։ 15 տարեկանում «Հիշի՛ր ինձ» («Помни меня») երգով հայտնվում է «Յուրմալա»-86 երգի փառատոնում, որտեղ արժանանում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 1995 թ. ծնողների եւ դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք: Սկզբնական շրջանում աշխատում է խանութում, վիդեոսրահում, դաջվածքի սրահում, ելույթներ ունենում ռեստորաններում։
«X-Factor»-ից՝ «Ձայնը»
2013 թ. հաջողությամբ հաղթահարում է ամերիկյան «X-Factor»-ի նախընտրական երեք փուլերը, սակայն դրանից հետո, երբ կազմակերպիչները չեն զանգահարում, ուղեւորվում է ռուսական «Ձայնը» հեռուստատեսային նախագիծ: Նարգիզը տպավորում է բոլոր չորս քոուչներին, սակայն նախընտրում է Լեոնիդ Ագուտինի թիմը: Դուրս է գալիս մրցույթի եզրափակիչ: Զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Սերգեյ Վոլոչկովին։
2014 թ.-ից Նարգիզը համագործակցում է պրոդյուսեր եւ երգահան Մաքսիմ Ֆադեեւի հետ։ Նույն տարվա հուլիսին արժանանում է «Սանկտ Պետերբուրգի սպիտակ գիշերները» միջազգային երաժշտական փառատոնի Գրան պրի մրցանակին:
Նարգիզը համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում, թողարկում հետաքրքիր ու յուրահատուկ երգեր: