Նյութը՝ Լիանա Մերթարջյանի
Լուսանկարները՝ Գայանե Շահխաթունիի անձնական արխիվից
Տեղադրվել է 03-10-2017
Սննդաբան Գայանե Շահխաթունի. «Ովքեր «ամուսնանում» են կշեռքի հետ, ավելորդ քաշի խնդիր չեն ունենում»
Շուրջ 15 տարվա մասնագիտական փորձ ունեցող դիետոլոգ Գայանե Շահխաթունին, մշակելով անհատական սննդակարգեր, օգնում է քաշի նվազեցմանը՝ առանց օրգանիզմին վնասելու։

Սննդաբանն իր մշակած ճաշացանկով աշխատում է նաեւ հայ հայտնիների հետ. նրա սննդակարգից օգտվել են Սոնա Ռուբենյանը, Լայանան, Մերի Մակարյանը, Եգոր Գլումովը, Անի Դաշյանը, Նաիրա Մովսիսյանը: Նրան հաճախ անվանում են աստղային դիետոլոգ։

Գայանեն նախաձեռնել է դասընթաց-հանդիպումների շարք առողջ ապրելակերպով ու ճիշտ սննդակարգով հետաքրքրվողների համար։ Երեւանյան «The Loft» կենտրոնում առաջին սեմինարին նա բացահայտել է մասնագիտական խորհուրդներ բալանսավորված սննդակարգի, կալորիաների, նիհարելու գաղտնիքների մասին. «Այն մարդիկ, ովքեր «ամուսնանում» են կշեռքի հետ, ավելորդ քաշի խնդիր չեն ունենում։ Եթե ամեն օր կամ երկու օրը մեկ կշռվեք, ձեր սթափությունը պահպանում եք։ Յուրաքանչյուրի համար կազմում եմ  բալանսավորված կալորիաներով սննդակարգ, որն օգնում է արագ նիհարել։ Ճիշտ սննդակարգը հաճույք է, պարզապես պետք է գրագետ մոտենալ այս հարցին, իմանալ, որ ժամին ինչ ուտել եւ որքան ուտել»։ 



Բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմիչը դիետոլոգի միջոցով նվազեցրել է իր քաշը։ 27 օրում նիհարել է 6 կգ. «Բծախնդիր եմ, որովհետեւ տեսել եմ սխալ դիետաների հետեւանքը, որոնք բացասական են ազդում առողջության, վերարտադրողական ֆունկցիայի վրա, կանանց շրջանում վիժումների պատճառ են դառնում։ Երբ որոշեցի ինքս դիետայի հետեւել, Գայանեի սննդակարգում ինձ գրավեց այն, որ օրվա համար նախատեսված սնունդն այնքան հագեցած է, որ ամբողջությամբ չեմ ուտում։ Ամենակարեւորն այն է, որ սովի զգացում չեմ ունենում, շաքարն ու աղը գործնականում հանված են, ամեն օր սնվում եմ բալանսավորված»։

Հեռուստառադիոհաղորդավար Եգոր Գլումովը եւս սկսել է իր սննդակարգին հետեւել եւ զգալիորեն նիհարել է՝ մեկ ամսում մոտ 5-6 կիլոգրամ. «Ամեն առավոտ պայուսակով սնունդ ստանալը հետաքրքիր ու հարմար տարբերակ է, շատ էի լսել, որոշեցի ինքս փորձել։ Գայանե Շահխաթունու օգնությամբ սննդակարգս կանոնավորել եմ, փորձում եմ ամեն օր նույն ժամերին սնվել, նաեւ զուգահեռ մարզվում եմ։ Ինքս մսակեր եմ, բայց ճարպոտ սննդի փոխարեն օգտագործում եմ հավի եւ հորթի միս։ Այն մարդիկ, որ վաղուց ինձ չեն տեսել, զարմացել են, որ այսքան նիհարել եմ»։

Գայանեն նախատեսում է շարունակել անվճար դասընթացներն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն դիետոլոգներին դիմելու հնարավորություն չունեն. «Կարեւոր է զերծ մնալ վնասակար արագ սննդից։ Ճիշտ սնվելը կախված չէ տարիքից, բոլորը պետք է հետեւեն իրենց սննդին ու աստիճանաբար անցնեն առողջ ապրելակերպին։ Սեմինարին կքննարկենք մանրամասները՝ նշելով, թե ինչպիսի ճանապարհներ պետք է անցնել, որպեսզի սահուն եւ ճիշտ քայլերով հասնեն այն կետին, որին ցանկանում են: Անհրաժեշտ է գիտակցել, որ քաշի անկումը հաճելի գործընթաց է, որը պետք է ապրելակերպ դարձնել: Դասընթացի տեւողությունը կլինի 1-ից 2 ժամ, ցանկալի է, որ ներկա գտնվողներն իրենց հետ ունենան ֆիքսող սարքեր կամ թուղթ եւ գրիչ: Այս հարցում կարեւոր է նաեւ հոգեբանական կողմը, հենց այդ խնդիրների մասին էլ կբարձրաձայնեմ հաջորդ սեմինարի ընթացքում»։