Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-10-2017
Մեկ գույնի գաղափարախոսությունը՝ հայկական նորաձեւության մեջ
Հոկտեմբերի 3-ին «Avenue by L'Orange»-ում կազմակերպվեց հայկական նորաձեւության ոլորտում «Just Black» նոր կոնցեպտուալ բրենդի առաջին հավաքածուի ցուցադրությունը:



«Just Black» բրենդը 2017 թ. հիմնադրվել է Գայանե Մանուկյանի կողմից, ում համար ոգեշնչման աղբյուրը սեւն է, որը համախմբում է բնության բոլոր գույները՝ առաջացնելով տարաբնույթ զգացմունքներ: Բրենդի ստեղծարար թիմի նպատակն է սեւ գույնը մատուցել նորովի եւ փոխել գույնի մասին ընկալումներն ու կոտրել առկա կարծրատիպերը: 



«Վաղուց ունեի նման գաղափար: Սեւը՝ որպես փիլիսոփայություն, իր մեջ ամեն ինչ ներառող գույն, ինձ միշտ ոգեշնչել է: Կարծրատիպը, թե սեւը տխրության, մռայլության խորհրդանիշ է, ցանկացել եմ միշտ կոտրել եւ հայերին սեւ հագնելիս դրական տեսնել»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Գայանե Մանուկյանը:



Նրա խոսքով՝ հագուստները հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն հարթակի միջոցով: Առաջիկայում նախատեսվում է ունենալ նաեւ շոուռում: 

«Just Black» նոր բրենդի առաջին ցուցադրության ժամանակ ներկայացվեց 42 լուք: Միջոցառմանը ներկա էին շոու բիզնեսի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դիզայներներ, գործարարներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, նորաձեւության բլոգերներ:



«Just Black»-ը հայկական նորաձեւության մեջ այն առաջին բրենդն է, որը ներկայանում է ամբողջապես եւ բացառապես սեւի տարբեր երանգների լուքերով՝ հագուստից մինչեւ աքսեսուարներ՝ նախատեսված տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար:



Բրենդի գաղափարախոսությունն է, օգտագործելով սեւի խորհրդավոր եւ ուժեղ երանգները, միավորել անցյալը, ներկան ու ապագան: Կրելով այս գաղափարախոսությունը՝ «Just Black» բրենդի ստեղծարար թիմը հավաքածուի մեջ դետալային անդրադարձ է կատարել հայի ազատատենչ ու պայքարող ոգուն, որի հիման վրա ստեղծվել է «Պատրոնդաշ» շարքը եւ «Ավրորա» նախագիծը, որին ի պատիվ՝ հավաքածուն ներառում է համանուն միակ սպիտակ զգեստը՝ որպես հայի ինքնության վերածննդի եւ նոր սկզբի խորհրդանիշ:

«Just Black» բրենդը ծնվել է Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորում եւ ներկայացնում է մեր մայրաքաղաքի տրամադրությանն ու ճաշակին բնորոշ քաղաքային լուքեր: