Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-10-2017
Ջիբրալթարին կարողացանք հաղթել, իսկ Ավստրրիային կկարողանա՞նք
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը տնային խաղում դժվարին հաղթանակ տոնեց Ջիբրալթարի հասակակիցների հետ խաղում:

Երեք ամիս առաջ Ջիբրալթարում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը կարողացել էր մրցակցի դարպասը 3 անպատասխան գնդակ ուղարկել, սակայն տանը Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմի համար ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, ինչը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների՝ նպաստավոր դիրքերից վրիպելու, եւ, իհարկե, մրցակցի պաշտպանության ամրության պատճառով էր:

Երկրորդ կեսում էլ Հայաստանի հավաքականը փորձում էր նախաձեռնություն դրսեւորել, գրոհել հնարավորության սահմաններում, սակայն մշտապես չէ, որ արագությունը բավարարում էր: 54-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գրոհ ձեռնարկել, սակայն Ջիբրալթարի ընտրանու պաշտպանությունը վնասազերծեց այն կանոնների խախտմամբ:

Գլխավոր մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց թիմի ավագը՝ Պետրոս Ավետիսյանը: Հետագայում Հայաստանի հավաքականն ուներ մրցակցի դարպասը գրավելու լավ պահեր, ու հատկապես ավելի վտանգավոր էին ստացվում ստանդարտ իրավիճակների արագ խաղարկումը, սակայն դարպասի նոր գրավում չարձանագրվեց. Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը հաղթեց, իսկ Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ չէր արդյունքից, քանի որ տանը թիմն ավելի վատ էր խաղացել:

«Մենք ավելի լավ խաղացինք, քան ամիսներ առաջ: Այս մրցաշարին մենք առաջին անգամ ենք մասնակցում, այնպես որ կարողացել ենք բարելավել խաղը: Մրցակցի դեպքում էլ է բարելավում նկատվում: Թիմն ունի արագավազ խաղացողներ, ովքեր կարողանում են փոխել խաղի ելքը»,- խաղից հետո նշեց Աարոն Ասքեսը՝ Ջիբրալթարի Մ21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը:

Առջեւում Ավստրիայի ընտրանու հետ հանդիպումն է, որից առաջ անելիքներ շատ կան: Այդ մասին խաղից հետո խոսեց նաեւ Արթուր Ոսկանյանը՝ Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը. «Պարզ է, որ ավստրիացիների հետ այսպիսի խաղով չենք կարողանա հաջողության հասնել: Պետք է բարելավել խաղը թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման օղակներում: Անհրաժեշտ կլինի օգտագորտել մրցակցի բաց թողած օղակները, իսկ դրան հասնելու համար պետք է ավելի արագ շարժվել խաղադաշտում»:

Հոտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Ավստրիա հանդիպումը լիովին այլ սցենար կունենա: Պաշտպան Արթուր Քարտաշյանը վստահ է դրանում. «Պետք է հաղթել, ու պարտադիր պետք է ավելի լավ խաղ ցուցադրել, քանի որ մրցակիցն անհամեմատ ավելի ուժեղ է լինելու»:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո վաստակած 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն հիմնական մրցակիցների համեմատ ավելի շատ խաղեր է անցկացրել: