Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Ծովինար Կոստանյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 05-10-2017
Կայացավ Երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումը
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կողմից կազմակերպվող Վեցերորդ հայ-ռուսական համառեգիոնալ ֆորումի շրջանակում կայացավ Երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումը, որը կրում է «Երիտասարդության դերը ժամանակակից աշխարհում» խորագիրը:

Միջոցառումներն այս տարի անցկացվելու են Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային ֆորումին զուգահեռ:

Երիտասարդական ֆորումն ուղղված է Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության համախմբմանը, եվրասիական ինտեգրման գաղափարների եւ արժեքների առաջխաղացմանը: Վերոհիշյալ միջոցառումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ կազմակերպում է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան:

Հիմնական կազմակերպչական գործընկեր է «Հայ-ռուսական երիտասարդական միասնությունը»:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկան «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը եւ այլք: 

Արամ Սաֆարյանը մասնավորապես նշեց այդ եւ նմանօրինակ ֆորումների կարեւորության մասին: Նրա խոսքով՝ երիտասարդների համար դա կարեւոր հարթակ է՝ ներուժը ցույց տալու, ինքնադրսեւորվելու եւ մասնագետների կարծիքները լսելու, կիրառելու համար:

Թամարա Թորոսյանն էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անունից ողջունեց մասնակիցներին՝ նշելով, որ ֆորումը մի հարթակում է հավաքել երկու երկրների տաղանդավոր երիտասարդների, ովքեր քննարկում են երկու երկրների համար մեծ կարեւորություն ներկայացնող հարցեր: 

«Սա, անխոս, նոր հիմք է՝ էլ ավելի զարգացնելու երկու երկրների միջեւ առկա փոխգործակցության շրջանակները»,-նշեց Թամարա Թորոսյանը եւ հավելեց, որ այդ համագործակցությունն ուղղված կլինի երկու երկրների տարբեր ոլորտների զարգացմանը: 

ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, փաստեց՝ յուրաքանչյուր երիտասարդի կյանքում գալիս է մի պահ, երբ նա հասկանում է, որ պետք է առավել կրթվի ու զարգանա. «Այս ֆորումը, անխոս, լավ հնարավորություն է գաղափարներն ու նպատակները իրականացնելու առումով: Շատերն առաջին անգամ են մասնակցում, շատերը՝ երկրորդ, իսկ ոմանք էլ՝ երրորդ, սակայն հավատացնում եմ, որ ոչ վերջին անգամ, քանի որ դեռ շատ համատեղ աշխատանքներ ու նախագծեր կան, որոնք պետք է միասին իրականություն դարձնել»: 

Հավելենք, որ ֆորումի շրջանակում անցկացվեց լիակազմ նիստ` Ռուսաստանի եւ Հայաստանի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ հասարակության կարծիքի, բիզնես-կառուցվածքների առաջնորդների մասնակցությամբ թեմատիկ սեկցիաներ: Լիակազմ նիստի ընթացքում քննարկվեցին Եվրասիական տնտեսության միության երկրների միասնական տեղեկատվական տարածության ստեղծման արդյունքները եւ զարգացման միտումները, եվրասիական ինտեգրման հումանիտար կողմերը, թվային տնտեսությունը, կադրերի պատրաստման ժամանակակից պահանջները, եվրասիական տարածության աշխատուժը եւ այլ կարեւոր հարցեր: 

Ֆորումի շրջանակում անցկացվեց նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության հումանիտար ու մշակութային համագործակցության ոլորտի նորարարական գաղափարների մրցույթ:

Երեկոյան ֆորումի մասնակիցները հանդիպեցին ոչ պաշտոնական պայմաններում՝ արդեն լիցքաթափվելու եւ շփվելու համար: