Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 06-10-2017
Բրիտանական խորհուրդը 15 տարեկան է
Հոկտեմբերի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության պատկերասրահում կայացավ Բրիտանական խորհրդի 15-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենը եւ ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ:

Բրիտանական խորհուրդը հնարավորություններ եւ փոխվստահություն է ստեղծում Միացյալ Թագավորության եւ այլ երկրների մարդկանց համար: Ամեն տարի խորհուրդն աշխատում է միլիոնավոր մարդկանց հետ` հաղորդակից դարձնելով նրանց Միացյալ Թագավորության ամենագրավիչ բնագավառներին` անգլերեն, արվեստ, կրթություն եւ հասարակություն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ իրենց համար այսօր կարեւոր օր է. «Մեր գրասենյակը 15 տարեկան է, մենք բավական երիտասարդ ենք որպես գրասենյակ, իսկ ընդհանրապես Բրիտանական խորհուրդն ութսուն եւ ավելի տարիների պատմություն ունի: 15 տարիների ընթացքում բավականին ձեռքբերումներ ենք գրանցել՝ համագործակցելով պետական եւ մասնավոր կառույցների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հետ»:

Խոսելով նախագծերի մասին՝ հարկ է նշել, որ խորհրդի մեծ նախագծերից է «Կանդուկո» ներառական պարային խումբը։ Հաշմանդամություն ունեցողներին պարի ու թատրոնի միջոցով վստահություն ներշնչելու եւ իրենց ներուժի դրսեւորումը խրախուսելու փորձից ոգեշնչված` Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը: Նախագծի նպատակն է Հայաստանում հիմնել առաջին ներառական, թատերական եւ պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող եւ չունեցող արվեստագետներից: 

Հարկ է նշել, որ այս տարիների ընթացքում ավելի քանի 500 000 մարդ ներգրավված է եղել Բրիտանական խորհրդի մշակութային ծրագրերում, հիմնադրվել է «Ֆորում» թատրոնը, Փոքր թատրոնին կից էլ՝ առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շնորհիվ էլ Հայաստանում զարգացում է ապրել սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը: 

Խորհուրդը մեծ ներդրում է ունեցել նաեւ կրթական ոլորտում, ինչի մասին էլ խոսեց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Բրիտանական խորհրդի դերն ու նշանակությունն  անասելի է։

Հավելենք, որ Հայաստանում Բրիտանական խորհուրդն իր աշխատանքը սկսել է 2001 թվականից: Գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով խորհուրդը փորձում է ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ եւ համագործակցության հնարավորություններ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջեւ: 

Պատկերասրահ՝ Բրիտանական խորհրդի 15-ամյակը