Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արեւիկ Առուստամյանի
Տեղադրվել է 08-10-2017
Էդգար Հարությունյան. «Եթե հոգիդ, սիրտդ դատարկ են, ապրում ես՝ ոչինչ չստեղծելով»
Գրադարանավարի օրվան ընդառաջ՝ հոկտեմբերի 6-ին Ավանի թիվ 1 գրադարանում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ գրող Էդգար Հարությունյանի հետ:

Ընթերցողները խոսեցին գրքերից ստացած տպավորությունների մասին, քննարկեցին ստեղծագործությունները, հարցեր ուղղեցին հեղինակին: Էդգար Հարությունյանը իրեն գրող չի համարում, սակայն գրադարանում վստահեցնում են, որ նրա գիրքը իրենց մոտ չի մնում, անգամ պահարանում չեն էլ տեղավորում. գիտեն՝ շուտով գալու են՝ վերցնեն:

Հեղինակը պատմում է՝ գիրք գրելու մտադրություն սկզբում չի ունեցել. «Տվյալ շրջանի իմ զգացմունքները, հոգեկան ապրումները հանձնում էի թղթին, ավելի ճիշտ՝ հրապարակում  «Ֆեյսբուք»-ում: Լուսանկարչական էջումս էլ շատ հետեւորդներ ունեի, եւ այնպես ստացվեց, որ դրական արձագանքներ ստացա: Եվ առաջացավ այդ ամենը հավաքելու եւ որպես գիրք ներկայացնելու միտքը, մանավանդ դպրոցական տարիներին երազում էի գրող դառնալ, ստեղծագործություններիս հատորներն էլ շարվեին դարակներում, ինչպես Րաֆֆունը»: 

Էդգար Հարությունյանը խոսեց նաեւ իր ներշնչանքի մասին. «Ինչ-որ ես գրել եմ ու գրում եմ, ինչ լավ է ստացվում, լինում է այն ժամանակ, երբ իմ կյանքում ծանր շրջան է սկսվում՝ հոգեկան, ֆինանսական եւ այլն: Սակայն գրելու մղիչ ուժը միշտ էլ սերն է լինում: Եթե հոգիդ, սիրտդ դատարկ են, ապրում ես՝ ոչինչ չստեղծելով»: 

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գիրքը հրատարակվել է 6 անգամ՝ ընդհանուր 4000 տպաքանակով: Էդգար Հարությունյանը երբ առաջին անգամ ցանկանում էր տպագրել 2000 օրինակով (2015 թ.), իրեն փորձում էին համոզել, որ հնարավոր չէ Հայաստանում այդքանը վաճառել:

«Փաստերով, թվերով վախեցրին, տպաքանակն իջեցրինք մինչեւ 1500-ի: Հուլիսին տպագրեցի, մինչեւ տարեվերջ արդեն սպառվել էր»,- ասաց հեղինակը:

«Չգտնված երիցուկներ»-ը եւս տպագրվել է 4000 օրինակով եւ դարձել ամենավաճառված գրքերից մեկը: Հանդիպման ավարտին հեղինակն իր գրքերը նվիրեց գրադարանին:

Էդգար Հարությունյանը երիտասարդ ստեղծագործող է, լուսանկարիչ, արշավական: Նրա «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին», «Չգտնված երիցուկներ» գրքերը մի քանի անգամ գլխավորել են երեւանյան բեսթսելերների շարքը: