Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 09-10-2017
«Երկուսով». կայացավ երկար սպասված համերգը
Ծագումով ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովայի երեւանյան մենահամերգը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Երկուսով» խորագիրը կրող համերգի ընթացքում Նարգիզը հիացրեց իր էներգետիկայով ու հուզիչ կատարումներով։ Համերգի ընթացքում ռուսական «Ձայնը» նախագծից մեզ հայտնի երգչուհին կատարեց իր հիթերը, հայտնի երգերի քավերները եւ Մաքսիմ Ֆադեեւի ստեղծագործություններից։

Միջոցառման առաջին րոպեներից դահլիճում տիրում էր  աննկարագրելի մթնոլորտ։ Երգչուհու զգացմունքային կատարումները հաճույք պատճառեցին ներկաներին։

Երգչուհին հայերենով ողջունեց հանդիսատեսին ու խոստովանեց, որ իր համար մեծ անակնկալ էր, երբ տեղեկացրել են, որ համերգից դեռ օրեր առաջ են բոլոր տոմսերը սպառվել։ Դա երգչուհու երկրորդ այցն էր. նա առաջին անգամ Հայաստան է այցելել, երբ դեռ 4 տարեկան էր․«Ես փոքր էի, երբ մայրիկս ինձ իր հետ Հայաստան բերեց: Շնորհակալ եմ ձեզ իմ կողքին լինելու ու ինձ այս բեմում երգելու հնարավորություն տալու համար: Անչափ հուզված եմ հիմա եւ ուզում եմ ասել, որ սա ինձ համար հարգանքի մեծ դրսեւորում է»,- ասաց երգչուհին՝ նշելով, որ զգում է ներկաների սերն ու հարգանքը։ 

Ինչպես համերգի ընթացքում ընդգծեց Նարգիզը,  համերգն իր համար ոչ միայն հանդիպում է երկրպագուների հետ, այլեւ ջերմ, մտերմիկ ու իսկական հայկական երեկույթ։

Պատկերասրահ՝ Նարգիզ Զակիրովայի երեւանյան մենահամերգը