
Այն կազմակերպվել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Միջոցառման շրջանակում հոկտեմբերի 10-ին եւ 11-ին տեղի կունենա «Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմի ցուցադրությունը, որը ներառում է «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» եւ «Զգալով Պիացցոլային» վավերագրական ֆիլմերը:
ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ողջունեց ներկաներին եւ մեծ ուրախությամբ խոսեց Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունների մասին:
«Հայաստանն ու Արգենտինան 25 տարի առաջ դրեցին իրենց դիվանագիտական հարաբերությունների հիմքերը, որոնք այսօր արդեն ամուր եւ կայուն, բարեկամական, եղբայրական հարաբերությունների են վերածվել»,- նշեց դեսպանը եւ բոլորին մեծ սիրով հրավիրեց մասնակիցը դառնալու այդ հիանալի իրադարձությանը:
Արգենտինական տանգոյի շաբաթը, սակայն, ֆիլմերի ցուցադրությամբ չի սահմանափակվի: Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, որին կմասնակցեն նաեւ արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն:
Շաբաթվա վերջում էլ արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. տանգոյի բացօթյա համերգ, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, եւ վարպետության դաս բոլոր ցանկացողների համար: