Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-10-2017
«Նորարարությունների կառավարում». մեկնարկը՝ հոկտեմբերի 23-ից 26-ը
Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման եւ նեդրումների նախարարության «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի» եւ «Երիտասարդ նորարարների եւ գիտնականների ասոցիացիա» ՀԿ-ի համատեղ ուժերով կազմակերպվող «Նորարարությունների կառավարում» երրորդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցի (ս.թ. հոկտեմբերի 23-26, ք. Ծաղկաձոր) գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս:

Բանախոսներ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն, ՀՀ ԳԱԱ երիտասարդական գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկության, համակարգերի նախագծման եւ արժեքի գնահատման ոլորտներում բազմամյա դասավանդման փորձ ունեցող Մարի-Հրաչուհի Պօղոսեանը եւ «Համայնքների զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Սարգսյանը խոսեցին դպրոցի գործունեության եւ տարվող աշխատանքների մասին:

Գեւորգ Վարդանյանը, ներկայացնելով դպրոցի գործունեությունը, նշեց, որ 2015 թվականից ի վեր 3-րդ տարին անընդմեջ իրականացվող «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական գիտական դպրոցը «Նորարար դպրոց» երկարաժամկետ ծրագրի մեկնարկ է հանդիսանում: 



«Այս ամենի նպատակն է խրախուսել նորարարական ձեռնարկատիրության ոլորտում մարդկանց ներգրավումը եւ մասնակցությունը, բիզնեսի հմտությունների զարգացումը, նորարարական բիզնես գաղափարներին աջակցելը, այդ գաղափարների առեւտրայնացումը, ինովացիոն նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտացված կադրերի բազայի ստեղծումը, տնտեսական առանձին ինովացիոն ոլորտներում առկա մասնագիտական եւ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի բավարարումը»,- նշեց Գեւորգ Վարդանյանը: 

Նրա խոսքով՝ դպրոցին կմասնակցեն մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ, սկսնակ ձեռներեցներ եւ նորարարներ Հայաստանից, Արցախից, ԱՊՀ եւ Արեւելյան գործընկերության երկրներից: Ինովացիոն մենեջմենթի եւ նախագծերի կառավարման ոլորտի հայ եւ արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների կողմից կանցկացվեն սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր:

Մարի-Հրաչուհի Պօղոսեանը, խոսելով կադրերի պատրաստման մասին, փաստեց. «Անշուշտ, մենք պատրաստում ենք կադրեր, որոնց տալիս ենք այնպիսի միջավայր, որպեսզի նրանք կարողանան կիրառել իրենց հմտությունները, աշխատել: Եվ նպատակը հենց այն է, որ նրանք աշխատեն երկրի ներսում՝ Հայաստանում, քանի որ մենք ունենք բոլոր տվյալները նորարար դառնալու եւ առաջ գնալու համար: Շատ կարեւոր է, որ երիտասարդ գիտաշխատողները հասկանան, որ ոչ թե գիտելիքը պետք է ստանալ եւ տեղավորվել ուրիշ միջավայրերում, այլ հենց Հայաստանում իրենք ստեղծեն այդ ցանկալի մշակույթը»:



«Համայնքների զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Սարգսյանն էլ, ով նաեւ ունի բիզնես կարողությունների զարգացման, համայնքների տնտեսական զարգացման, կազմակերպությունների զարգացման, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների եւ ռազմավարական գործընթացների նորարարական կառավարման եւ հարակից ոլորտներում տեղական, միջազգային ֆորմալ, ոչ ֆորմալ բազմամյա գիտագործնական փորձ, ընդգծեց, որ մեր իրականության մեջ մենք կարող ենք պարզ մոդելներով եւ մատչելի ձեւով մեր սերնդին բացատրել նորարարության ողջ իմաստը, նրանց ներգրավել այդ գործընթացներում, որպեսզի կարողանան այլ հայացքներով, այլ մոտեցումներով ու ստեղծագործական մտքերով մոտենան իրենց նախաձեռնություններին, որոնք առաջին հերթին մեծ օգուտ կտան հենց մեր երկրին: 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից հովանավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի», ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ: