Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-10-2017
«Իմ տատիկը, իմ պապիկը» շարադրությունների մրցույթի հաղթողների անուններն արդեն հայտնի են
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր ամփոփվեցին «Mediamax»-ի հետ իրականացված «Իմ տատիկը, իմ պապիկը» շարադրությունների մրցույթի արդյունքները:


Մրցույթն անցկացվում է 2015 թվականից՝ տարբեր խորագրերով: Վիճակագրության համաձայն՝ այս տարի ստացվել են շարադրությունների աննախադեպ մեծ հայտեր՝ 315, մինչդեռ 2015-ին եւ 2016-ին համապատասխանաբար՝ 122 եւ 106 շարադրություն: 


ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ օրն իսկապես նշանակալից է, քանի որ այսօր համատեղել են Տարեցների միջազգային օրը (հոկտեմբերի 1) եւ Աղջիկ երեխաների միջազգային օրը (հոկտեմբերի 11): 

 
«Մենք իսկապես շատ ուրախ ենք «MediaMax»-ի եւ մեր համագործակցության համար: Տատիկների ու պապիկների դերը մեր կյանքում շատ կարեւոր է: Յուրաքանչյուրս ունենք հիշողություններ՝ նրանց հետ կապված: Այս տարվա խորագրի ներքո ստացված շարադրությունների մեծ թիվը փաստում է այն մասին, որ տատիկներն ու պապիկները իսկապես կարեւոր դեր ունեն մեր կյանքում»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:


 
«MediaMax»-ի տնօրեն Արա Թադեւոսյանն իր հերթին փաստեց, որ մրցույթն իրականում շատերին արտահայտվելու հնարավորություն տվեց, շատերը կարողացան ասել չասված խոսքեր: 



«Ի վերջո, մեր նախագծի նպատակը հենց արտահայտվելու հնարավորություն տալն էր, որը շատերը չունեին»,- նշեց Արա Թադեւոսյանը:



«Իմ տատիկը, իմ պապիկը» շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչվեցին.

1. Կարինա Մանուչարյանը
2.Աղասի Հունանյանը
3. Անահիտ Ադամյանը