Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գեւորգ Աֆրիկյանի ֆեյսբության էջից
Տեղադրվել է 12-10-2017
«Հաջողության գրավականը». տաղանդավոր եւ չհանձնվող երիտասարդ, ում իրական մասնագիտությունը դժվար է կռահել
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է հայ երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Նրանցից շատերին ճանաչում են, իսկ ոմանց` ոչ: Այս անգամ անդրադարձել ենք Գեւորգ Աֆրիկյանին, ում իրական մասնագիտական կողմնորոշվածությունը դժվար է միանշանակ ասել:

Գեւորգը 27 տարեկան է, ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, աշխատել է որպես պատմության ուսուցիչ, մատուցող, մենեջեր, սրճարանային ցանցի ղեկավար, իսկ այժմ` առեւտրային ծրագրի ղեկավար: 

Պատմության հանդեպ հետաքրքրություններն ու մանկավարժական գործունեությունը... 

Պատմության հանդեպ հետաքրքրություն ունեցել եմ դեռ մանկուց, քանի որ իմ ընտանիքում պատմություն առարկան կարեւոր դիրք է ունեցել: Արդեն դպրոցական տարիքում առավել գիտակցաբար տարվեցի պատմություն առարկայով եւ հետագայում գիտելիքներս այդ բնագավառում խորացնելու որոշում կայացրի: Այդպես էլ եղավ, ընդունվեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետ եւ մեծ խանդավառությամբ շարունակեցի ուսումս: Համալսարանն ավարտելուց հետո բախտ ունեցա որպես մանկավարժ աշխատել Ստեփան Շահումյանի անվան N 1 դպրոցում: Այդ ժամանակահատվածը թերեւս կարճ տեւեց, բայց եւ այնպես ես մեծ բավականություն ստացա:



Մատուցողից ցանցի ղեկավար եւ առեւտրային ծրագրի մասնագետ. անցման փուլերը…

Դեռ դպրոցական տարիներին ես մտադիր էի ինքս հոգալ իմ կարիքները. այդպես էլ եղավ: Համալսարանում սովորելու հետ մեկտեղ աշխատանքի ընդունվեցի «Սեգաֆրեդո» սրճարանում` որպես մատուցող: Ի սկզբանե մտադիր էի աշխատել մինչ ուսմանս ավարտը` զուտ գումարի համար, սակայն ժամանակի ընթացքում ես առավել խորացա սպասարկման ոլորտի մեջ, գնալով կատարելագործվեցի, ձեռք բերեցի մեծ բազա այդ ոլորտում: Արդյունքում իմ աշխատանքը նկատեց սրճարանի ղեկավարությունը եւ առաջարկեց աշխատել որպես մենեջեր: Ես սիրով ընդունեցի այդ առաջարկը` ստանձնելով առավել մեծ պատասխանատվություն: Հետագա տարիների ընթացքում ես կարողացա արդարացնել իմ ղեկավարության սպասելիքները` ստանալով մի շարք մրցանակներ եւ պատվոգրեր: Այդ ամենին զուգահեռ՝ ես շարունակում էի ուսումս: Երբ ավարտեցի, «Սեգաֆրեդո»-ի տնօրինության կողմից առաջարկ ստացա մասնակցելու մասնաճյուղի ղեկավարի պաշտոնի համար անցկացվող մրցույթին: Այդ առաջարկը ես մեծ ուրախությամբ ընդունեցի եւ ներդրեցի իմ ամբողջ ներուժը` դրական արդյունքի հասնելու համար: Մրցույթը տեւեց 45 օր: Ես կարողացա հաղթահարել բոլոր փորձությունները: Որպես մասնաճյուղի ղեկավար` աշխատել եմ 2 տարի 7 ամիս: Այդ տարիներին առավել խորացա այդ ոլորտում, ձեռք բերեցի մեծ փորձ եւ հմտություններ, որոնք ես կիրառում եմ նաեւ անձնական կյանքում: Ընդհանուր առմամբ, սպասարկման ոլորտում աշխատելով 7 տարի՝ տնօրինության կողմից ստացա եւս մեկ անակնկալ առաջարկ, ինչը նորից սիրով ընդունեցի: Այժմ աշխատում եմ «ՖԻԳԱՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գրասենյակում` որպես առեւտրային ծրագրի մասնագետ:

Սպասարկման ոլորտում աշխատեու կարեւոր դրույթները` ըստ Գեւորգի…

Սպասարկման ոլորտում միանշանակ կարեւոր պայմանը հաճախորդի հետ ճիշտ շփումն է: Խելացի տնօրենները մեծ ներդրում են կատարում իրենց մատուցողներին կատարելագործելու ուղղությամբ: Եթե մատուցողն ունակ է ապահովել ճիշտ շփում հաճախորդի հետ, ուրեմն տվյալ բիզնեսը հաջողված է:



Քաղցրավենիք եւ տորթերի պատրաստում, արծաթե մեդալի նվաճում…

Տորթերի եւ առհասարակ քաղցրավենիք պատրաստելու հանդեպ սերն իմ մեջ առաջացել է առավել հասուն տարիքում: Հեռուստացույց էի նայում, պատահաբար միացրեցի միայն խոհանոցի վերաբերյալ ալիք, որով հրուշակագործների մրցույթ հաղորդաշար էր հեռարձակվում: Այդ օրվանից սկսեցի ակտիվ հետեւել այդ հաղորդաշարին ու աստիճանաբար ինքս սկսեցի փորձել: Սկզբում շատ բաներ չէին ստացվում, բայց ես հուսահատվել չեմ սիրում: Այնքան էի փորձում, մինչեւ ստացվում էր: Ինչպես ասում են` կարեւորը ցանկությունն է: Ես ինքս եմ սովորել քայլ առ քայլ եւ դեռ սովորելու շատ բան ունեմ: Եթե գործդ սիրով ես անում, ապա կհասնես հաջողության: Այս «համեղ» գործով զբաղվում եմ արդեն 2 տարի: Վերջերս անգամ մրցույթի մասնակցեցի եւ զբաղեցրի մրցանակային երկրորդ հորիզոնականը, ստացա արծաթե մեդալ եւ պատվոգիր: 

Ամենայուրահատուկ պատվերը…

Ամենայուրահատուկ պատվերն ինձ համար եղել է իմ առաջին տորթի պատվերը: Պատրաստել էի տորթ-խաղադաշտ: Անհամբերությամբ սպասում էի արձագանքներին եւ, բարեբախտաբար, ստացա բազում դրական արձագանքներ: Ինձ համար կարեւոր պայման է, որ իմ հաճախորդները հավանեն ե՛ւ տորթի արտաքին տեսքը, ե՛ւ համը: 



Ի վերջո, ո՞րն է իրական մասնագիտությունը…

Ինձ համար դժվար է առանձնացնել կոնկրետ մեկ մասնագիտություն: Կյանքի տարբեր փուլերում ես տարբեր մասնագիտություններ եմ ձեռք բերել: Ես սիրում եմ փոփոխություններ եւ ձգտում նոր ձեռքբերումների: Միգուցե հետագայում եւս մեկ մասնագիտություն ձեռք բերեմ:

Գեւորգ Աֆրիկյանի հաջողության գրավականը…

Հաջողության հասնելու համար պետք է պայքարել եւ երբեք չնահանջել: Այդ պայքարի ընթացքում բացահայտում ես ինքդ քեզ եւ առավել վստահ ես լինում քո ուժերի վրա: Ուստի, եթե ունես նպատակ, ապա հետապնդի՛ր նպատակիդ եւ իրականացրո՛ւ: