Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-10-2017
Գրիգոր Նարեկացի. Մալկովիչի երեւանյան համերգի ինքնատիպ անակնկալը
Աննախադեպ, բացառիկ, յուրահատուկ. որակումների այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Բեմում հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչն է, հնչում է Նարեկացի: Ու կարծես թե ամեն ինչ ասված է…

Երբ օգոստոսին «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքի վրա կախվեց Ջոն Մալկովիչի նկարով պաստառ՝ «Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոն» մակագրությամբ, շատերը չգիտեին՝ ինչ է անելու լեգենդը հայաստանյան բեմում: Ենթադրությունները բազմաթիվ էին՝ որեւէ գործիք նվագելուց մինչեւ երգել: Կարճ ժամանակ անց հայտարարվեց՝ Մալկովիչը հանդես է գալու որպես ասմունքող: Միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ էր:

…Հոկտեմբերի 11-ին տրվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ Լեփ-լեցուն դահլիճը, շունչը պահած, սպասում է՝ երբ է լեգենդը հայտնվելու բեմում: Մալկովիչն արդեն իսկ հանդես էր եկել ասուլիսով, հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եղել Մատենադարանում, շրջել Կասկադում: Հերթը հայ հանդիսատեսի հետ հանդիպումն էր: 

Բեմում փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Երեկոյի մեկնարկին հնչում է Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարայինների եւ գոսերի համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի): 

Հետո մի պահ դահլիճում տիրում է մթություն. բեմում հայտնվում է դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան՝ զանգը ձեռքին: Հաջորդ մտնողը դերասան Ջոն Մալկովիչն է: Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացնում է արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» վեպի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին՝ հայերեն թարգմանությամբ)։ 

Ինքնատիպ ելույթին հաջորդում է խոստացված անակնկալը: Հոլիվուդի լեգենդը հայաստանյան բեմում ներկայացնում է հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում է ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։ 

Ջոն Մալկովիչը եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. նրանք համատեղ 2015 եւ 2016 թվականներին հանդես են եկել Սեուլում եւ Բուենոս Այրեսում։ Սերգեյ Սմբատյանի ջանքերով էլ հայաստանցիները աշխարհահռչակ դերասանի արվեստին շփվելու հնարավորություն ունեցան։

 Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցումն ի սկզբանե նախատեսված չէր: 

«Երբ քննարկում էինք, թե ինչը կարող է Հայաստանի համար բնորոշ լինել, ես Ջոնին ասացի` շատ կցանկանայի, որ Նարեկացի կարդաս, ներկայացնես, եւ շատ ոգեւորվեցի, երբ պարզվեց, որ Ջոնը շատ լավ գիտի Նարեկացուն։ Նա նույնիսկ գիտեր, թե որ հատվածը պետք է ներկայացնի: Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի եւ երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- նշում է Սերգեյ Սմբատյանը։

Մալկովիչի ու նվագախմբի ելույթը տպավորում է հայ հանդիսատեսին. հաջորդում են հոտնկայս ու անվերջ ծափահարությունները: Մալկովիչը գերել է հայ հանրության սիրտը: 

Պատկերասրահ՝  Ջոն Մալկովիչը Հայաստանում