Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-10-2017
Կայացավ Երեւան-Մասիս հեծանվային տուրը
Արարատի մարզի Մասիս քաղաքում առողջ ապրելակերպի եւ հեծանվային մշակույթի տարածման նպատակով Մասիսի զարգացման հիմնադրամը եւ Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան կազմակերպել էին հեծանվային մարզական եւ զբոսաշրջային տուր՝ Երեւան-Մասիս-Երեւան երթուղով (16 կմ x 2): Տուրի մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից:



Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ֆեդերացիայի խնդիրը հեծանվասպորտը եւ հեծանվային զբոսաշրջությունը զարգացնելն է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ այն քաղաքներում, մեծ ու փոքր համայնքներում, որտեղ իսկապես կա զարգացման մեծ պոտենցիալ: 



«Առաջին նախաձեռնության մեկնարկը որոշեցինք տալ Մասիս քաղաքից: Առաջարկը մեծ ոգեւորությամբ ընդունվեց Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից: Եվ այսօր կազմակերպել ենք հեծանվային մեծ տուր դեպի Մասիս: Կբացվի եւ այսուհետ կգործի հեծանվային կայանատեղի, որը կրկին կնպաստի հեծանվային երթեւեկության բարելավմանն ու զարգացմանը»,-նշեց Արման Անտոնյանը: 



Նրա խոսքով՝ Մասիսի զարգացման հիմնադրամի եւ Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի միջեւ կնքվելու է համաձայնագիր՝ միտված Մասիսում հեծանվային մշակույթի զարգացմանը եւ առողջ ապրելակերպի տարածմանը: 



Նշենք, որ հեծանվային այդ արշավն ինքնանպատակ չէ, այլ ունի հստակ քարոզչություն՝ «Share the Road / Կիսի՛ր ճանապարհը»: Ճանապարհային այդ նշանը կիրառվում է առաջին անգամ: 



Ինչպես նշեց Արման Անտոնյանը, այդ նշանն այլ տրանսպորտային միջոցների վարորդներին հնարավորություն է տալիս զգուշանալու եւ իրազեկվելու, որ ճանապարհին իրենց հետ կարող է գտնվել այլ տրանսպորտային միջոց, այն է՝ հեծանիվը: 



Ֆեդերացիան ճանապարհային ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ այդպիսով ավելի է թեթեւանում հեծանվային երթեւեկությունը եւ ավելի մատչելի դառնում: