Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Հերոսների անձնական արխիվներից
Տեղադրվել է 16-10-2017
Այսօր Հայ մամուլի օրն է. երիտասարդ լրագրողները՝ հայկական մամուլի մասին
Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։

Լույս է տեսել պարբերականի 18 համար։ Այդ իրադարձության առիթով, ՀՀ Կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ, հոկտեմբերի 16-ը հռչակվել է Հայ մամուլի աշխատակցի օր, իսկ հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր: 

Մերօրյա մամուլում առկա բազմազանությունն իհարկե երբեմն շփոթություն է առաջացնում: Եթե նախկինում թերթերին զուգահեռ գործում էին մի քանի լրատվամիջոցներ, ապա այժմ դրանց թիվը 100-ից ավելի է: Հայկական մամուլում առկա խնդիրներն անզեն աչքով կարելի է տեսնել, թաքցնելն անխուսափելի է, բարձրաձայնելը՝ եւս:

Հայկական մամուլի մասին Eritasard.am-ին իրենց տեսակետներն են հայտնել լրատվական դաշտում հայտնի երիտասարդ լրագրողներ: 


Աստղիկ Հովհաննիսյան («Newspress.am»)

Ըստ իս՝ այդ խնդիրներն ու բացերը շատ են: Առաջնահերթ ինձ հուզում է այն անվստահությունը, որը հասարակությունն ունի հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ (այս առումով հեռուստատեսությունն ու ռադիոն պահում են վստահելիության որոշակի սանդղակ, տպագիր մամուլի մասին որոշ վերապահումներ, այնուամենայնիվ, կան): Այդ անվստահությունը գալիս է ընթերցողների՝ լրատվամիջոցները միմյանցից գրեթե չտարբերակելուց: Հաճախ ենք լսում՝ «ինտերնետում եմ կարդացել», ու եթե հարցնես, թե հատկապես որ կայքում, կդժվարանան պատասխանել: Որքան էլ լավ է, որ լրատվամիջոցները շատ են, առաջին հայացքից մրցակցությունը մեծ է, սակայն դա իր հերթին բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում. խմբագրություններում ներգրավում են ոչ պրոֆեսիոնալների, հրապարակվում են չճշտված տեղեկություններ, էլ չեմ խոսում գրագիտության կամ, ավելի ճիշտ, դրա պակասի մասին: Ասածս բնավ չի նշանակում, թե չունենք պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ: Մեկ այլ խնդիր էլ մի ստվար զանգված լրագրողների քաղաքականացված լինելն է: Լրագրողը փաստեր արձանագրողն է, լավն ու վատը բարձրաձայնողը, քաղաքականից մինչեւ մշակութային խնդիրներ վեր հանողը, հասարակության հարցերը պատգամավորին ու նախարարին հասցնողը, բայց ո՛չ երբեք դիմադիրի կամ ընդդիմադիրի խոսնակը: Մեզ նաեւ պակասում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, չեմ ասի, թե բացակայում է, բայց վերլուծությունները գլխավորապես հիմնված են ենթադրությունների վրա. թվերը, փաստական հիմքերը դրանցում քիչ են: 

Չնայած մատնանշածս խնդիրներին՝ մեր մամուլը բավականին ազատ է այն առումով, որ չքննարկվող-չքննադատվող պաշտոնյաներ չեն մնացել՝ սկսած երկրի առաջին դեմքից: Շնորհավորում եմ գործընկերներիս եւ մաղթում լինել առավել անաչառ, օպերատիվ եւ առավել բարեխղճորեն իրականացնել չորրորդ իշխանության գործառույթը:


Վահե Մակարյան («Հրապարակ» օրաթերթ)

Գլխավոր խնդիրն անպաշտպան լինելն է: Դա արտահայտվում է թե՛ օրենսդրական բացերով, թե՛ հասարակության ու իշխանությունների վերաբերմունքով: Կարեւոր խնդիր է նաեւ մամուլի հետ կապ չունեցող անձանց առկայությունը դաշտում: Պետք է որեւէ կերպ կանոնակարգել այս դաշտը, որպեսզի մակաբույծների պատճառով ամբողջ դաշտը չախտահարվի: Իսկ փոխելու մասով՝ ես փոփոխություններ իրականցնող լիազոր անձ չեմ, սոսկ լրագրող եմ, ուստի փորձում եմ իմ ամենօրյա աշխատանքով այնպես անել, որ իմ օրինակով եւս կարողանամ փոխել մամուլի հանդեպ վերաբերմունքը դեպի լավը: Որքանով է դա ինձ մոտ ստացվում, գնահատականը թող տան ընթերցողները: Արդեն շուրջ վեց տարի է՝ այդ ուղղությամբ աշխատում եմ:  Եթե չեն խանգարում, ապա  ե′ւ լիարժեք դրսւեւորում եմ ինձ, ե′ւ ինքնադրսեւորվում: Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին եւ մեզ՝ բոլորիս, մամուլի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մի օր մեր իշխանությունները լիարժեք գիտակցեն, որ իրապես անկախ մամուլը երկրի անկախությանը հավասար բան է, այն պետք է ատամներով պահել ու փայփայել, քանզի կորցնելը հեշտ է, ձեռք բերելը՝ դժվար:


Սոսե Չանդոյան («Փաստ» օրաթերթ)

Այսօր յուրահատուկ օր է իմ ու բոլորս գործընկերներիս համար, ավելի ճիշտ` տոն է: Տոն, որն աշխատանքային է՝ լեցուն ստեղծագործական եռուզեռով, խիտ էմոցիաներով ու վառ գույներով: Հայ մամուլի տոնի առթիվ չէի ցանկանա խոսել լրագրության բացերի ու շատ հաճախ նկատվող մասնագիտական դեֆորմացիաների մասին: Որպես պրակտիկ լրագրող պարզապես կշնորհավորեմ կոլեգաներիս՝ մաղթելով անսպառ ստեղծագործական միտք, ժպիտներ ու արեւներ: Թող որ դժվարին, բայց միեւնույն ժամանակ հաճելի գործում անպակաս լինեն «խենթերն» ու բարիները: Նրանք յուրահատուկ կոլորիտ են տալիս մեր կյանքին եւ աշխատանքին: Հարցնում եք, թե որպես որպես երիտասարդ լրագրող կարողանում եմ լիարժեք ինքնադրսեւորվել, պատասխանում եմ՝ այո′,   կարողանում եմ, որովհետեւ սիրում եմ աշխատանքս իր բոլոր բացասական ու դրական կողմերով, կարողանում եմ, որովհետեւ ներդաշնակ եմ գործիս ու միջավայրիս: Կիսատության գերի լինելը լրագրողական ոճիս մեջ առհասարակ չի մտնում:


Փայլակ Ֆահրադյան («Araratnews.am», «Armday.am»)

Հայկական մամուլի խնդիրները կարծում եմ կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը ֆինանսական խնդիրներ են: Հայաստանի նման երկրում, որտեղ գովազդային շուկան կայացած չէ մամուլը եւ հատկապես տպագիր մամուլը կանգնած է այդ խնդրի առաջ: Երկրորդ խնդիրն այն է, որ մամուլի նկատմամբ առկա է պետական պաշտոնյայի, քաղաքական էլիտայի բացասական վերաբերմունքը: Նրանցից շատերը պարբերաբար են հայտարարել որ մամուլի ներկայացուցիչներին համարում են մեղմ ասած ոչ յուրայիններ: Ակնհայտ է նաեւ, որ հայկական մամուլի վրա կան ճնշումներ: Փոխելու հետ կապված կարծում եմ մի քանի բառով ներկայացնելը դժվար կլինի: Կան բաներ, որոնք իհարկե փոփոխության կարիք ունեն:

Դրսեւորվել լրագրության ասպարեզում, բնականաբար, շատ դժվար է: Բավականին ճանապարհ պետք է անցնես հաղթահարելու խնդիրները, որպեսզի հմտանաս այս գործում: Իմ ավագ գործընկերներից շատերը եւս կփաստեն, որ ինչ-որ մեկին երկու կցկտուր հարց տվողը դեռ լրագրող չէ: Ցավոք, մեզանում կան այդպիսի անձինք, ովքեր չեն խորանում իրենց ընտրած մասնագիտության նրբության մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ,ապա նախընտրում եմ լռե: Կարծում եմ գործընկերներս ու ընթերցողներն ավելի լավ կասեն ճիշտ էր արդյոք իմ որոշումն ընտրել լրագրողի մասնագիտությունը:

Հայկական մամուլի իմ սիրելի գործընկերներին շնորհավորելով ցանկանում եմ ամենակարեւորը լինեն համարձակ, անաչառ եւ օբյեկտիվ: Չորրորդ իշխանությունը ինքնին ուժ է, սակայն այդ ուժը պետք է ճիշտ եւ թիրախային կիրառվի:


Անի Վարդանյան («Aysor.am»)

Խնդիրներ շատ կան, սակայն ինձ համար առաջնային խնդիրը կոպիտ ասած հիմար վերնագրերով նյութերն են, որոնք բովանդակության հետ բոլորովին կապ չունեն, այլ պարզապես արվում են մի քանի լայք ավել հավաքելու համար: Շատ են նյարդայնացնում նաեւ առանց հղման նյութերը, եւ դա այն դեպքում, երբ դու օրերով, անգամ ամիսներով աշխատում ես, սակայն նյութդ ոչ պատշաճ հղման է արժանում կամ չի արժանանում առհասարակ: Իրականում, շատ բաներ կփոխեի, սակայն միայն իմ փոխելը քիչ է: Ես կարող եմ ինձ փոխել, սակայն լայքամոլ ու նյութագող մարդուն՝ ոչ: Ես աշխատում եմ այնպիսի լրատվամիջոցում, որտեղ խոսքի ազատությունն առաջին տեղում է: Դու կարող ես քո նյութը գրել այնպես, ինչպես ուզում ես. կարեւորը՝ գրում ես իրականությունը: Իհարկե, խմբագիրը երբեմն միջամտում է, սակայն լրագրողի աշխատանքը դրանից ամենեւին չի տուժում: Ճիշտ լրատվամիջոցում աշխատելն ինքնադրսեւորվելու լավագույն տարբեակն է: Ես որպես երիտասարդ լրագրող իմ լրատվամիջոցում, իմ խմբագրի շնորհով շատ բաների եմ հասել: Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս: Ուզում եմ, որ լրագրողական համերաշխությունն ավելի շատ լինի: Մաղթում եմ բոլորին, որպեսզի ունենան նյութերին հղում տալու սովորություն, եւ որ ամենակարեւորն է՝ լավ նյութ գրելու թեմաները շատ լինեն: 


Արամ Արարատյան («Կենտրոն» հեռուստաընկերություն)

Հայկական մամուլի խնդիրը նույնն է, ինչ համաշխարհային մամուլում առկա խնդիրը: Իմ կարծիքով` դա լրագրության ամենակարեւոր սկզբունքի՝ անաչառության պակասն է: Շատ հաճախ մենք՝ լրագրողներս, ականատես ենք դառնում խնդիրների, անարդարությունների, որոնց կողքով անտարբեր անցնել չենք կարողանում: Փորձում ենք մեր հրապարակումներով, ռեպորտաժներով նպաստել դրանց լուծմանը: Շատ դժվար է զսպել մարդուն օգնելու ցանկությունը՝ պահպանելու համար օբյեկտիվությունը: Պետք է փորձել, որքան էլ դժվար լինի: Ուրիշներին դաս տալու փոխարեն ես փորձում եմ իմ աշխատանքով ինքս այդ բացը լրացնել: Հայկական մամուլի ավագ ներկայացուցիչները մեզ շատ բան կարող են սովորեցնել, կարելի է ասել՝ սովորեցնում են: Մնում է, որ մենք լսենք նրանց խորհուրդներն ու անընդհատ ինքնակատարելագործվենք:

Ինձ հատկապես դուր է գալիս իմ սերնդակից լրագրողների նպատակասլացությունը: Չեմ վախենա ասել, որ մեզ լռեցնելը շատ դժվար է, գուցե՝ անհնար: Սոցիալական ցանցերը, բլոգները, վիրտուալ տիրույթն ավելի հզոր է զենք է քան լռեցնել ցանկացողի մահակը: Հիշում եմ դեպքերը, երբ մեզանից որեւէ մեկին ինչ-որ պաշտոնյա հրում է, կամ մատ թափ տալիս, կամ վիրավորում լրագրողական համայնքը սարի պես ամուր կանգնում է գործընկերոջ կողքին: Մեր մասնագիտությունը մեզ ստիպում է անընդհատ կրթվել, նոր հմտություններ ձեռք բերել: Ես ամենա հնարավոր հարթակ օգտագործում եմ դրա համար ու նաեւ ինքնադրսեւորել: Ամեն դեպքում, այսքան ժամանակ ոչ մի սահմանափում ինձ համար գոյություն չի ունեցել:

Սիրելի′ գործընկերներ ջան, ինչպես ասում են՝ մեր գրիչը միշտ անսպառ լինի: Ոչնչից չնկճվել, շարունակել աշխատել այնպես, ինչպես մինչեւ հիմա:


Կարինե Գեւորգյան (ազատ թղթակից)

Զանգվածային լրատվության միջոցները տեխնիկական միջոցներով հանրային տեղակատվություն փոխանցող մարմինների համակարգ է, որը զբաղված է ամենօրյա տեղեկատվության հավաքմամբ, մշակմամբ եւ զանգվածային լսարանի շրջանում տարածմամբ: Սակայն շատ կարեւոր է,  որ ինֆորմացիայի հավաքումն ու հատկապես մշակումն ու տարածումը համապատասխանի լրագրության կանոններին, չխախտի էթիկայի կանոնները: Դրական առաջընթաց կա մամուլի ազատության առումով, սակայն ցավով պիտի նշեմ, որ մեր օրերում այդ ազատությանը զուգընթաց մամուլում աղբը շատանում է: Կարծում եմ՝ մենք՝ լրագրողներս, կարող ենք եւ պետք է այնպես անենք, որ որեւէ մեկը չհամարձակվի որեւէ բանի դիմաց հազար տեսակ «աղբի» մասին պատվիրել: Ցանկանում եմ, որ հայ մամուլն իսկապես ազատ եւ անկախ լինի: Թո՛ղ գերակայեն մասնագիտական ու բարոյական նորմերը: Թո՛ղ լրագրողները դառնան թելադրող եւ հեռու մնան թելադրություն գրելու ստիպողական, երբեմն էլ նաեւ գայթակղիչ առաջարկներից: Շնորհավո՛ր Հայ մամուլի օրը:


Շանթ Խլղաթյան («Armenpress.am»)

Ես կարծում եմ, որ հայկական մամուլի առաջնային խնդիրներից մեկը խոսքի ազատության էության ոչ ամբողջական ընկալումն է։  Հայաստանում մամուլը որոշակիորեն ազատ է, սակայն նկատվում է լրջության, խորը հետաքննությունների և վերլուծությունների պակաս։ Մի կողմից կարելի է հասկանալ լրատվամիջոցներին․ նրանք անդրադառնում են այնպիսի թեմաների, որոնք հետաքրքիր են հասարակության լայն զանվածներին, սակայն ես այն կարծիքին եմ, որ հասարակությունը, ի վերջո, վերցնում է  այն, ինչ դու նրան մատուցում ես։ Ուստի՝ կարծում եմ, որ մենք պետք է մեր հասարակությանը «սովորեցնենք» ավելի լուրջ նյութեր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել։ Լրագրողի խնդիրն է իր ընթերցողին մատուցել որակյալ, խորը ուսումնասիրված, լուրջ հոդված։ Նույնիսկ, եթե նա զգում է, որ թեման, որին ինքն անդրադառնում է, կարող է լայն զանգվածների համար հետաքրքիր չլինել, բայց այն ակտուալ է ու խնդրահարույց,  դա նրան չպետք է ստիպի չանդրադառնալ թեմայի, որը խնդրահարույց է, լուրջ ուսումնասիրության, հետաքննության եւ վերլուծության կարիք ունի։ Լրագրողը պետք է անի իր գործը, նա պետք է ձգտի այնպես անել իր աշխատանքը, որ կարողանա գրավել նույնիսկ թեմայի նկատմամբ ամենաանտարբեր ընթերցողին։ Միգուցե, մի քանի փորձից դա չստացվի, սակայն լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այսօր նկատելի է, որ Հայաստանում ամենաընթերցվող եւ պահանջված նյութերը դժբախտ պատահարների, ինքնասպանությունների, սպանությունների մասին հրապարակումներն են կամ սենսացիաներն ու տարբեր բամբասանքները։ Ես այն կարծիքին եմ, որ լրատվամիջոցներն են հասարակության մեջ առաջացրել այդ հետաքրքրությունը եւ նրանք էլ կարող են շտկել դա ու ստիպել, որպեսզի դա փոխվի։ Մենք՝ լրագրողներս, պարտավոր ենք մեր հասարակությանը ներքաշել ավելի խորը թեմաների քննարկման, որոնք կարևոր են մեր երկրի առաջընթացի համար, մենք պետք է մեր հասարակության մեջ ավելի շատ հետաքրքրություն սերմանենք երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակի խնդիրների նկատմամբ, որովհետև առաջին հերթին հենց այստեղ են հիմնական խնդիրները։ Սպանություններ, քրեական հանցագործություններ, դժբախտ պատահարներ բոլոր երկրներում էլ լինում են, այնպես չէ, որ միայն Հայաստանում են նման երևույթներ լինում: Ուստի կարեւոր եմ համարում, որպեսզի մեր հասարակության լայն զանգվածների համար ավելի հետաքրքիր լինեն  երկրում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը:  Երբ մենք կարողանանք մեր հասարակության մեջ հետաքրքրություն սերմանել ավելի կարևոր եւ առաջնային թեմաների նկատմամբ, քան դժբախտ պատահարներն են, ինքնասպանությունները կամ այս կամ այն քրեական հեղինակության գործողությունները կամ սպանությունները, հայկական մամուլի որակն էլ էականորեն կբարձրանա։ Այստեղ անելիք ունենք բոլորս, և ես ներքին համոզմունք ունեմ, որ ժամանակի ընթացքում մենք դրան հասնելու ենք։

Ես ինքղ գոհ եմ այն աշխատանքից, որն անում եմ: Գիտեք, ես կարծում եմ, որ լրագրողի աշխատանքը մի փոքր բարդ է լիարժեք ինքնադրսեւորվելու համար: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է օբյեկտիվ լինի, չպետք է  սեփական կարծիքը իր հոդվածի մեջ արտահայտի եւ այն ընթերցողին պարտադրի, այլ պետք է օբյեկտիվ ներկայացնի ցանկացած թեմա, որին անդրադառնում է: Ես իմ հոդվածները միշտ կառուցում եմ այնպես, որ դրանում իմ կարծիքը, դիրքորոշումն արտահայտված չլինի, իսկ եզրահանգումները թողնում եմ ընթերցողի դատին, բայց դա չի նշանակում, որ կաշկանդված եմ տարբեր թեմաների վերաբերյալ իմ դիրքորոշումն արտահայտելու հարցում: Ցանկացած այլ իրավիճակում ես տարբեր հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնում եմ առանց կաշկանդվելու կամ երկմտելու: Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ես՝ որպես լրագրող, իմ առաջնային խնդիրը համարում եմ ոչ թե ինքնադրսեւորվելը, այլ ընթերցողին օբյեկտիվ ու հավաստի լրատվություն հասցնելը:

Շնորհավսրում եմ բոլոր գործընկերներիս հայ տպագիր մամուլի օրվա կապակցությամբ, մաղթում բեղմնավոր ստեղծագործական աշխատանք եւ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ զերծ տարբեր տեսակի դժվարություններից եւ խոչընդոտներից: 


Սյուզան Թոնուսյան (Հանրային ռադիո)

Միակ բացն այն է, որ տպագիր մամուլը փորձում է դրսեւորվել նաեւ վիրտուալ դաշտում, բայց այդքան էլ չի ստացվում։ Թերթն ու թերթի կայքը մի ամբողջական բջիջ չեն դառնում։ Տպագիր մամուլում թերթերի դիզայնը կփոխեի: Լրագրությունը մասնագիտություն է, որը տարիք չի հարցնում, այլ այն, թե ինչ կարող ես անել։ Այն ոլորտը, որը ես եմ լուսաբանում, դրսեւորվելու բոլոր հնարավորությունները կան, սակայն քիչ են լուսաբանող լրագրողները: Ցանկանում եմ, որ ոչ մի թերթ, տպագիր մամուլ կանգ չառնի եւ անընդհատ զարգանա,  նորարարություններով միշտ հանդես գա:


Գագիկ Ավետիսյան (Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ)

Անշուշտ, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ մամուլում կան բացեր եւ բացթողումներ, որոնք, անխոս, շտկման եւ ամբողջական վերացման կարիք ունեն: Հույս ունեմ, որ մոտ ապագայում դրանք կկարգավորվեն: Իհարկե, շատ բացերից կարելի է խոսել, բայց ամենագլխավոր բացը, որ ես տեսնում եմ, եւ ինձ լրջորեն մտահոգում է, պաշտոնատար անձանց եւ լրագրողների ոչ նորմալ շփումն է՝ մինչեւ իսկ անձնական բնույթի ստորացուցիչ վիրավորանքներին անցնելը: Այս բացը, իհարկե, պիտի լուծում գտնի երկու կողմերի ջանքերով: Պաշտոնատար անձը պիտի հասկանա, որ ինքը հաշվետու է հանրությանը եւ այդ հաշվետվությունը պիտի լրագրողների միջոցով տա հանրությանը, լրագրողներն էլ պիտի համապատասխան եւ օրինաչափ մոտեցում ցուցաբերեն: 

Լրագրողի ուղին բարդ է եւ խրթին. սա թերեւս բոլորը գիտեն: Գիտեն, թե հաճախ ինչպիսի վտանգների միջով է նա անցնում՝ գուցե ընդամենը մեկ լուսանկար անելու համար, բայց եթե ընտրել ես լրագրողի մասնագիտություն, ապա պետք է խիզախես ու լինես անաչառ, որովհետեւ լրագրողը նաեւ արդարության սուրհանդակ է հանրության համար: Շնորհավորում եմ Մամուլի օրվա առթիվ եւ հավատացած եմ, որ մի օր մենք իսկապես կունենանք այն մամուլը, տեղեկատվական այն հզոր հարթակը, որի միասին այսօր երազում է ցանկացած սրտացավ լրագրող:


Գոհար Մակարյան («Haydzayn.am»)

Ըստ իս՝ այսօրվա հայկական մամուլում պետք է ավելի շատ տեղ հատկացնել լուրջ, անաչառ ու ծանրակշիռ վերլուծություններին՝ կապված հատկապես տարածաշրջանային կարեւոր հարցերի ու իրադրությունների հետ: Իհարկե, ցանկալի կլիներ զերծ մնալ «սկանդալային» ու «աղմկահարույց», բայց ոչինչ չասող խորագրերից: Շնորհավորելով բոլորին Հայ մամուլի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ, որպեսզի մեր մամուլի էջերում լույս տեսնեն միայն որակյալ ու դրական լուրեր:


Eritasard.am-ը մասնագիտական տոնի առթիվ նույնպես շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին եւ մաղթում դրական ու հաճելի իրադարձությունների լուսաբանում: