Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-10-2017
Ինչպե՞ս են զբոսաշրջիկներին ներկայանում հայաստանյան մշակութային հաստատությունները
Հայաստան այցելությունների թիվն այս տարվա առաջին 6 ամիսներին եղել է 1 մլն 350 հազար 791 հոգի. այս մասին են փաստում սահմանային անցման կետերից ստացված տվյալները:

Զբոսաշրջային այցելություններն օրեցօր ավելանում են: Օրինակ՝ 2017 թ. հունվար-մարտ ամիսներին դրանք եղել են 298.533՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցելով 18.2% աճ (2016-ին՝ 252.506 այցելություն):

Զբոսաշրջության զարգացման գործում մի շարք գործոնների թվում մեծ նշանակություն ունեն մշակութային ռեսուրսները: Արվեստաբան Լուսինե Իգիթյանի խոսքով՝ զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում այն զարգացնելու համար: 

«Այսօր հանրահռչակման եւ մշակութային տարբեր ծրագրերի քաղաքականություն է վարվում: Տարբեր մշակութային օջախների վերաբերյալ ծրագրերը տեղադրված են պաշտոնական կայքերում, սոցցանցերի էջերում, տեղեկատվական բուկլետներ են բաժանվում, հաղորդագրությունների եւ սոցցանցերում հրավերների տեսքով տեղեկություն է տարածվում: Թանգարաններում իրականացվում են դասախոսություններ, թանգարանների աշխատանքային ժամերը երկարացվում են մինչեւ ուշ գիշեր, կազմակերպվում են անվճար այցելության օրեր, միջազգային միջոցառումներ՝ «Թանգարանային գիշեր», «Եվրոպական ժառանգության օրեր», Հուշարձանների միջազգային օր եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստաբանը:

Լուսինե Իգիթյանը նշում է՝ եթե տեղացի զբոսաշրջիկները մեծ մասամբ իրենք են ընտրում, թե ուր գնան, ապա օտարազգի զբոսաշրջիկները հիմնականում օգտվում են առաջարկված տուրփաթեթներից: Նրանք այցելում են տարբեր հուշարձաններ՝ կախված հայաստանյան մշակութային կառույցների վերաբերյալ ունեցած տեղեկությունից, առաջարկվող ծառայություններից, հետաքրքրությունների շրջանակից, հնարավորություններից, հանրահռչակման աստիճանից եւ այլն: 

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Հովհաննես Այվազովսկի. արարում» խորագրով ցուցահանդեսը մեծ թվով զբոսաշրջիկներ բերեց պատկերասրահ:

«Ընդհանուր առմամբ, օտարերկրացիներին հետաքրքրում է մշտական հավաքածուն, սակայն հայ դասական գեղանկարիչների գործերը եւ ռուսական ավանգարդի շուրջ հետաքրքրությունն ավելի մեծ է: Իհարկե, այս ամենի մեջ չի մտնում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որն ունի բազմաթիվ այցելուներ: Ցուցադրությանը մենք  բավական երկար ենք պատրաստվել. ամբողջովին վերանորոգված եւ ձեւափոխված են տվյալ  սրահները, տեղադրված են նոր ուղղորդիչ լույսեր, ցուցադրված են նկարչի նաեւ այն գործերը, որոնք մինչ այս երբեք չեն ցուցադրվել: Արդեն պատրաստ է եւ հանրությանն է ներկայացված մեր առցանց խանութը, որտեղ կան գեղեցիկ հուշանվերներ Այվազովսկու եւ այլոց աշխատանքների օրինակներով»,- ասում են պատկերասրահի աշխատակիցները:

Այստեղ այցելուները հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Չինաստանից ու Ավստրալիայից են: ՀԱՊ-ի, նրա գործունեության, միջոցառումների, ցուցահանդեսների մասին հանրությանը տեղեկացվում է պաշտոնական կայքէջի, սոցիալական ցանցերի միջոցով: Զանգվածային լրատվամիջոցների հետ էլ պահվում է մշտական կապը: 

Այվազովսկին եւ պատկերասրահում ցուցադրված ստեղծագործությունների մի շարք հեղինակներ ունեն համաշխարհային ճանաչում, ուստի զբոսաշրջիկների՝ նրանց աշխատանքների նկատմամբ ունեցած հետաքրքրությունը մեծ է: Այլ է, օրինակ, Հովհաննես Թումանյանի պարագայում, ում օտարերկրացիները չեն ճանաչում:

«Օտարազգի շատ զբոսաշրջիկներ հաճախ չգիտեն մեր մասին. շենքը գրավում է, գալիս են: Երբեմն գալիս, հարցնում են՝ սա օպերայի շե՞նքն է, թատրո՞ն է, եկեղեցի՞ է (չգիտես ինչու, եկեղեցու էլ են նմանեցնում): Իրենք Թումանյանին չգիտեն, որովհետեւ Թումանյանը թարգմանված չէ, եւ նրան դրսում չեն ճանաչում, դա մեր սարսափելի մեղքն է»,- ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Սակայն մնում է միայն հայտնվել թանգարանում, եւ Թումանյանին սիրել կտան աշխատակիցները:

«Երբ նրա կյանքից պատմում ենք, հասկանում են, որ այդ մարդը ֆանտաստիկ կերպար է եղել: Մենք նրանց չենք պատմում Թումանյանի՝ իբրեւ զուտ գրողի մասին. պատմում ենք ամբողջական Թումանյանի մասին՝ իբրեւ գրողի, հասարակական գործչի, 10 զավակների հոր, լավ ընկերոջ, հումորով մարդու. այս տեսակ ենք ներկայացնում՝ ապրող, կենդանի: Երբ ամբողջական ու կենդանի ես պատմում, շատ է հետաքրքրում»,- նշեց տնօրենը: 

Հստակ թիվ դեռ չկա, թե ամռանը քանի զբոսաշրջիկ է այցելել թանգարան, սակայն Նարինե Թուխիկյանի խոսքով՝ այս տարի հետաքրքիր էր, որ Ֆիլիպիններից, Վիետնամից, Չինաստանից այցելուներ ունեցան: Թուրքիայից եկողներ եւս կային, ովքեր վերջերս են բացահայտել իրենց հայկական արմատները: Իսկ ավանդաբար գալիս են Արեւելյան Եվրոպայից, Ռուսաստանից, Իրանից: 

«Մեր մասին տեղեկացնելու համար, նախ, մեր ֆլայերներն են դրվում հյուրանոցներում, չնայած միշտ եւ բոլոր հյուրանոցներում չէ, որ դա ստացվում է անել: Աշխատում ենք նաեւ «Yerevanevents»-ի հետ, որը հաղորդագրություններ է ուղարկում, եւ երեւանյան համարներ ունեցող զբոսաշրջիկները ստանում են իրադարձությունների մասին տեղեկությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Թուխիկյանը:

Մշակութային կառույցներ այցելությունները շատացնելու համար արվեստաբան Լուսինե Իգիթյանը նշում է մի շարք գործոններ, որոնք, նրա խոսքով, կախված են ոչ միայն պետությունից, այլեւ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունից ու պատրաստակամությունից. «Անհրաժեշտ է գիտակցել ոչ միայն սեփական շահը, այլեւ համընդհանուր շահի գաղափարը՝ չվնասել հուշարձանները եւ բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջության զարգացման համար: Նաեւ պետք է կառուցվեն ու նորոգվեն հուշարձանների մոտեցման ճանապարհները, կառուցվեն եւ բոլորի համար մատչելի դառնան հյուրատներն ու հյուրանոցները, հուշարձաններ տանող ճանապարհներին բացվեն խանութներ, սրճարաններ, իրականացվի տարածքի բարեկարգում, կազմակերպվեն միջոցառումներ, զարգացվեն համայնքների ենթակառուցվածքները»: