Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-10-2017
Կայացավ Երեւան-Էջմիածին մարաթոնը
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը եւ Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում հոկտեմբերի 20-ին կայացավ Երեւան-Էջմիածին մարաթոնը։

Արդեն սիրված եւ սպասված մարաթոնի մասնակիցներն  առավոտյան հավաքվել էին, պատրաստել ցուցանակներ, ոմանք նաեւ հասցրել էին մարզվել։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար այդ մարաթոնը նոր ցուցանիշներ գրանցելու հնարավորություն է։ Այն, որ մարաթոնը սպասված էր, դա  միանշանակ է. այդ մասին վկայում էր նաեւ մասնակիցների մեծ թիվը: Ի դեպ, մարաթոնին մասնակցելու համար մասնակիցներ էին ժամանել նաեւ մարզերից։ 

Մասնակիցների հետ հանդիպման եւ նրանց բարի երթ մաղթելու էին եկել ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կարեւորեց նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ դրանք միտված են ցույց տալու՝ բոլորս հավասար ենք եւ ունենք միեւնույն իրավունքները. «Այսօր ես տեսնում եմ բազմաթիվ մասնակիցների, այդ թվում՝ երիտասարդներ մարզերից: Սա ցույց է տալիս, որ միջոցառումը շատ կարեւոր է։ Մարաթոնը կրկնվում է որոշակի դադարից հետո։ Այս մարաթոնը միտված է մտածողության փոփոխությանը, իրազեկմանը եւ եւս մեկ անգամ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ու մտահոգությունների վեր բարձրացմանը»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ, անդրադառնալով մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, հավաստիացրեց, որ կառավարությունը մշտապես քայլեր է ձեռնարկում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Հավելենք, որ անվասայլակներով մարաթոնը «Փյունիկ» միության ավանդական ծրագրերից մեկն է, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկումն է հասարակությանը։

Պատկերասրահ՝ Երեւան-Էջմիածին մարաթոն