Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-10-2017
Մեկնարկեց «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային առաջին գիտաժողովը
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Քարամյանի նախաձեռնությամբ անցկացվում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» խորագրով միջազգային առաջին գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են 10 երկրների 77 մասնակիցներ՝ 56 գիտական զեկուցումներով, որոնք նվիրված են ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզումների, ադապտիվ եւ վերականգնող ֆիզիկական կուլտուրայի, առողջ կենսակերպի հոգեբանական խնդիրների լուսաբանմանը: 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Գիտաժողովին ժամանած պատվիրակներին, մասնագետներին եւ մասնակիցներին ողջունեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Քարամյանը:

«Մեր բուհի կառավարման խորհրդի անունից սրտանց ողջունում եմ Ձեզ՝ «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» սպորտի հոգեբանության առաջին միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտաժողովը կոչված է ի մի բերելու գիտական միտքը, յուրահատուկ ստեղծագործական լուծումներ գտնելու տարբեր մարզաձեւերի եւ սպորտում ընդհանրապես հոգեբանական պատրաստության հիմնահարցերի լուսաբանման ու գործնական խնդիրների իրականացման համար: Այն հոգեբանության՝ որպես մարզական գիտության ճյուղի գիտագործնական նվաճումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու, ինչպես նաեւ հեղինակային գաղափարներն ու տեխնոլոգիաներն ուշադրության արժանացնելու հնարավորություն կընձեռի: Մենք կարեւորում ենք, որ Հայաստանում անց է կացվում սպորտի հոգեբանության առաջին միջազգային գիտաժողովը, այն էլ՝ մի բուհում, որտեղ աշխատել է նշանավոր գիտնական, պրոֆեսոր Ա. Ա. Լալայանը, ով երկար տարիներ ծառայել է ԽՍՀՄ սպորտի հոգեբանության գիտության զարգացման գործին՝ հասնելով գիտամանկավարժական ձեռքբերումների եւ հաջողությունների»,- նշեց պարոն Քարամյանը եւ գիտաժողովի մասնակիցներին մաղթեց բեղուն աշխատանք:

Փոխնախարարը նաեւ վստահություն հայտնեց, որ գիտաժողովին ներկայացված հետազոտությունների արդյունքներն իրենց արժանի գնահատականը կստանան մասնագետների կողմից եւ ուրույն տեղ կգտնեն սպորտային հոգեբանության գործնական աշխատանքներում:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը եւս կարեւորեց նմանօրինակ գիտաժողովի անցկացումը եւ աջակցության համար շնորհակալություն հայտնեց Արսեն Քարամյանին:

««Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով գիտաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների առաջատար մասնագետներ, ինչն առիթ է մտորելու սպորտի հոգեբանության գիտական մտքի զարգացման առաջիկա հեռանկարների մասին: Սպորտի հոգեբանության նմանատիպ գիտաժողովի ձեւաչափը, բարյացակամ մթնոլորտը մասնակիցների եւ հյուրերի համար հրաշալի հնարավորություն են՝ պրոֆեսիոնալ փորձի փոխանակման, գործընկեր ձեռք բերելու եւ  նորարարություններին ծանոթանալու համար»,- ողջույնի խոսքում նշեց ռեկտորը: 

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
1. Սպորտային ընտրության եւ պատրաստության հոգեբանական արդի խնդիրներն ու տեխնոլոգիաները: 
2. Հոգեախտորոշման եւ կիրառական հոգեբանության գործառույթները սպորտում: 
3.  Հոգեբանական պատրաստության համակարգն ու ժամանակակից տեխնոլոգիաները բարձր նվաճումների սպորտում: 
4.  Մրցակցային բարձր արդյունքների ցուցադրման հոգեֆիզոլոգիական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնահարցերը: 
5.  Մանկապատանեկան սպորտի, առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի հոգեբանական հիմնախնդիրները:

Կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետեւյալ թեմաներով.
1. Հաշմանդամային սպորտի եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի հոգեբանական հիմնախնդիրները:
2. Հոգեկանոնավորման եւ աշխատունակության բարձրացման արդի տեխնոլոգիաներն ու միջոցները բարձր նվաճումների սպորտում:
3. Ազգաբնակչության ֆիզիկական կրթության եւ ակտիվության նորովի կազմակերպման ու զարգացման հոգեբանամանկավարժական խնդիրները:

Նշենք, որ գիտաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 26-ը: Ընթացքում նախատեսված են նաեւ ճանաչողական այցեր Հայաստանի գեղատեսիլ վայրեր: 

Պատկերասրահ՝ «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում». միջազգային առաջին գիտաժողով