Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-10-2017
Գիտության փառատոն՝ ԵՊՀ-ում
Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը, որի կազմում է նաեւ փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, եւ Երեւանի պետական համալսարանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, անցկացրեցին «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոն:

Գիտափառատոնը կազմակերպվել էր ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության եւ ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Գիտական ցուցահանդեսը «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» լայնամասշտաբ ծրագրի մի մասն է կազմում: Ցուցահանդեսից բացի՝ օրերս աշակերտների համար կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ այցելություն փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարան, իսկ ավագ դպրոցի աշակերտների համար՝ «Ճարտարագետների գավաթ» խորագրով ինտելեկտուալ խաղ եւ «Տիեզերական գործակալություն» գիտախաղ:

Գիտական ցուցահանդեսը ներառում էր գործունեության տարբեր հատվածներ՝ գյուտարարություն, գիտություն, ռոբոտաշինություն եւ այլն: 

Գիտական փառատոնի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան եւ փառատոնի բացումն ազդարարեցին ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ «ԱՐՄԵՆԱԼ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը:

Ռուբեն Մարկոսյանը ողջունեց փառատոնի հյուրերին, ուսանողներին եւ աշակերտներին: Նրա խոսքով՝ փառատոնը հագեցած է հետաքրքիր դասախոսություններով եւ գիտական փորձերով: «Գիտափառատոնն ունի բնագիտական ուղղվածություն, եւ այդպիսով մենք յուրովի քարոզում ենք գիտական ուղղությունները մեր համալսարանում: Անշուշտ, այս փառատոնը հետաքրքրական է ինչպես բնագիտական ֆակուլտետների, այնպես էլ հասարակական եւ հումանիտար ոլորտում սովորող ուսանողների համար: Այս փառատոնը հայաստանյան բուհական համակարգում եզակի եւ աննախադեպ միջոցառում է, եւ ԵՊՀ-ն, հիրավի լինելով գիտական առաջատար հաստատություն, ունի ամենամեծ գիտական ներուժը: Եվ այդ ներուժի համատեքստում կցանկանայի շեշտադրել հենց մեր ուսանողությանը»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը եւ հավելեց, որ փառատոնը խորհրդանշական եւ յուրահատուկ նվեր է մեր ուսանողությանը: 

«ԱՐՄԵՆԱԼ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանն էլ, իր հերթին ողջունելով փառատոնի մասնակիցներին, նշեց, որ դա յուրահատուկ փառատոն է, որն անցկացվում է Երեւանում.  «Փաստ է, որ ալյումինն ամենատարածված եւ կիրառելի մետաղներից մեկն է մեր կյանքում: Մենք ունենք շատ լավ մասնագետներ, որոնց թվում շատ են նաեւ երիտասարդները, ովքեր հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ են: Այդ երիտասարդ սերունդը հենց մեր հետեւորդներն են ու մեր գործը շարունակողը»:

Փառատոնի բացումն ազդարարվեց հեղուկ ազոտով հագեցված կարմիր ժապավենի «կտրման» արարողությամբ: Ներկաները մի շարք փորձարկումների ականատեսը եղան: Նշենք, որ ցուցահանդեսի աշխատանքներին զուգահեռ՝ ԵՊՀ մեծ դահլիճում գիտնականները հանդես եկան դասախոսություններով:

Պատկերասրահ՝ «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» ինտերակտիվ գիտափառատոնը ԵՊՀ-ում