Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 28-10-2017
Ինչո՞ւ LED լամպեր. պարզաբանում են մասնագետները
«Երեւանի կանաչ լուսավորության շաբաթ» ծրագրի շրջանակում Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակում կայացավ հերթական հանդիպում-քննարկումը, այս անգամ՝ Պեչա Կուչայի ձեւաչափով։



Ձեւաչափը ձեւավորվել է Ճապոնիայում. այն բառացիորեն նշանակում է ճեպազրույց։ Դա պրեզենտացիայի ձեւաչափ է՝ բաղկացած 20 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը մեկնաբանվում է 20 վայրկյանում: Այն արագընթաց է ու զվարճալի, օգնում է խուսափել «թեժ բախումներից», քանի որ բանախոսներից յուրաքանչյուրն իր մտքերն արտահայտելու համար 7 րոպեից էլ քիչ ժամանակ ունի: Կարճ, բայց կարեւոր րոպեների ընթացքում բանախոսները հնարավորություն ունեցան ներկայացնելու կանաչ լուսավորության զարգացման պատմությունն ու նշանակությունը շրջակա միջավայրի համար:



LED-ով արդեն լուսավորված է 40 կմ ճանապարհ։ Ընտրվել են մուտքային եւ մեծ փողոցները։ Դիանա Հարությունյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգողն է։ Նա է համակարգում շենքերի եւ լուսավորման ոլորտի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակում կլիմայի փոփոխությունների մասին ազգային հաշվետվությունները։ Մինչ ՄԱԶԾ-ին միանալը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում Դ. Հարությունյանը ներգրավված է եղել գիտական աշխատանքներում։



Ինչպես նշեց բանախոսը, լուսադիոդային (-Light LED Emitting Diode) լուսավորությունը Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հրաշալի օրինակ է: Երեւանի բնակիչներն ու հյուրերն արդեն իսկ վայելում են օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաեւ Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաների, Ծիծեռնակաբերդի եւ Աթենքի փողոցների լուսադիոդային լուսավորությունը: Դիանա Հարությունյանի համոզմամբ՝ մեծ արդյունավետություն է տվել դպրոցներում երեխաներին հասցեագրված տեղեկատվությունը. «Այս ընթացքում եղան դեպքեր, երբ երեխաները, լսելով լամպերի դրական ազդեցության, խնայողության մասին, դիմել են հայրիկներին՝ հին լամպերը LED-ով փոխանակելու համար»։



Մյուս բանախոսն Արմեն Գուլկանյանն էր՝ ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի էներգաարդյունավետ լուսավորության շուկայի փորձագետը, ով ներկաներին առավել մանրակրկիտ ծանոթացրեց LED լամպերի աշխատանքին։

Հարկ է նշել, որ բնապահպանությունը միակ առավելությունը չէ. էներգախնայող գերարդյունավետ LED տեխնոլոգիան նաեւ մեծապես կրճատում է Երեւանի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը` տարեկան ընդամենը հինգ փողոցից ապահովելով 115,000 դոլարի խնայողություն: