Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-11-2017
«Պողիկտոս»-ը վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 9-ին՝ երկարատեւ դադարից հետո վերականգնված տարբերակով ներկայացվեց իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի երեք գործողությամբ «Պողիկտոս» օպերան։

Օպերան ստեղծվել է 1838 թվականին: Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Պողիկտոս»-ի առաջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը՝ Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ:

Սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը: Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել հետապնդումների եւ հենց աներոջ կողմից էլ տանջամահ արվել:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա թերեւս կարելի է համարել երկրորդ պրեմիերան, երկրորդ ծնունդը:

 «Ես կարծում եմ, որ հանդիսատեսը կվայելի եւ հաճույք կստանա ինչպես ես գլխավոր փորձի ժամանակ: Սա մեր պատմությունն է, սա նաեւ հայկական պատմություն է: Այն միայն գեղեցիկ օպերա չէ՝ իտալական երաժշտությամբ, այլեւ Հայաստանի եւ քրիստոնեության մասին է: Գաետանո Դոնիցետտին իրականում պատմական իրադարձությունների մեծ սիրահար է եղել, իսկ այս պատմությունն անմասն չի մնացել նրա հայացքից»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:

Պաոլինայի դերակատարումն այս անգամ եւս կկատարի ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը: Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ հրաշալի է, որ Անահիտ Մխիթարյանն ինքը կվերածնի իր կերպարն իր իսկ հիանալի ձայնով: 

«Բոլոր արտիստներն անխտիր հիանալի են կատարել իրենց առաջ դրված խնդիրը՝ Սարգիս Աղամալյանը, Անահիտ Մխիթարյանը, Առլնորդ Քոչարյանը, Հայկ Տիգրանյանը, Տիգրան Կոնինյանը, Արմեն Զաքյանը, Սարգիս Հովակիմյանը եւ իհարկե երգչախումբը»,- փաստեց պարոն Օրբելյանը եւ հավելեց, որ նոր հագուստներ են կարվել, սակայն՝ հին հագուստների մոդելներով, վերանորոգվել են դեկորացիաները: 

Սարգիս Աղամալյանը, ով հանդես է գալու Պողիկտոսի դերում, նշեց, որ իր առջեւ բարդ խնդիր է դրված, սակայն կփորձի հաղթահարել. «Դերն ինքնին բարդ է, իսկ ես բավականին ուշ միացա փորձերին, սակայն կարողացա հասցնել: Իհարկե, դրանից առաջ տեսել էի այս օպերան մոտ 20 տարի առաջ: Սա ոչ թե խաղարկային, այլ ստատիկ ներկայացում է, որտեղ դու էմոցիաներն արտահայտում ես՝ ոչ թե խաղայինի վրա շեշտը դնելով, այլ ձայնով ու քո ստատիկ կերպարներով»:

Ստեղծագործական կազմը. 
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Բեմադրիչ՝ Տիգրան Լեւոնյան /ՀՀ ժող. արտիստ/
Ներկայացումը վերականգնող ռեժիսոր՝ Ժաննա Թամիզյան
Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի (ՀՀ ժող. արտիստ)
Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով (ՀՀ վաստ. նկարիչ)
Վերականգնող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստ. նկարիչ)
Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան (ՀՀ վաստ. արտիստ)
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստ. արտ.)

Նշենք, որ պարտիտուրան Հայաստան է բերվել 1970-ականներին Վատիկանի գրադարանից՝ Վազգեն Առաջինի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ:

Պատկերասրահ՝ Գաետանո Դոնիցետտի «Պողիկտոս» օպերան