Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 12-11-2017
Բացառիկ ցուցահանդես ՀԱՊ-ում
Հայ քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Արա Շիրազի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը նոյեմբերի 11-ին բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին։

Մարիամ Դավթյանն ուրախությամբ ընդգծեց՝  արվեստագետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքներն այս մասշտաբով ցուցադրվում են առաջին անգամ: «Ցուցահանդեսին բավականին երկար ենք պատրաստվել: Այստեղ ներկայացված է արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին: Փորձել ենք ամենը ներկայացնել ըստ ժամանակագրական հաջորդականության,- ասաց Մարիամ Դավթյանը՝ հավելելով՝  ողջ ցուցահանդեսը հիանալի թիմային աշխատանքի արդյունք է,- բոլորի ջանքերով է կայացել այս ցուցահանդեսը, քանի որ  յուրաքանչյուրիս  համար այս ցուցահանդեսն իրականություն դարձնելը մեծ նպատակ էր»։

Ինչպես բացման խոսքում նշեց պատկերասրահի տնօրեն Ա. Ծատուրյանը, ցուցադրված 90 աշխատանքները հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խոր զգացողությամբ, թեմայի եւ կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ:

Արա Շիրազի մտերիմ ընկեր Ռոբերտ Էլիբեկյանի խոսքով` Արա Շիրազը մեծ արվեստագետ էր եւ մեծ հետք է թողել պատմության մեջ. «Արա Շիրազի գործերն իր արվեստանոցում գրեթե բանտարկված էին, իսկ ինքն ուզում էր, որ իր գործերն ապրեն»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ այդ ցուցահանդեսով կամփոփվի պատկերասրահի այս տարվա ցուցահանդեսների շարքը:

Պատկերասրահ՝ Արա Շիրազի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը