Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-11-2017
Կայացավ Վանուշ Խանամիրյանի 90-ամյակին նվիրված համերգը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Վանուշ Խանամիրյանի 90-ամյակին նվիրված համերգ:

Մեր ժողովրդի երգերն ու պարերը, լեգենդներն ու ասացվածքները յուրահատուկ տարեգրություն են, որոնք արտահայտում են նրա անցյալը, պայքարը, երազները, ձգտումները եւ գեղեցիկի զգացումները: Մարդկային լավագույն հատկանիշներից մեկը մարդուն սիրելն է, ուրիշների մեջ իրեն փնտրելն ու գտնելը, ուրիշի ցավը սեփականի պես զգալը, իսկ վերջնական արդյունքում՝ նրան օգնելը: Ահա այդպիսին էր Վանուշ Խանամիրյան մարդու ողջ էությունը՝ միշտ հավատարիմ ինքն իրեն եւ հարազատ մարդկանց:

Վանուշ Խանամիրյանը բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» եւ այլն։ 2000 թվականից հիմնադրել եւ ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է նրա անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը, որը ստեղծման օրվանից հովանավորվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից: 

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Վիգեն Թանաշեանը ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արման Ղուկասյանի անունից Վանուշ Խանամիրյանի դստերը՝ Գայանե Խանամիրյանին, պարգեւատրեց ոսկե մեդալով պարարվեստի եւ մանկավարժական գործունեության մեջ բարձր պրոֆեսիոնալիզմ եւ հմտություններ ցուցաբերելու, պարարվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար: 

Վիգեն Թանաշեանի խոսքով՝ այսօր հավաքվել են հարգելու մի անձնավորության հիշատակը, ով իր ողջ կյանքը ներդրել է պարարվեստի զարգացման գործում. «Մենք պետք է միշտ հիշենք ու գնահատենք արժանիին: Պարոն Խանամիրյանն այն մեծ անձնավորությունն է, մեծ լեգենդը, ով կարողացավ ապացուցել, որ հայկական ժողովրդական պարը կա եւ կմնա»: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանը նշեց, որ նոյեմբերի 5-ին լրացավ մեծ երախտավոր վարպետ Վանուշ Խանամիրյանի 90-ամյակը, եւ, բնականաբար, դա այնպիսի մի իրադարձություն է, որը կապված է հայ ազգի եւ մասնավորապես հայ պարարվեստի նվիրյալների հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս չկա մեկը, որ չճանաչի, տեսած, լսած կամ շփված չլինի Վանուշ Խանամիրյանի հետ: Մենք որոշեցինք նրա ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հանդիսավոր համերգ կազմակերպել, ուր հանդես կգան պետական այն կոլեկտիվները, որտեղ աշխատել, բեմադրություններ է դրել մեծն վարպետը: Եվ իհարկե այդ համերգին մասնակցելուց անմասն չի մնացել նաեւ իր կյանքի վերջին տարիներին նրա հիմնադրած «Բարդիներ» անսամբլը: Մենք ունենք նաեւ մեծ թվով հյուրեր՝ արվեստագետներ, պարարվեստի գործիչներ»: 

Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարախմբի պրոդյուսեր Մովսես Մարությանը վարպետի հետ աշխատել է մոտ 10 տարի, սակայն նրան ճանաչել է դեռ ուսանողական տարիներից, քանի որ եղել է իր ուսղեկը: Մեզ հետ զրույցում Մովսես Մարությանը նշեց, որ Վանուշ Խանամիրյանն այն մարդն էր, ով երբեք չէր փոխվում. «Նա այն մարդն էր, որ միշտ նույնն էր մնալու: Նա մինչեւ իր կյանքի վերջին օրը, վերջին շունչն աշխատեց: Մեզ համար այսօր կրկնակի տոն է, սակայն ափսոսում եմ, որ Վանուշ Խանամիրյանը մեզ հետ չէ, որպեսզի միասին նշեինք իր 90-ամյակը»: 

Համերգին հանդես եկան Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» պետական, Թ. Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլները, Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարախումբը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Սյուզի Փիրումյանը, «Վահագն» դհոլահարների անսամբլը, ժողովրդական երգիչներ Լեյլա Սարիբեկյանը եւ Սամվել Գալստյանը: 

Նշենք, որ համերգի գլխավոր հովանավորը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն էր:

Պատկերասրահ՝ Վանուշ Խանամիրյանի 90-ամյակին նվիրված համերգը