Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 17-11-2017
Երեւանում բացվեց «BLS International» ընկերությունը
Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Վարդանանց 14/1 հասցեում գործող (Վերնիսաժի հարեւանությամբ) ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության մուտքի վիզա ստանալու համար:

Հայաստանում իր դռները բացեց «BLS International» ընկերության երեւանյան ներկայացուցչությունը: 

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ընկերության տնօրեն Լեւոն Իսրայելյանը, վիզային կենտրոնը Իսպանիայի Թագավորության դեսպանության աջակցությամբ բացվել է Ռուսաստանում: «BLS International» աութսորսինգային ընկերությունը զբաղվում է իրազեկմամբ, տվյալների հավաքագրմամբ եւ վիզա ստանալու համար օգնում է փաստաթղթերի ձեւակերպման գործում: 



«Իսպանիայի արտգործնախարարության հետ ունենք պայմանագիր, որով ամբողջ աշխարհում, որտեղ կան Իսպանիայի վիզաներ, դրանք տրամադրվում են «BLS International» ընկերության միջոցով: Այսինքն՝ «BLS International» ընկերությունը վիզայի ձեւակերպում է տրամադրում: Դյուրացված գործընթաց է: Մարդիկ գալիս են վիզա ափլիքեյշն կենտրոններ, հանձնում են իրենց փաստաթղթերը, որոնք գնում են հյուպատոսարան՝ Մոսկվա, եւ այնտեղից փաստաթղթերը ետ են գալիս»։

Եթե նախկինում վիզան հնարավոր էր ստանալ Մոսկվայում, ապա հայ հանրության համար «BLS International» ընկերությունն այդ ողջ գործընթացն առավել դյուրին է դարձրել։ Ինչպես ընդգծեց տնօրենը, գործընթացի տեւողությունը մոտ 2 շաբաթ է։



«Այստեղ վիզաների ձեւակերպումը միանգամից իրականացվում է Իսպանիայի հյուպատոսության հետ, առաջ այստեղ Լիտվայի դեսպանությունն էր իրականացնում այդ գործընթացը»,- ասաց Լեւոն Իսրայելյանը:

«Քանի որ բոլորս էլ շահագրգռված էինք, ի վերջո նաեւ Երեւանում բացվեց այս կենտրոնը: Եվ կարծում ենք, որ անհրաժեշտ էր Երեւանում պաշտոնական բացում կատարելը, որպեսզի, որքան հնարավոր է, Հայաստանի շատ քաղաքացիներ իմանան, որ իրենք այսուհետ կարող են վիզա ստանալ այս կենտրոնի շնորհիվ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մոսկվայում Իսպանիայի Թագավորության պատվո հյուպատոս Իսիեռ Տաբոադան։



Նրա խոսքով՝ կենտրոնում կարելի է ստանալ միայն կարճաժամկետ վիզա՝ առավելագույնը 3 ամսով: Ինչ վերաբերում է երկարաժամկետ վիզային, ապա ուսանողների, ներդրողների աշխատանքային վիզաները կարելի է ստանալ միայն դեսպանատան միջոցով:

Ի դեպ, տարեկան մոտ 10-ից 12 հազար ՀՀ քաղաքացի է մեկնում Իսպանիա: