Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2017
Ցուցահանդես՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում այսօր բացված ցուցահանդեսում ներկայացվել էին ակադեմիայի ուսանողների աշխատանքները:



Մեզ հետ զրույցում ԳԱԱ Շրջանավարտների միավորման եւ կարիերայի բաժնի պետ Ազա Շահազիզյանը նախ բոլոր ուսանողներին շնորհավորեց օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց դրական եւ ուսանողական բեղուն տարիներ, ապա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվել են ակադեմիայի տարբեր բաժիններում սովորող ուսանողների աշխատանքները՝ չափածո ստեղծագործություններ, բնանկարներ, դիմանկարներ, փայտե պայուսակներ եւ այլն:



«Մեր ցուցահանդեսը չունի խորագիր. պարզապես որոշեցինք Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել մի հարթակ, որտեղ մեր ուսանողները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Այսպիսով սա հիանալի տարբերակ է նրանց ոչ միայն մասնագիտական, այլեւ արվեստի տեսանկյունից բացահայտելու առումով: Ցուցահանդեսի ժամանակ հոգեբանները կներկայացնեն յուրահատուկ տաղավար, որը կներառի նաեւ հոգեբանական թեստեր»,- նշեց Ազա Շահազիզյանը:



Ուսանողուհի Լուսինե Աբրահամյանը սովորում է Գործարար վարչարարության բաժնի մագիստրատուրայում, սակայն հենքային մասնագիտությամբ մանկավարժ է: Նա նաեւ ստեղծագործում է,  հատկապես՝ հայրենասիրական թեմաներով. «Ես Արցախից եմ արմատներով, եւ կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասված է: Հայրենիքի նկատմամբ իմ սերն այլ նկարագիր ունի, որը ես փորձում եմ հանձնել թղթին: Ես ամուր կպած եմ իմ հողին, ուստի ստեղծագործություններս ասոցացվում են հայրենիքի, զինվորի, բանակի հետ: Տվյալ պարագայում ինձ համար ոգեշնչման աղբյուր են հենց մեր հայրենիքը, զինվորների սխրանքները, քաջությունը: Սակայն ստեղծագործում եմ նաեւ այլ թեմաներով, օրինակ՝ աշնան եւ այլն»: 



Ազա Շահազիզյանը նաեւ նշեց, որ մշտապես նմանօրինակ միջոցառումներ կազմակերպվում են, իսկ առաջիկայում եւս սպասվում է հետաքրքիր ծրագիր՝ կապված կարիերայի ճիշտ կառուցման հետ, որի ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպելու գործատուների հետ եւ սովորելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելիս: