Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-11-2017
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում եւ մարքեթինգ
Նոյեմբերի 22-25-ը Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվի «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում եւ մարքեթինգ» թեմայով առաջին տարածաշրջանային դասընթացը, որը ԻԿՕՄ-ի կրթության եւ մշակութային գործունեության միջազգային կոմիտեի, ԻԿՕՄ Հայաստանի, ԻԿՕՄ-ի մարքեթինգի եւ հանրահռչակման միջազգային կոմիտեի համատեղ նախագիծն է։

Ծրագիրն իրականացվում է ԻԿՕՄ-ի 2017 թվականի «Հատուկ ծրագրերի դրամաշնորհ»-ի միջոցով եւ «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի», «Թանգարանային կրթության կենտրոնի» աջակցությամբ։

Դասընթացին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Վրաստանի եւ Իրանի թանգարաններում թանգարանային կրթական ծրագրերի նախագծման, լսարանի ուսումնասիրության, կրթական ծրագրերի մարքեթինգի եւ հանրահռչակման ոլորտներում աշխատող 24 մասնագետներ։ Դասընթացը վարելու համար ներկայումս Հայաստանում են ԻԿՕՄ-ի կրթության եւ մշակութային գործունեության միջազգային կոմիտեի նախագահ, Սան Պաոլոյի «Պինոկոտեկա» պատկերասրահի գիտակրթական բաժնի վարիչ Միլեն Կիովատոն (Բրազիլիա) եւ ԻԿՕՄ-ի գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթին (Մեծ Բրիտանիա)։



Դասընթացների մեկնարկից առաջ ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Անի Ավագյանը, Միլեն Կիովատոն, Քարոլ Էնն Սքոթը, «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» տնօրեն Հայկ Մկրտչյանը եւ Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը լրագրողներին մի շարք մանրամասներ ներկայացրեցին ծրագրի, սպասելիքների եւ արդեն իսկ նախորդ դասընթացներից ունեցած արդյունքների մասին: 

Անի Ավագյանի խոսքով՝ դա տարածաշրջանում անցկացվող առաջին դասընթացն է, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Վրաստանի եւ Իրանի մասնագետները. «Մշտապես մեր հարեւան Վրաստանն է կազմակերպել տարատեսակ հանդիպումներ, իսկ այս անգամ որոշեցինք Հայաստանում անցկացնել նման ծրագիր, որը հնարավորություն կտա փորձի փոխանակում իրականացնել, շփվել արտերկրից ժամանած միջազգային կարգի մասնագետների հետ եւ վերջապես էլ ավելի խորացված աշխատանքներ տանել հանրության հետաքրքրությունը թանգարանների հանդեպ մեծացնելու համար: ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ն, լինելով ամենահին եւ խոշորագույն կոմիտեներից մեկը, նպատակ ունի նպաստել թանգարանային կրթության եւ մշակութային գործունեության զարգացմանը»: 

ԻԿՕՄ ՍԵԿԱ-ի նախագահ Միլեն Կիովատոն էլ նախ նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ նմանօրինակ ծրագրին մասնակցություն ունենալու համար, ապա հավելեց, որ աշխարհը գնում է դեպի տեխնոլոգիական զարգացում, ուստի անհրաժեշտ է հասարակությանն առավելագույնս ինտեգրել այդ գործընթացներում. «Այսպիսի ծրագրերն իրականում մեզ հնարավորություն են տալիս հասկանալու, թե ինչ է թանգարանային կրթությունը: Բացի դրանից՝ այն ժամանակակից գործիքակազմին, որին կտիրապետեն մասնագետները, հնարավորություն կտա հանրության հետաքրքրությունը սեւեռել դեպի թանգարաններ»:



ԻԿՕՄ-ի գործադիր խորհրդի անդամ Քարոլ Էնն Սքոթը, ով երկրորդ անգամ է Հայաստանում, փաստեց, որ ինքն անձամբ ծրագրերից ավելի շատ բան ունի սովորելու, քան սովորեցնելու, ուստի այդ դասընթացը հնարավորություն է տալու հասկանալ, թե ինչ ազդեցություն է գործում թանգարանային կրթական ծրագիրն անհատի եւ հատկապես համայնքի վրա: 

«Անհրաժեշտ է դիվերսիֆիկացիոն աշխատանքներ տանել, որպեսզի հանրության ուշադրությունը սեւեռվի դեպի թանգարաններ: Գաղտնիք չէ, որ թանգարանները մարդուն թույլ են տալիս զարգանալ եւ լրացնել բաց գիտելիքի պաշարը, կարելի է ասել, որ այն կրթության շարունակության մի յուրահատուկ ձեւ է եւ տարբերակ»,- ասաց Քարոլ Էնն Սքոթը: 

«Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» տնօրեն Հայկ Մկրտչյանն էլ փաստեց, որ շատ երկար աշխատանքներ են տարվել եւ տարվում ոլորտում, իսկ դասընթացների առկայությունը ոլորտի զարգացման մի մասն է կազմում. «Բազմակողմանի դասընթացներին ունեցել ենք մասնագետներ՝ ներգրավված ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Իրականացրել ենք մոնիթորինգներ, որոնց արդյունքները հաստատել են, որ այն գործիքակազմը, որը դասընթացների ժամանակ փոխանցվել է մասնագետներին, լիարժեք կիրառվել է եւ շարունակում է կիրառվել»:



Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը վստահ է, որ նմանօրինակ ծրագրերն արդյունավետ են, իսկ որպես վառ օրինակ նշեց հենց իր ղեկավարությամբ գործող թանգարանը, որը մշտապես մեծ սիրով դառնում է այդպիսի ծրագրերին մասնակցող մասնագետներին հյուրընկալող թանգարան: 

Մասնագետները միակարծիք են այն առումով, որ մի շարք դիտարկումների արդյունքում պարզ է դառնում, որ տարածաշրջանի շատ թանգարաններում ստեղծվում եւ իրականացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր, բայց դեռեւս հաճախ ենք լսում այն միտքը, որ տեղեկատվությունը հասցեատիրոջը չի հասնում ժամանակին եւ գրագետ ձեւակերպմամբ։ Հետեւաբար այս տարածաշրջանային դասընթացի նպատակն է մեկտեղել թանգարանային կրթության, մարքեթինգի եւ PR-ի ոլորտում աշխատող մասնագետներին Հայաստանից, Արցախից, Վրաստանից եւ Իրանից՝ փորձի փոխանակման եւ համընդհանուր խնդիրներին լուծումներ գտնելու համար: