Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 21-11-2017
Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխություն 2017
Art21 հեռուստաընկերությունը Հայաստանի մշակութային միակ հեռուստաալիքն է: Այն օրական 19 ժամ հեռարձակում է ունենում իր կայքում, ինչպես նաեւ որոշ կաբելային ցանցերում:



Հիմնադրվելով 2014 թվականին՝ այն արդեն իսկ սիրվել է հանրության կողմից։ Մշակութային ալիքը ներկայացնում է ինչպես իր, այնպես էլ տարբեր ընկերությունների մշակութային հաղորդումները: Art21-ն անդրադառնում է արվեստի գրեթե բոլոր ճյուղերին՝ գեղարվեստ, պարարվեստ,երգարվեստ եւ այլն: Ընդամենը 2 տարի առաջ Art21 թիմը ձեռնամուխ եղավ մի նոր գաղափարի իրականացմանը, այն է՝ Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը։



Այս տարվա միջոցառումը նոյեմբերի 19-ին կայացավ Երեւանի մշակույթի պետական քոլեջում։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին կինո, երգարվեստ, հագուստի մոդելավորում եւ կերպարվեստ անվանակարգերում ներկայացված աշխատանքները եւ կատարումները։



Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները գնահատել էին արդեն իսկ ներկայացված աշխատանքները եւ իրենք էլ հանձնեցին մրցանակները։ 



Մրցանակաբաշխության առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող» ֆիլմը։ Հաղթողին մրցանակը հանձնեց Աննա Հեքեքյանը, ով ժյուրի կազմում էր նաեւ նախորդ տարի։ 



Երգարվեստում մրցանակներ ստացան Պաշ Սարդանը, Սերինե Խոդիկյանը եւ Լառա Պրազյանը: Կերպարվեստում մրցանակը հանձնվեց ազգությամբ ռումինացի Եկատիրինա Վալեանույին, իսկ հագուստի մոդելավորում անվանակարգում հաղթող ճանաչվեց Վերա Մխիթարյանը:



Միջոցառման ընթացքում հնչեց նաեւ հանդիսատեսի համակրանք անվանակարգում հայտնված մասնակցի անունը։ Կինոարվեստ բաժնում հանդիսատեսի համակրանքին արժանացել էր Արա Շիրմազանյանն իր «Տեսիլք» ֆիլմով։



Մրցույթին ներկա էին Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ եւ մրցույթի ժյուրիի անդամ Վրեժ Կիրակոսյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Իրինա Թովմասյանը, Մխիթար Քեթցյանը, Դավիթ Սահակյանցը եւ բազմաթիվ այլ հյուրեր:



Միջոցառումն իրենց կատարումներով առավել ջերմացրին երիտասարդ երգիչ-երգչուհիները եւ պարային խմբերը։