Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-11-2017
«Սեքսիզմն ու բռնությունը՝ հայաստանյան մեդիայում». քննարկում
Ի՞նչ անել, երբ հեռուստաեթերից բռնության ու սեքսիզմի պարբերական մեսիջներ ենք ստանում, ինչպե՞ս փոխել իրավիճակը, որո՞նք են բացերը, արդյո՞ք կան պատասխանատուներ այդ իրավիճակի համար, որտե՞ղ է ավարտվում հումորը, եւ սկսվում սեքսիզմը, ո՞րն է գրաքննության եւ բռնության մշակույթի տարածման սահմանը:

Ահա այս թեմաների շուրջ նոյեմբերի 21-ին «Հոդված 3» ակումբում հանրային քննարկում էին ծավալել Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի տնօրեն



Գոհար Շահնազարյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, Womennet.am կայքի խմբագիր Թամարա Հովնաթանյանը, միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը, գենդերային հարցերով փորձագետ, հետազոտող, «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության համահեղինակ Անի Կոջոյանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:  

Քննարկման նպատակն էր ստեղծել համատեղ հարթակ, որը կբարձրաձայնի այսօր հայաստանյան մեդիայում եւ այլ ոլորտներում լայն տարածում գտած սեքսիզմի դրսեւորումները եւ քայլեր կմշակի այդ երեւույթի դեմ պայքարելու համար: 



Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանի խոսքով՝ շատերի համար սեքսիզմ բառը խորթ է, քանի որ մարդիկ այլ բան են հասկանում. «Դա գաղափարական ուղղվածություն է: Մենք եւ ամբողջ աշխարհը հայր իշխանական հասարակությունում ենք ապրում, ուստի կարելի է ասել, որ կանայք ավելի շատ են արժանանում սեքսիստական վերաբերմունքի: Մենք շատ անգամ փորձում ենք անտեսել, սակայն չի ստացվում, քանի որ հատկապես եթերում դրանք ամենավառ կերպով են արտացոլվում: Եվ այդ ամենը միայն արտահայտություններով չի դրսեւորվում, այլ կերպարներով, որոնք շատ հաճախ լինում են թաքնված: Սա այն հարցերից է, որ անխոս պետք է քննարկել: Անշուշտ, մտահոգիչ են սեքիստական բնույթի գովազդները, որոնցում կինը ապրանքայնացվում է, եթերում ցուցադրվող սերիալներում բռնության ու ընտանիքի աղավաղված մոդելների քարոզը եւ դրանով իսկ հասարակությունում խեղված արժեքներ ձեւավորելու փորձերը, քաղաքական դաշտում եւ առօրյա կյանքում տեղ գտնող սեքսիստական վերաբերմունքն ու կանանց նսեմացնելու փորձերը»: 



«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, Womennet.am կայքի խմբագիր Թամարա Հովնաթանյանը, ով երկար ժամանակ է զբաղվում ոլորտի ուսումնասիրությամբ, փաստեց, որ ունի արտահայտությունների հավաքածու, սակայն դա այն հավաքածուն չէ, որտեղ համալրում կատարելիս ինքն ուրախություն է ապրում: Ըստ մասնագետի՝ դրանք հաճախ հնչում են քաղաքական դաշտում, սակայն պատշաճ գնահատականի այդպես էլ չեն արժանանում: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հնարավոր չէ լիարժեք վերահսկել գովազդները, սակայն հանձնաժողովն աշխատում է քաղաքացիների բողոքների բավարարման ուղղությամբ: Դրանց հիմման վրա արդեն առկա է 17 տուգանք եւ մոտ 47 նկատողություն: Տիգրան Հակոբյանը հարցը դիտարկում է կրթվածության ցածր մակարդակի հենքով: Ըստ նրա՝ դա արատավոր երեւույթ է, որն առկա է հասարակությունում, եւ որը տարբեր ձեւով է դրսեւորվում: 



Գենդերային հարցերով փորձագետ, հետազոտող, «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության համահեղինակ Անի Կոջոյանն էլ առաջարկում է հարցը երկու մակարդակով դիտարկել, սակայն նրա կարծիքով՝ դա ամեն դեպքում բռնության, հեգեմոնիայի դրսեւորման ձեւ է. «Երբ մենք սեքսիզմ ասվածը բացում ենք այլ տեսանկյունից, ապա ակնհայտ է դառնում, որ հիմնականում կանանց է այն ուղղված, չնայած կարելի է նաեւ օրինակներ բերել տղամարդկանց դեպքում: Կանանց շրջանում դա առավել ակնառու է եւ կարող է տարբեր կերպ արտացոլվել՝ բռնության կիրառման եւ հոգեբանական տեսանկյունից»: 

Միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը հարցին մոտեցավ իրավական տեսանկյունից՝ նշելով, որ դա անուղղակի խտրականության տեսակ է, եւ այդ պարագայում կարելի է անգամ իրավական գործընթաց սկսել. «Ցանկացած կին կարող է սկզբունքորեն դիմել գովազդ պատրաստողին եւ հեռուստաընկերությանը՝ առաջ քաշելով գովազդի եւ գենդերային հավասարության օրենքը: Մենք խտրականության արգելքի վերաբերյալ չունենք օրենք, սակայն կա նախագիծ: Պետք է պարզապես հասկանալ, որ օրենքը չի աշխատի եւ չի գործի, եթե չմտնի դատարան: Մարդիկ չեն պաշտպանում իրենց իրավունքները: Ճիշտ է, կան օրենսդրական բացեր, սակայն այս պահի դրությամբ այն, ինչ ունենք օրենսդրական դաշտում, թույլ է տալիս գործընթաց սկսել»: 



Նշենք, որ քննարկման բանախոսներին հարցեր հղեցին նաեւ ներկաները, որոնց մասնագետներից յուրաքանչյուրը պատասխանեց իր մասնագիտական տեսանկյունից: Քննարկման ժամանակ ցուցադրվեցին նաեւ թեմայի հետ կապված մի շարք գովազդային հոլովակներ: 

Նշենք նաեւ, որ հանրային քննարկումը նախաձեռնել էին «Oxygen Foundation» եւ «World Vision Armenia» կազմակերպությունները: