Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-11-2017
Մանուէլ Պետրոսյան. «Մտադիր եմ առավել լավ պատրաստվել մյուս մրցաշարերին»
Նոյեմբերի 12-26-ն Իտալիայում կայացել է մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ տղաների շախմատի աշխարհի առաջնությունը:

Պատանիների մրցաշարին մասնակցում էր 62 երկրի 147 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում էին աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2561),  աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը (2554) եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (2508): Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը, վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրել է 43-րդ տեղը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր նաեւ  միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը:



Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գրոսմայստեր, շախմատի աշխարհի եւ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների 2016 թվականի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի առաջնության մինչեւ 20 տարեկանների փոխչեմպիոն Մանուէլ Պետրոսյանը եւ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը խոսեցին առաջնության արդյունքների մասին:

Արսեն Եղիազարյանի խոսքով՝ բավականին լուրջ մրցաշար էր, որը չեմպիոններին գրոսմայստերի կոչում ստանալու հնարավորություն էր տալիս. «Մինչ առաջնությունն ունեցել էինք նաեւ ուսումնամարզչական մարզումներ, իսկ ֆեդերացիան իր հերթին ամեն բան արել էր մարզիկների համար: Մանուէլը սկզբնական հատվածում հաջող հանդես չեկավ, սակայն հետագայում կարողացավ ուժերը հավաքել, լավ հանդես գալ եւ զբաղեցնել 2-րդ տեղը: Ցավոք, մեր մյուս մասնակիցները չկարողացան լավ ելույթ ունենալ, սակայն այն, որ նման մրցաշարերում մարզիկները կարողանում են բարձրացնել իրենց անհատական վարկանիշը, արդեն դրական է»:



Մանուէլ Պետրոսյանն էլ կարծում է, որ 1-ին տեղը չգրավելու պատճառն անհաջող մեկնարկն էր. «Անկեղծ ասած, սկզբում չէի հարմարվում միջավայրին, սակայն ամեն դեպքում կարողացա վստահություն ձեռք բերել եւ հաջողություն գրանցել: Բավականին ուժեղ շախմատիստներ կային մրցաշարում»: 

Մանուէլ Պետրոսյանին իր խորհուրդներով օգնում ու փորձով կիսվում է Լեւոն Արոնյանը: Ըստ նրա՝ Լեւոն Արոնյանի ամեն բառն արդեն խորհուրդ է:

Մանուէլ Պետրոսյանը մտադիր է էլ ավելի մեծ ոգեւորությամբ աշխատել, որպեսզի առավել լավ մարզավիճակով հանդես գա առաջիկա մրցաշարերում: