Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 02-12-2017
Արսեն Պետրոսյան. «Կյանքում լինում են որոշիչ պահեր»
Քչերին է հաջողվում կարճ ժամանակահատվածում սիրված բնագավառում հասնել որոշակի հաջողությունների, սակայն Արսեն Պետրոսյանը բացառիկ մարդկանցից մեկն է, ում հաջողվել է ոչ միայն կայանալ սիրված բնագավառում, այլեւ նա սիրվել է հանրության կողմից։

23-ամյա երիտասարդ  դուդուկահարն արդեն ունի ձայնասկավառակ, համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում եւ Իսպանիայում։ Արսենը ծնվել է Չարենցավանում` երաժշտական եւ երաժշտասեր ընտանիքում, ուստի արդեն իսկ կարելի  կռահել, թե որտեղից է առաջացել սերը դուդուկի հանդեպ. «Հորս տատիկի հայրը Ջավախքում դուդուկահար է եղել: Տատիկս ու պապիկս երգել են, տանը  մշտապես ժողովրդական երաժշտություն է հնչել: Սկզբում նվագել եմ շվի: Ֆիզիկապես դժվար է միանգամից դուդուկի անցնելը»:

Արսենը «Վերածնունդ» միջազգային մրցույթի առաջին կարգի դափնեկիր է։ Մեզ հետ զրույցում նա խոստովանեց՝  դուդուկահար դառնալու եւ մեծ բեմեր գրավելու միտքը առաջացել է դեռ 14 տարեկանում, երբ ապագա դուդուկահարը երաժշտական խմբով այցելել է ԱՄՆ. «Կյանքում լինում են  որոշիչ պահեր, որոնք լինում են ողջ կյանքի համար. իմ  առաջին համերգային շրջագայությունը ԱՄՆ որոշակիորեն դարձավ ճակատագրական»։

Այսօր Արսենը շարունակում է իր գործունեությունը: Նա սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Գեւորգ Դաբաղյանի դասարանում, եւ աշխատում է Ջնար ավանդական երաժշտության անսամբլում, եւ իհարկե զբաղվում մենակատարային գործունեությամբ. «Ասել, որ ես հասել եմ մեծ բեմ, այդքան էլ այդպես չէ, կամ էլ ես չեմ ընդունում, քանի որ կարծում եմ, որ ես դեռ անելիքներ ունեմ  մեծ բեմ բարձրանալու համար: Ամեն դեպքում ուրախ եմ եւ վստահ, որ այդ ճանապարհին եմ»։

Հ.Գ.: Նոյեմբերի 20-ին Չարենցավանում Արսենը հանդես եկավ համերգային երեկոյով, որտեղ երիտասարդ դուդուկահարը միայնակ չէր։ Այս անգամ նրա հետ նույն բեմում էր Անգլիայից ժամանած երգեհոնահար Նիկո Գրիգորինեն։ Արսեն Պետրոսյանը համերգը նվիրել էր իր դուդուկի առաջին ուսուցիչ Գրիգոր Խաչատրյանի հիշատակին։