Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-12-2017
Ցուցահանդես-վաճառքը շարունակվում է
Տոնածառի խաղալիքներ, պայուսակներ, գլխարկներ, զարդեր. այս եւ մի շարք այլ ձեռագործ աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:

Լենա Շամլյանը 5 տարի առաջ է եկել Հալեպից: Ցուցահանդես-վաճառքին նա ներկայացնում էր իր աշխատանքները. «Առաջին հերթին շյուղերու գործերս կու գան, որոնք մաքուր բուրդով թելերով են եւ լավ որակի: Կան վզնոց, գլխարկ: Անոր կողքին ունինք մեր հայկական կտորներով պատրաստված պայուսակներ, անձեռոցիկի աման, սեղանի զարդարանք: Այս տարի նորությունս բարձերն են»:

Տեսողական խնդիրներ ունեցող Ռուզաննա Չատոյանն էլ մոտ 4 տարի զբաղվում է հուլունքներից զարդերի պատրաստմամբ: Նրա խոսքով՝ այն իր համար ոչ թե հոբբի է, այլ աշխատանք:

«Ընկերուհիս զանգեց եւ ասաց, որ այսպիսի ցուցահանդես-վաճառք կա: Որոշեցի մասնակցել: Զանգեցի, գրանցվեցի եւ եկա»,- մեզ հետ զրույցում ասաց նա: 

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով՝ իրենք 10 տարուց ավելի Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ կազմակերպում են ցուցահանդես-վաճառք: Ակտիվորեն մասնակցում են հատկապես երիտասարդները:

«Մասնակցությունը տարեցտարի ավելանում է, քանի որ այդ հարցերով եւ այդ մարդկանց հարցերով զբաղվող կազմակերպություններն են երեւի շատանում: Հետաքրքրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ ավելի այժմեական է դառնում ոչ միայն մեր, այլեւ Կառավարության եւ պետական մարմինների կողմից»,- մեզ հետ զրույցում նշեց Արմինե Հալաջյանը: 

Դեկտեմբերի 4-ին մեկնարկած միջոցառումը կավարտվի դեկտեմբերի 6-ին՝ «Կանանց եւ աղջիկների զորացում՝ ձգտելով կայուն եւ դիմակայուն հասարակության բոլորի համար» թեմայով կլոր սեղան-քննարկմամբ:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն նպատակ ունի բարձրացնելու բնակչության տեղեկացվածությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին, աջակցելու նրանց եւ մասնակից դարձնելու հասարակական կյանքի տարբեր ոլորտներին: Այս տարի օրն ունի «Փոխակերպում դեպի կայուն եւ դիմակայուն հասարակություն բոլորի համար» խորագիրը:

Պատկերասրահ՝ Ցուցահանդես-վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում