Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 10-12-2017
Լավագույն մարզիկների տասնյակը կորոշվի շատ շուտով
Լրագրողները հատուկ ընթացակարգով հավատարմագրում են անցել լավագույններին որոշելու համար:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին հավատարմագրված 23 լրագրողների անունները: Մրցույթին մասնակցող մարզիկների օգտին կարող է քվեարկել նաեւ «Երիտասարդ» առցանց պորտալի թիմի անդամ Հարություն Ծատրյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը եւս հայտնի է: Հունահռոմեական ըմբշամարտից մարզաձեւի պատասխանատուները ներկայացրել են Արթուր Ալեքսանյանի ու Մաքսիմ Մանուկյանի թեկնածությունը: Ծանրամարտից ներկայացված են Սիմոն Մարտիրոսյանի, Անդրանիկ Կարապետյանի, Ռուբեն Ալեքսանյանի եւ Գոռ Մինասյանի թեկնածությունը, սամբոյից՝ Տիգրան Կիրակոսյանի, Մաքսիմ Մանուկյանի, Գրիգոր Մխիթարյանի ու Վաչիկ Վարդանյանի, մարմնամարզությունից՝ Արթուր Թովմասյանի եւ Հարություն Մերդինյանի, իսկ ազատ ոճի ըմբշամարտից թեկնածուների թվում են Լեւան Բերիանիձեն, Գեորգի Կետոեւը, Վալոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը:

Մեկական ներկայացուցիչ է ընտրված շախմատ, ֆուտբոլ, բռնցքամարտ, գեղասահք, հրաձգություն, ուշու եւ թեքվանդո մարզաձեւերից: Համապատասխանաբար թեկնածուների թվում են Լեւոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Հովհաննես Բաչկովը, Անաստասիա Գալուստյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սարգիս Սարգսյանը եւ Սերգեյ Վարդանյանը: Դահուկային սպորտում հաջողությունների հասած Սերգեյ Միքայելյանը եւ հեծանվային սպորտում մրցաշրջանի լավագույն արդյունքը գրանցած Էդգար Ստեփանյանը եւս կարող են հայտնվել լավագույն տասնյակում: