Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 10-12-2017
ՄԻԱՎ/ՁԻԱՀ. իրազեկման ծրագիր՝ Չարենցավանում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում է ՀՀ 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում երիտասարդական ծրագրերի եւ նախագծերի իրականացումը:



Դեկտեմբերի 9-10-ը «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվեց ««ՄԻԱՎ/ՁԻԱՀ»-ի վերարտադրողական առողջության, թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման դեմ պայքարի վերաբերյալ երիտասարդների իրազեկության  մակարդակի բարձրացում» ծրագիրը: 



Գայանե Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարբերությունները: Մասնավորապես այն, որ ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուս է, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը՝ ներթափանցելով մարդկանց սպիտակ բջիջների մեջ, իսկ ՁԻԱՀ-ը ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ է, որը ներառում է ախտահարումների համալիր համախտանիշներ, որոնք առաջացնում են օպորտունիստական հիվանդություններ: 

Գայանե Սարգսյանը նշեց նաեւ վարակի փոխանցման ուղիները, մատնանշեց այն բոլոր տարբերակները, որոնք տարածված են հասարակության մեջ որպես վարակի տարածման աղբյուր: 



«ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի, հազի, փռշտոցի, շնչելու, խոսելու, քրտինքի, արցունքի, մեզի, ընդհանուր սպասքի, սրբիչի, անկողնային սպիտակեղենի, միջատների խայթոցների միջոցով, ինչպես նաեւ կենցաղային շփումների, ընկերական, ֆրանսիական համբույրների, գրկախառնության, ձեռքսեղման ժամանակ, ընդհանուր լողավազանից, բաղնիքից, հասարակական զուգարանից օգտվելիս, ընտանի կենդանիներին եւ ՁԻԱՀ-ով հիվանդներին խնամելիս»,- փաստեց Գայանե Սարգսյանը եւ հավելեց, որ հիվանդությունն ունի նաեւ գաղտնի շրջան: 



Մարիամ Ղազարյանն էլ ներկայացրեց ՄԻԱՎ-ի 4 փուլերը՝ պատուհանի, առողջ ՄԻԱՎակրություն, վարակի հետ կապված հիվանդությունների առաջացում եւ ՁԻԱՀ-ի փուլ. «Շատերին հուզում է այն հարցը, թե ինչպես կարելի է խուսափել վարակից: Պարզապես պետք է չունենալ պատահական սեռական հարաբերություններ, օգտագործել պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ, կյանքի ընթացքում ունենալ մեկ հավատարիմ զուգընկեր, միանվագ ներարկիչներ, թմրամիջոցներ չօգտագործել, իսկ ամենակարեւորը՝ սեռավարակների կասկածի դեպքում ժամանակին դիմել բժշկի»:



Թրեյներները մասնակիցներին ներկայացրեցին նաեւ ինքնաթեստավորման նորագույն տարրերը: Ինքնաթեստավորումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական մեթոդ է, որը մարդուն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել իր համար ցանկալի եւ հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, ում վստահում է: Նշենք, որ այն դեռեւս վաճառքում չկա: 



Սեմինար-դասընթացի ընթացքում մասնակիցներն իրենց հուզող հարցերը հղեցին թրեյներներին, ինչպես նաեւ ինտերակտիվ խաղերի ժամանակ ներկայացրեցին իրենց պատկերացումները ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի մասին: Մասնավորապես այն, թե իրենց կարծիքով ինչպես կարող է փոխանցվել վարակը: 

2 խմբերի ներկայացրած տարբերակները միմյանցից տարբերվում էին թե՛ բովանդակային առումով, թե՛ պատկերացումների մակարդակով: Թրեյներներն անհրաժեշտ շտկումներ արեցին աշխատանքներում եւ տեսանյութերի միջոցով առավել պատկերավոր ներկայացրեցին վարակի փոխանցման ճանապարհները: Մասնակիցները երկրորդ անգամ կատարեցին նույն աշխատանքը:



Մասնակիցների խոսքերով՝ սեմինար-դասընթացը տարբերվում էր, քանի որ առկա էր ոչ միայն տեսական, այլեւ գործնական հատված, ինչը ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի մասին լիարժեք պատկերացում կազմելու հնարավորություն տվեց: Ավելին, մասնակիցները խոստովանեցին, որ մինչ այդ շատ քիչ եւ որոշակի չափով թյուր տեղեկատվություն են ունեցել: 

Ծրագրի մասնակիցները «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանի կողմից արժանացան հավաստագրերի՝ ««ՄԻԱՎ/ՁԻԱՀ»-ի վերարտադրողական առողջության, թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման դեմ պայքարի վերաբերյալ երիտասարդների իրազեկության  մակարդակի բարձրացում» ծրագրին մասնակցելու համար: