Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Անուշ Էլբակյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 11-12-2017
Անուշ Էլբակյան. ամերիկյան «Էմմիի» կրկնակի մրցանակակիր հայուհին
Eritasard.am-ը ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի, երիտասարդ լրագրող Անուշ Էլբակյանին, ով ամերիկյան հեղինակավոր «Բոստոն Գլոբ» օրաթերթի վիդեո տնօրենն է եւ ավագ վիդեո խմբագիրը:
Ինչպես ինքն է բնութագրում, իր մասնագիտությունը պրոդյուսեր-ռեժիսոր-հեռուստալրագրող եռանկյունին է, քանի որ մեր ժամանակներում միայն լրագրող լինելը բավարար չէ: 
 
Համառ աշխատանքի ու ջանքերի գնով էլ ամերիկյան՝ «եռանկյունու» երեք անկյուններն ընդգրկող լրագրության ոլորտում իր համար արդեն հաստատուն ճանապարհ հարթած մեր հայրենակցուհին, չնայած երիտասարդ տարիքին, նշանակալի ձեռքբերումներ ունի. 2 անգամ արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի», ինչպես նաեւ հեղինակավոր այլ մրցանակների: 
 
«Էմմի» 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Կարճ վավերագրական նյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անուշ Էլբակյանի «Լեոյի կյանքի մեկ օրը» տեսալուրը, «Էմմի» 40-րդ մրցանակաբաշխության «Հասարակական խնդիրներ» անվանակարգում էլ (2017 թ.)՝ մի քանի ֆիլմերից բաղկացած «Ուշադրության կենտրոնում. հետաքննություն, մասնավոր դպրոցներ, ցավոտ գաղտնիքներ» նախագիծը: Ի դեպ, «Էմմին» ամերիկյան հեռուստատեսային բնագավառի բարձրագույն մրցանակն է եւ համարժեք է «Օսկար», «Գրեմիի», «Թոնի» (համապատասխանաբար` կինոյում, երաժշտության բնագավառում եւ թատերական արվեստում) մրցանակներին: 


 
Ավելի վաղ Անուշը «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների եւ հետեւանքների լուսաբանման համար թիմի հետ արժանացել է «Փուլիթցերյան» մրցանակին: Կարեւոր մրցանակներից է նաեւ ԱՄՆ-ի «Առցանց նորությունների ասոցիացիայի» «Առցանց լրագրության» մրցանակը, որին արժանացել է հրատապ լուսաբանման համար: 
 
Երեւանյան մանկությունից մինչեւ ամերիկյան «Էմմի», ջերմ ու չմարող հուշեր, մասնագիտական գործունեություն, ձեռքբերումներ, ամերիկյան լրագրության խնդիրներ. Անուշի հետ զրուցել ենք այս եւ այլ թեմաների շուրջ: 
 
Ի  դեպ, մեր զրուցակիցը ճանաչված բեմադրիչ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, հեռուստալրագրող, պրոդյուսեր, նկարիչ Արթուր Էլբակյանի դուստրն է: 
 
«Չգիտեմ՝ վառարանի՞ ջերմությունն էր շատ, թե՞ մեր սրտերինը…»
 
- Անո՛ւշ, մինչեւ տասը տարեկանը բնակվել եք Հայաստանում: Որո՞նք են ամենաթանկ ու ապրեցնող հուշերը, որ կապում են Ձեզ մանկության ու հայրենիքի հետ:
 
- Ծնվել եմ իմ սիրելի Երեւանում: Կարելի է ասել, որ ես անկախության սերնդի ներկայացուցիչ եմ: Քանի որ մինչեւ տասը տարեկանն եմ ապրել Հայաստանում, ուստի հայրենիքի հետ կապված իմ բոլոր հիշողություններն առնչվում են մանկության տարիներին: Մանկության հիշողություններն այնքան խտացված են, իրար կապված ու միմյանց լրացնող, որ դժվարանում եմ դրանք առանձնացնել: Կոնսերվատորիայի շենք, «Արծաթե բանալի» մրցույթ, ընկեր Գոհարիկ, փորձեր, երգերի ձայնագրություն, ելույթներ… Հիշողությունների երկար ու հաճելի մի շարան է սա: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, դաշնամուրի դասեր... 


 
Ծնողներիս հետ «Թատրոն 13»-ի կուլիսներում ներկա գտնվելը եւ դերասանների հետ շփվելը կամ «Ար» հեռուստաընկերության միջանցքներով վազվզելն ու նկարահանվելը հիշողությունների մի այլ փունջ են ինձ համար: Եվ իհարկե՝ ցուրտ ու մութ տարիները՝ իրենց բոլոր կողմերով:
 
Մեր բակի անօթեւան շանն եմ հիշում, որի անունը, չգիտես ինչու, «Ոսկոր» էինք դրել: Բակի երեխաների եւ իմ ուրախությունն էր այդ շնիկը: Տնից անընդհատ նրա համար կերակուր էի տանում: Ողջ բակով կերակրում էինք նրան, բայց ես, չգիտես ինչու, համարում էի, որ «Ոսկորը» իմ շնիկն է: Երեւի շուն ունենալու անսահման ցանկությունն էր պատճառը: 
 
 - Խնդրում եմ՝ պատմե՛ք Ձեր ընտանիքի մասին: Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել ընտանեկան միջավայրը, դաստիարակությունը Ձեր՝ որպես անհատի ձեւավորման ու կայացման առումով: 
 
- Ընտանիքի մասին պատմելը գրեթե անհնար է: Շատ կարճ կարող եմ բնութագրել՝ անսահման սեր ու չգոլորշիացող ջերմություն: Ցուրտ ու մութ տարիներին տատիկս ու պապիկս, հայրս ու մայրս, քույրիկս եւ ես նստում էինք վառարանի մոտ ու զրուցում: 
 
Կտրոնով գնած թաց հացն ու կարտոֆիլը չորացնում էինք վառարանի վրա եւ ուտում:  Մեծահասակները հետաքրքիր պատմություններ էին պատմում, ես ու քույրիկս էլ վառարանի կողքին «թատրոն-թատրոն» էինք խաղում ու փորձում մեր հերթին փոքր-ինչ զվարճացնել մեր ծնողներին: Ու հիմա չգիտեմ՝ վառարանի՞ ջերմությունն էր շատ, թե՞ մեր սրտերինը…


 
«Իմ մասնագիտությունը պրոդյուսեր-ռեժիսոր-հեռուստալրագրող եռանկյունին է…»
 
- Առաջին մասնագիտական քայլերը լրագրության եւ առհասարակ ցանկացած ոլորտում երբեք չեն մոռացվում: Որտեղի՞ց եւ ինչպե՞ս սկսվեց Ձեր մասնագիտական կենսագրությունը: 
 
- Երեւանում սովորում էի «Փոսի» անգլիական թեքումով (Հ. Օշականի անվան) դպրոցում: Ապա ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, եւ ես դպրոցն այնտեղ ավարտեցի: Դա լեզվաբանական լիցեյ էր, որն ավարտելուց հետո՝ նույն տարում, ընդունվեցի եւ մեկ տարի ուսանեցի Մոսկվայի լեզվաբանական համալսարանում: Սակայն ես ձգտում էի առավելագույնին ու ընդունվեցի Բոստոնի Սաֆոլկ համալսարան (ԱՄՆ): Ինձ համար միանգամայն նոր աշխարհ բացվեց. ամեն բան նոր էր ինձ համար՝ ամերիկյան նիստուկացից մինչեւ ամերիկյան համալսարանի դասավանդման եղանակներն ու մոտեցումները: Ոչ այնքան դժվար, որքան նոր ու հետաքրքիր:
 
Համալսարանի դասախոսական կազմը, բացի բարձրակարգ դասավանդումից, օգնում էր մեզանից յուրաքանչյուրին բացվել, ինքնաարտահայտվել եւ ձեւավորվել որպես անհատ: Կարելի է ասել` մասնագիտական առաջին քայլերը կատարվեցին հենց այդ համալսարանում` լեզուներ, մեդիա, լրագրություն, հեռուստատեսություն: 
 
Երբ ավարտեցի համալսարանը, արժանացա Սաֆոլկի տասը լավագույն ուսանողների մրցանակին: Դրանից հետո արդեն ինձ համար պարզ էր, թե ինչ ուղղությամբ եմ շարունակելու: Դիմեցի մի քանի մեդիա հարթակների եւ անցնելով շատ լուրջ քննություն՝ աշխատանքի ընդունվեցի «Բոստոն Գլոբ»-ում` ամերիկյան մեծ ավանդույթներ ունեցող օրաթերթում, եւ անցա բարդ աշխատանքի: Հաշվի առնելով նորօրյա, ժամանակակից տեխնոլոգիաները եւ թերթերին նետված մարտահրավերները՝ ես ավելի կարեւորեցի թերթի օնլայն տարբերակի զարգացման գործը: Ինձ համար դա կարեւոր էր եւ միաժամանակ հետաքրքիր: Համարյա զրոյից բաժինը կատարելագործվեց, դարձավ հզոր մի բաժին, որն ինչ-որ տեղ մրցունակ է անգամ հեռուստաընկերությունների հետ: Սկզբում ես ավագ վիդեո խմբագիր էի, իսկ հիմա արդեն ղեկավարում եմ այդ բաժինը: 
 
Իմ աշխատանքը կամ մասնագիտությունը պրոդյուսեր-ռեժիսոր-հեռուստալրագրող եռանկյունին է: Մեր ժամանակներում միայն լրագրող լինելը բավարար չէ: 
Ուրախ եմ, որ հենց Սաֆոլկ համալսարանում կրթություն ստացա եւ հենց «Բոստոն Գլոբ»-ում սկսեցի իմ մասնագիտական կենսագրությունը: Հարուստ պատմություն ունեցող, ավանդական եւ շատ սիրված թերթը մեծ դպրոց է:


 
- Արժանացել եք մի շարք հեղինակավոր մրցանակների: Ի՞նչն է հաջողության հիմքում: Ո՞րն է Ձեզ համար ամենամեծ նվաճումը, եւ առհասարակ ի՞նչ են փոխում հաջողություններն ու ձեռբքերումները: 
 
- Գաղտիք չէ, եւ կարծում եմ՝ մեծ նորություն էլ ասած չեմ լինի, որ ցանկացած հաջողություն՝ մեծ, թե փոքր, միայն ու միայն աշխատանքի արդյունք է: Ես աշխատում եմ եւ բնավ չեմ մտածում մրցանակների մասին: Իհարկե, հաճելի է, երբ քո կատարած աշխատանքը գնահատվում է՝ լինի դա թիմային, թե անհատական: Սակայն հաջորդ օրն արդեն քեզ սպասում է իր դժվարություններով եւ մարտահրավերներով, եւ անհրաժեշտ է արագ մոռանալ մրցանակները: Ինձ համար ամենամեծ նվաճումն իմ սիրած աշխատանքն է: Աշխատել, անընդհատ սովորել եւ կատարելագործվել. ինձ համար դա է կարեւորը:
 
- Լրագրողի ճանապարհը երբեք հարթ ու դյուրին չի լինում. հիշո՞ւմ եք ամենադժվար հաղթահարելի խոչընդոտը Ձեր ճանապարհին…
 
- Իսկ ո՞ւմ ճանապարհն է հարթ լինում. բժշկի՞նը, գիտնականի՞նը, մարզիկի՞նը… Ցանկացած խոչընդոտ, դժվարություն ունեն իրենց լուծումը: Դրանց հանդեպ փոխում ես քո մոտեցումը, վերաբերմունքը, եւ ամեն բան կարգավորվում է:
 
Ամենակարեւորը հույզերին չտրվելն է: Ինչպես հայրիկս է ասում. «Մինչեւ որոշում կայացնելը, մինչեւ պատասխան տալը մտքիդ մեջ հաշվի՛ր մինչեւ 11-ը, եւ ամեն բան կխմբագրվի, հույզերդ կկարգավորվեն»:


 
«Լրատվական հարթակները կարող են հիվանդացնել կամ բուժել տվյալ երկրի հասարակությանը»
 
- «Բոստոն Գլոբ»-ում պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում: Մեր ընթերցողին կհետաքրքրի՝ որո՞նք են ամերիկյան մուլտիմեդիա լրագրության ամենաակնառու խնդիրները: 
 
- ԱՄՆ-ում պաշտոն բառը չի ընկալվում որպես այդպիսին: Ավելի ճիշտ, դա, ըստ քո կարողությունների, քեզ վստահված դիրք է: Որպես կանոն, այդ դիրքն ինձ համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն է եւ կատարած աշխատանքի գնահատական: Վստահված դիրքն էլ ավելի է մեծացնում քո պատասխանատվությունը թիմում. չէ՞ որ «Բոստոն Գլոբ»-ը մի հսկայական կառույց է, մեծ թիմ, եւ ամեն բաժին աշխատում է՝ ի նպաստ ընդհանուր գործի: 
 
Ինչ վերաբերում է ամերիկյան լրագրության կամ մուլտիմեդիայի խնդիրներին, ապա ես այսպես կմեկնաբանեի. ամբողջ աշխարհում տարբեր երկրներ, պետություններ լուծում են իրենց առջեւ ծառացած ներքին եւ արտաքին բազմաբնույթ խնդիրներ՝ սեփական շահերով պայմանավորված, ուստի խնդիրները լուծելու ձեւերը եւ մոտեցումները տարբեր են: Եվ բնական է, որ տարաբնույթ խնդիրներ լուծելու գործում կարեւորվում են լրագրողական եւ մուլտիմեդիայի հարթակները: Այստեղ, ինչպես բժիշկների մոտ, գործում է «Մի՛ վնասիր» սկզբունքը: Այո՛, լրատվական հարթակները կարող են հիվանդացնել կամ բուժել տվյալ երկրի հասարակությանը:
 
Լրատվական դաշտում, ըստ իս, մեկ կարեւոր խնդիր գոյություն ունի. պետք է լինել նոր եւ հետաքրքիր: Հարկավոր է մեկ քայլ առաջ մտածել, արագ կողմնորոշվել, մի քանի անգամ ստուգել լրատվության աղբյուրը եւ միայն իրականությանը համապատասխանող լուրը հասցնել հասարակությանը: Մոտավոր լուր չի լինում: Լուրը լինում է կա՛մ ճիշտ, կա՛մ սխալ: Լուրը կարծիք չէ, ցանկություն չէ, այլ փաստ:


 
Իմ հերոսը մարդն է
 
- Ես դիտեցի Ձեր «Լեոյի կյանքի մեկ օրը»՝ հրդեհի ժամանակ ծանր այրվածքներ ստացած փոքրիկ Լեոյի եւ նրա խնամակալի՝ Ալեքսի չափազանց հուզիչ, խորը պատմությունը: Այն հրապարակելուց առաջ նշել եք, որ մարդկային կարեկցանքը սահմաններ չի ճանաչում: Առհասարակ ովքե՞ր են Ձեր հերոսները: 
 
- Իմ հերոսը մարդն է: Նրանք տարբեր են. հայտնի մարզիկ եւ քաղաքական գործիչ, վիրտուոզ խոհարար եւ հասարակ, տուն չունեցող, անօթեւան մարդ:
 
Ես նկարահանել եմ ե՛ւ Հիլարի Քլինթոնին, ե՛ւ Բեռնի Սանդերսին, «Պատրիոտ»-ի խաղերի ժամանակ՝ հզոր Թոմ Բրեյդիին եւ նրանց կողքին անպաշտպան Լեոյին ու անսահման սրտի տեր Ալեքսին: Հիմքում մարդն է, այլ ոչ թե պաշտոնը կամ աստիճանը:
 
- Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում եւ մասնագիտական գործունեության ընթացքում: 

- Երկու դեպքում էլ՝ ազնվությամբ: