Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից

Նոյեմբեր ամիսը սկսվեց շատ տպավորիչ. երեք հանգստյան օրեր, որոնք վայելեցինք Գդինիայից ոչ շատ հեռու գտնվող մի գողտրիկ անկյունում` Շիմանկա կոչվող ամառանոցում` շրջապատված սաղարթախիտ անտառով՝ իր ողջ հմայքով եւ լռության մեջ թաքնված իր խորհրդավորությամբ: Հարյուրամյա հնության ամառանոցը մեզ ուղղակի ապշեցրեց իր հնադարյան գերազանց պահպանված ճարտարապետությամբ եւ կահավորանքով: Հագեցած գրաֆիկը երեք օրերն ուղղակի մեկ ակնթարթ դարձրեց: Տարաբնույթ քննարկումները, խաղերն ու համակարգողների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեցին իրենց արդյունքը:
Բազմաթիվ activity-ներից նշեմ թեպետ մեկը. այն կապված էր կարծրատիպերի եւ մշակութային տարբերությունների հետ: Յուրաքանչյուր մասնակցի մեջքին փակցված էր մի անուն (սեւամորթ, միայնակ մայր, թմրամոլ, թափառաշրջիկ, մուսուլման, նույնասեռական եւ այլն): Մասնակիցներս պետք է շրջեինք յուրաքանչյուր մասնակցի կողքով, կարդայինք մեջքին գրվածը եւ փորձեինք բացատրել, թե մեր երկրում մարդիկ ինչպես են վերաբերում այդ մարդկանց:
Վերջում ամեն մեկս պետք է ասեինք, թե`
●Ի՞նչ ենք հասկացել դիմացինի նկարագրությունից. ի՞նչ բառ էր փակցված:
●Ի՞նչ զգացինք դիմացինի նկարագրությունից եւ այլն...
Խաղի իմաստն այն էր, որ մենք հասկանայինք, թե ինչ կարծրատիպեր եւ նախապաշարմունքներ կան տարբեր երկրներում, եւ փորձեինք հասկանալ դրանց պատճառները եւ փորձեինք ընդհանուր լուծումներ գտնել:
Խաղն իր նպատակին ծառայեց, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները չունեին ոչ մի նախապաշարմունք եւ կարծրատիպ: