Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 13-12-2017
Նոր երանգեր…
Ուղիղ երկու ամիս է, ինչ Լեհաստանում եմ, ասել է թե՝ գրեթե 60 օր: Պետք է նշեմ, որ օրերն ինձ երբեւէ այսքան կարճ չեն թվացել, ինչպես այս ընթացքում. դրանք ուղղակի սահում են ակնթարթների նման՝ հիշողության հուշաթերթերում սքողելով բոլոր վառ հույզերս ու տարաբնույթ ապրումներս: Չեմ հասցնում աչքս թարթել, մեկ էլ զգում եմ, որ առավոտն արդեն երեկո է դարձել, երկուշաբթին՝ կիրակի, իսկ շաբաթը՝ արդեն ամիս…

Հենց այսպես էլ իրական կյանքն է. մի օր երեխա ես, իսկ հաջորդ պահին աննկատելիորեն թեւակոխում ես երիտասարդություն, հետո՝ հասուն տարիք եւ մի օր էլ հանկարծ նկատում ես, որ ծերությունն ակամա քո դուռն է թակում իր խոժոռ ու սառնասիրտ դեմքով: Ժամանակն ագահ է համայն մարդկության հանդեպ, ուստի պետք է կյանքից վերցնել հնարավոր ամեն ինչ. շուտ արթնանալ, ուշ քնել, զբաղվել սիրած աշխատանքով, ունենալ հստակ նպատակներ ու սահուն քայլերով շարժվել առաջ: Թերեւս սա է հաջողության ու երջանկության բանաձեւը ինձ՝ ԵԿԾ կամավորիս համար: 

Վերադառնալով աշխատանքային գործունեությանս՝ ընդգծեմ, որ նոյեմբերը բավականին հագեցած էր: Մեկ շաբաթ անցկացրեցի մայրաքաղաք Վարշավայում (on-arrival training), որը հոյակապ հարթակ էր Լեհաստանում ԵԿԾ-ով ժամանած այլ երիտասարդների հետ նոր ծանոթությունների հաստատման համար: Հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու լեհական մշակույթի հետ, ինչպես նաեւ օտարազգիներին հրամցնելու հայրենի մշակույթը՝ իր ողջ գեղեցկությամբ ու ճոխությամբ: 

Դասընթացի մասնակիցներին մեծ ոգեւորվածությամբ հայկական ժողովրդական պարեր ուսուցանելու պատրաստակամություն հայտնեցի: Գրեթե մեկ ժամ տեւած քրտնաջան աշխատանքից հետո դասընթացավարների դատին հանձնեցինք հայկական ամենադիտարժան պարերից մեկը՝ «Ծաղկաձորի»-ն, ինչը մոտիվացրեց մյուս մասնակիցներին, եւ նրանք եւս հանդես եկան նախաձեռնությամբ՝ իրենց մշակույթից ներկայացնելով որոշ պատառիկներ: 

Դասընթացը զարմանահրաշ Վարշավան բացահայտելու հրաշալի առիթ էր: Քաղաք, որի 85%-ն ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Բառերը չեն բավականացնում, որպեսզի հիացմունքս արտահայտեմ մայրաքաղաքի բնակչության պատվախնդրության ու մեծահոգության վերաբերյալ. նրանք իրենց միջոցներով շուրջ երեք տասնամյակ տեւած շինարարական աշխատանքներից հետո վերականգնել են քաղաքի հնագույն տեսքը, որը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է: Այսօր Վարշավան այլեւս չի տրտմում, այլ դարձել է մեգապոլիս, որտեղ կարող ես հանդիպել տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների՝ հնդիկներ, սեւամորթներ, չինացիներ, իսպանացիներ, ռուսներ, հայեր եւ այլն:   

Առանձնակի կցանկանայի ներկայացնել «Stare Miasto» կոչվող վայրում գտնվող այս՝ առաջին հայացքից անշուք ու հասարակ թվացող բրոնզե զանգի պատմությունը: Այն կառուցվել է 1646 թ.-ին՝ Ս. Ջոնի տաճարի կտուրին տեղադրելու համար: Սակայն շուտով պարզ է դարձել, որ այն չի կարող զրնգալ: Մարդկանց հիասթափությունը սահման չուներ… Այնինչ օրերից մի օր իսկական հրաշք տեղի ունեցավ. զանգը սկսեց ղողանջել: Այդ օրվանից ի վեր այդ մետաղե զանգն այլեւս անպետք իր չէ, այլ «Ցանկությունների զանգ»: Մայրաքաղաքի բնակչությունը հավատում է, որ այդ զանգն ի զորու է իրականացնել մարդկության երազանքները, եթե դրա շուրջը մեկ պտույտ գործեք: Դե՛ ինչ, ես իմ պտույտն արեցի, հիմա հերթը ձե՜րն է…