Նյութը՝ Նելլի Գիշյանի
Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 14-12-2017
«Ուղին ճշմարիտ է, երբ այն հայրենիք է բերում»
2017 թվականի դեկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, կազմակերպության ընկերներ ու բարերարներ, ովքեր շարունակաբար աջակցել են կազմակերպության հայրենասիրական գաղափարների իրականացմանը։ 

Կազմակերպությունն իր ստեղծման պահից ի վեր քաղաքացիական բազմաթիվ ակտիվ նախաձեռնություններ է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով տարբեր սերունդների եւ հիմքում ունենալով հետեւյալ կարգախոսները. «Երիտասարդությո՛ւն, դու կաս, եթե բարձրանպատակ ես...», «Ավագների հետքերով դեպի հաղթանակ» եւ «Ուղին ճշմարիտ է, երբ այն հայրենիք է բերում»։ Սրանք այն խոսքերն են, որոնք ժամանակի ընթացքում ապացուցվել են նաեւ կատարված աշխատանքներով։ Դրա ապացույցներն են թեկուզ ամառային սկաուտական ճամբարները կամ, ինչպես սկաուտներն են կոչում, բանակումները, որոնք տարիներ շարունակ ամառային արձակուրդին հարյուրավոր արցախաբնակ երիտասարդների հնարավորություն են տալիս գիտելիքներ ու նորանոր հմտություններ ձեռք բերել բնության գրկում՝ վրանային պայմաններում՝ այդպիսով իսկ որոշակիորեն ապրելով ու զգալով բանակային կյանքը։ 

Ամենահատկանշականն այն է, որ ճամբարի երիտասարդները տարբեր տարիքային խմբեր են ներկայացնում. նրանք 10-18 կամ ավելի բարձր տարիքային խմբերի են պատկանում, բայց անկախ նրանց տարիքային տարբերություններից ու նախասիրություններից՝ նրանց համախմբում է մի կարեւոր ու սուրբ զգացում՝ սերն առ հայրենիք։ Ահա այն հիմնական նպատակը , որի համար ստեղծվել է «Հայկի Սերունդ» երիտասարդական ՀԿ-ն, որն այսօր էլ պատվով կատարում է իր առաքելությունը, այն է՝ սերունդներին կրթել ռազմահայրենասիրական ոգով, որպեսզի արցախցին իր կոչմանը համապատասխան քայլի ավագների հետքերով եւ ընտրելով ճշմարիտ ուղին՝ «մի՛շտ պատրաստ» լինի հանուն հայրենիքի, ինչպես վայել է իսկական սկաուտին։ 

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում ենք «Հայկի Սերունդ» երիտասարդական ՀԿ-ին եւ մաղթում երկար տարիների հայրենանվեր աշխատանք։