Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-12-2017
«Ընդունի՛ր մարտահրավերը, դարձի՛ր առաջնորդ, ոգեշնչի՛ր ապագան»
«Ընդունի՛ր մարտահրավերը, դարձի՛ր առաջնորդ, ոգեշնչի՛ր ապագան». այս կարգախոսով «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրի ներկայացուցիչներն արդեն երրորդ անգամ հյուրընկալվել էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնում։

Երկամյա այդ ծրագիրը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցները, իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, աշակերտների համար հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը, ոգեշնչում են երեխաներին եւ նպաստում կրթության որակի բարելավմանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ծրագրի հավաքագրման հարցերով համակարգող Տաթեւիկ Հովհաննիսյանը ներկաներին ծանոթացրեց ծրագրին դիմելու ընթացակարգը, մասնագիտական աճի, առաջնորդության հմտությունների եւ կարիերայի զարգացման հնարավորությունները՝ շեշտադրելով դրանց կարեւորությունը հատկապես Կառավարման ակադեմիայի ուսանողների համար՝ որպես վաղվա առաջնորդների:

Պետք է նշել, որ բուհից արդեն վեց շրջանավարտ իսկ համալրել են «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրի թիմը՝ հայրենանվեր գործունեություն իրականացնելով Հայաստանի մարզերի դպրոցներում:

Մասնակիցներին մասնավորապես հետաքրքրում են  դիմորդների տեղաբաշխման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ծրագրին դիմելու ընթացակարգը։

Թերեւս նոր, բայց արդեն սիրված ծրագիրն իր մեծ լսարանն ու հետեւորդներն ունեցավ կարճ ժամանակահատվածում։

Հավելենք, որ մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են Teach For All միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր է կիսել լավագույն փորձը եւ գիտելիքները: