Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-12-2017
Կայացավ Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» ներկայացման պրեմիերան
«Գոյ» թատրոնում դեկտեմբերի 14-ին կայացավ Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» ներկայացման պրեմիերան:

Ներկայացման հեղինակն Արթուր Սահակյանն է, բեմադրող նկարիչը՝ Գարիկ Մանուկյանը, իսկ զգեստների հեղինակը՝ Մերի Սարգսյանը: «Քարանձավի մարդիկ» ներկայացման դերասանական կազմում են Ռաֆայել Գրիգորյանը, Մարինե Սարգսյանը, Նարինե Ալեքսանյանը, Էլիզա Մանթաշյանը, Լիլիթ Բադանյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Կարեն Գալստյանը, Սամվել Թոփալյանը, Սարգիս Չոլոյանը, Գայանե Բալյանը, Ռիտա Խալաթյանը, Հայկ Կլեկչյանը, Տրդատ Մակարյանը եւ Արսեն Ազիզյանը: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման հեղինակ Արթուր Սահակյանը խոսեց ներկայացման աշխատանքային գործընթացի, դերասանների ընտրության եւ գաղափարի մասին: Արթուր Սահակյանի խոսքով՝ աշխատանքների մեկնարկը տրվել է դեռ սեպտեմբերից: Դերասանական կազմը բաղկացած է 2 կազմից, կան նաեւ հրավիրված դերասաններ՝ Ռաֆայել Գրիգորյանը, Մարինե Սարգսյանը եւ Նարինե Ալեքսանյանը:

«Սարոյանն առհասարակ սիրո փոխառն է, նրա ստեղծագործություններից սեր է ճառագում:  90-ականներին այս գործը շատ նման էր միջավայրին, Հայաստանի բնակչության վիճակին: Երազանքս էր, որպեսզի Խորեն Աբրահամյանն այդ ամենը հաղթահարեր բեմում, քանի որ հենց այդ ծավալի դերասան էր պետք այս ներկայացման համար: Բնականաբար, այն ժամանակ միջոցներ չկային բեմականացման համար, կամ գուցե նա չցանկանար աշխատել, չնայած փորձ չեմ արել առաջարկելու: Վարպետից հետո մոռացել էի այս գործի մասին, սակայն մի քանի տարի առաջ Գյումրիում ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացա Ռաֆայել Գրիգորյանի հետ: Կարող եմ ասել, որ արքայի դերում նման կատարող չունեմ. նա առանձնանում է: Դերասանները թող չնեղանան, սակայն այդ ծավալի դերակատար ես չեմ տեսնում»,- նշեց Արթուր Սահակյանը եւ հավելեց, որ առհասարակ դերասանը թատրոնի ամենագլխավոր բաղադրիչն է:

Այն հարցին, թե արդյոք փոփոխություններ կան ներկայացման մեջ, Արթուր Սահակյանը պատասխանեց, որ փոփոխությունների կողմնակից չէ, քանի որ կան ստեղծագործություններ, որոնց չպետք է ձեռք տալ եւ փոփոխության ենթարկել. «Սա մարդկանց՝ անպետք հայտարարված մարդկանց մասին պատմություն է, բայց՝ անսահման շնորհալի, մարդկային բարությունը չկորցրած: Նրանք չարացած, ճղճիմացած չեն, չեն մեղադրում որեւէ մեկին: Այստեղ ամեն ինչ սարոյանական է՝ բոլոր մարդիկ լավն են, տիրում է համատարած սեր: Անկեղծ ասած, մենք Սարոյանի տված սիրո առատությամբ անգամ փորձերի ժամանակ ենք լիանում: Մեզ այսօր պակասում է այդ անկեղծ սերը եւ առհասարակ ամբողջ աշխարհին է պակասում: Փա՛ռք Աստծո, մեր երկիրը դեռ որոշ արժեքներ պահպանում է, սակայն դրսում պատկերը լրիվ այլ է, այնտեղ միայնության խնդիր կա… Սեր չկա…»: 

Այն հարցին էլ, թե ինչ կտա այդ ներկայացումը մարդկանց եւ ինչ կուսուցանի, Արթուր Սահակյանը վստահորեն նշեց, որ յուրաքանչյուրն առաջին հերթին իր համար պետք է գա եւ դիտի ներկայացումը: Դա այն արժեքների թվում է, որ չես կարող գնել, պատվիրել, դա ուղղակի հույսի մի նշույլ է, որն անհրաժեշտ է բոլորին: 

Այսպիսով «Գոյ» թատրոնի խաղացանկը համալրվեց եւս մեկ հիանալի ներկայացմամբ՝ «Քարանձավի մարդիկ»: