Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-12-2017
Երիտասարդական աշխատանքի ինստիտուտները Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Մեթոդական աջակցություն Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպություններին եւ երիտասարդներին» ծրագրի շրջանակում ներկայացվեցին Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի երիտասարդական աշխատանքի ինստիտուտների գործառույթները:

Հատուկ հրավերով Հայաստան էին ժամանել Բելառուսի հանրապետական երիտասարդական միության ներկայացուցիչ Եկատերինա Սավչենկոն եւ Ղազախստանի երիտասարդական գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Այդար Համիդը: 

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը  ներկայացրեց Հայաստանում Երիտասարդական աշխատանքի ինստիտուտի գործառույթներն ու երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրերը: Դավիթ Հայրապետյանի խոսքով՝ երիտասարդական աշխատանքի մասին գաղափարը ծագել է դեռ 2013-2014 թթ., սակայն գաղափարի իրագործման մեկնարկը տրվել է 2015-ից: 

Կարեւորելով երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը՝ նա փաստեց, որ 2016 թվականի հաջող մեկնարկը նոր խթան հանդիսացավ ծրագիրը շարունակելու համար: 2017 թվականին ծրագիրը շարունակեց իր քայլարշավը, որի շրջանակում մասնակիցներից ոմանք անգամ հանդես եկան մենթորների դերում: 

Eritasard.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ Բելառուսից եւ Ղազախստանից ժամանած հյուրերի հետ: 

Եկատերինա Սավչենկոն առաջին անգամ է Հայաստանում, տպավորությունները միայն դրական են: Համեմատական անցկացնելով Բելառուսի եւ Հայաստանի Երիտասարդական աշխատանքի ինստիտուտի գործառույթների միջեւ՝ Եկատերինա Սավչենկոն նշեց. «Ներկա լինելով աշխատանքային այս գործընթացին՝ ես հասկացա, որ այն, ինչ մեր երկրներն անում են երիտասարդական ինստիտուտների ոլորտում, գրեթե նույնն է, սակայն կան առանձնահատկություններ եւ յուրահատկություններ, որոնք թույլ են տալիս ամեն դեպքում տարբերակումներ տեսնել: Մեզ բոլորիս միավորում է մեկ գաղափար՝ ապագան երիտասարդներինն է: Նրանց ինքնազարգացման, նրանց առաջարկների ու ծրագրերի համար անհրաժեշտ են ռեսուրսների ներդրումներ, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց գաղափարները: Անխոս, ե՛ւ բելառուսցի, ե՛ւ հայ երիտասարդները մեծ ներուժ ունեն լավ ծրագրեր իրականացնելու համար, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ: Մենք շատ ուրախ ենք, որ որոշ ծրագրեր ու նախագծեր հետաքրքիր են ե՛ւ մեզ, ե՛ւ ձեզ, օրինակ՝ «100 գաղափարը»: Այն եւս հիանալի հարթակ է երիտասարդների ինքնադրսեւորման համար: Բելառուսը միշտ բաց է հետաքրքիր երիտասարդական համատեղ ծրագրեր եւ նախագծեր իրականացնելու համար»: 

Այդար Համիդն էլ նշեց, որ հայ երիտասարդների հետ շփումը բավականին հետաքրքիր է, եւ հատկապես հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են նրանք աշխատում. «Հայաստանյան այցի շրջանակում, կարծում եմ, կքննարկենք հետագա համագործակցության պլանները, քանի որ հետաքրքիր ծրագրեր կարելի է իրականացնել: Մենք համագործակցում ենք ԱՊՀ բոլոր երկրների հետ, իսկ Հայաստանը եւս բացառություն չէ: Ղազախստանում եւս տարբեր ծրագրերի շրջանակում հրավիրում ենք փորձագետների, ովքեր մեր երիտասարդների հետ կիսվում են իրենց փորձով ու գիտելիքներով: Առհասարակ ազգամիջյան շփումները կարեւոր են: Ցանկություն կա, որպեսզի նման համագործակցություն լինի նաեւ Հայաստանի հետ: Հայաստանը հետաքրքիր երկիր է, եւ համոզված եմ, որ ունեք լավ մասնագետներ, ովքեր երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձ ունեն»:   

Պատկերասրահ՝ Երիտասարդական աշխատողների վերապատրաստում-2017