Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-12-2017
Դուդուկահար եւ դհոլահար Մխիթարյան քույրերը նոր տեսահոլովակ են ներկայացրել
Աննա եւ Անահիտ Մխիթարյանները դեկտեմբերի 19-ին ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ ժողովրդական ստեղծագործությունը՝ ժամանակակից գործիքավորմամբ:

«Մխիթարյան քույրեր եւ ընկերներ» խումբը տեսահոլովակում կատարում է «Ջուր կուգեր» ստեղծագործությունը: Նշենք, որ քույրերից բացի խմբում հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը եւ Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):  

Ստեղծագործությունն ինքնատիպ է նաեւ այն առումով, որ բացի նվագելուց խմբի անդամները նաեւ երգում են: «Ջուր կուգեր»-ի երաժիշտների մեկնաբանությունը շատ հետաքրքիր է եւ յուրահատուկ: Ի դեպ, գործիքավորումը կատարել է հենց խումբը: Եվ այս տեսանկյունից գործի նկատմամբ ինքնատիպ մոտեցում է ցուցաբերվել: Պահպանվել են հայկական ժողովրդական գործերի բոլոր ավանդույթները ու միեւնույն ժամանակ ստեղծագործությունը ժամանակակից, թարմ շունչ է ստացել: Տեղեկացնենք, որ տեսահոլովակի ձայնագրությունն ու տեսագրությունն արվել է Եղիշե Պետրոսյանի «Արձագանք» ստուդիայում: Ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը:

Աննա եւ Անահիտ Մխիթարյանների երաժշտական գործունեությունը բուռն արձագանք է ստանում հասարակության մեջ: Մխիթարյան քույրերը համագործակցում են տարբեր խմբերի՝այդ թվում ջազ եւ անհատ կատարողների հետ: 2017թ. մայիսի 29-ին ծննդավայր Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում Մխիթարյան քույրերն իրենց խմբի հետ առաջին անգամ հանդես եկան համերգով: Դրան հաջորդեց նաեւ երեւանյան մենահամերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Նշենք նաեւ, որ առաջիկայում Մխիթարյան քույրերն իրենց խմբի հետ ծրագրում են համերգներով հանդես գալ Երեւանում, մարզերում եւ արտերկրում: Սպասվում են նաեւ այլ անակնկալներ:

Տեսահոլովակի հղումը՝