Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի եւ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 19-12-2017
«Մեր երազանքի ճանապարհ». 7 նովելից բաղկացած գեղարվեստական ֆիլմ
«Շարմ Հոլդինգ»-ը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւ «DHM studio»-ն համատեղ նկարահանել են 7 նովելից բաղկացած «Մեր երազանքի ճանապարհ» գեղարվեստական ֆիլմը:
Յուրաքանչյուր նովելի հիմքում ընկած է մի պատմություն, սակայն բոլորն էլ առնչվում են Հայաստանի անցած ճանապարհի հետ եւ հիմնված են Հայաստանի հանդեպ սիրո վրա:
 
Ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, մեր անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր ճակատագրեր: Յոթ պատմություն, որոնցում կան պայքար, սեր, նվիրվածություն, հիասթափություն, կորստի ցավ, երազանքներ…
Հանդիսատեսին ֆիլմի միջոցով պատմվում է ամենապարզ ճշմարտությունների, մարդկային կարեւորագույն արժեքների՝ նվիրվածության, միմյանց աջակից լինելու, արյան կանչի, սիրո, ջերմության, նոր ընտանիքի ստեղծման եւ պայծառ երազանքների մասին: 


 
Նովելներն են.
1. «Բա՛րեւ սիրելիս» - ռեժիսոր` Արամ Շահբազյան
2. «Ֆա» - ռեժիսոր՝ Արկա Մանուկյան
3. «Ձյուն» - ռեժիսոր՝ Արեն Մալաքյան
4. «Սիմոնի ճամփան» - ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան
5. «Հայրը» - ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան
6. «Մեղրամիս» - ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան
7. «Սեր, երազանքներ» - ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան
 
«Շարմ Հոլդինգ»-ը դեկտեմբերի 19-ին լրագրողների համար կազմակերպել էր «Մեր երազանքի ճանապարհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն, որից հետո ֆիլմի ռեժիսորական եւ ստեղծագործական կազմը հանդիպում ունեցավ լրագրողների հետ:
«Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշեց, որ բոլոր ռեժիսորները պատրաստվում են տարբեր փառատոների մասնակցել՝ կարճամետրաժ ֆիլմերով: Ընդ որում՝ «Սիմոնի ճամփան» ֆիլմն արդեն Մակեդոնիայում Գրան պրիի է արժանացել: 
 
«Մենք՝ որպես պրոդյուսերներ, երբեւէ նպատակ չենք հետապնդել, որ բոլոր ռեժիսորներին համախմբենք մեկ գաղափարի ներքո: Քանի որ ֆիլմը կոչվում է «Մեր երազանքի ճանապարհ» եւ պատմում է 25 եւ ավելի տարիների մասին, մեր անկախության մասին, ուստի մեկ մոտցում եւ գաղափար չի եղել: Այստեղ առկա են տարբեր զգացմունքներ, որոնք շեշտված են նովելներում, առկա են ռեժիսորի ապրած կյանք, ձեռագիր: Սա մեր ապրած կյանքն է»,- փաստեց Կարեն Ղազարյանը: 
«Սիմոնի ճամփան» նովելում նկարահանված Շանթ Հովհաննիսյանը, ով բոլորիս հայտնի է «Կյանք ու կռիվ-2» ֆիլմից, արդեն հասցրել է Եվրոպայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանանալ գլխավոր մրցանակին:


 
Նա նշեց, որ ֆիլմի նկարահանումներին մասնակցել է մեծ հաճույքով. «Սկզբում, երբ եղավ առաջարկը, չգիտեի, որ 7 պատմություն պետք է մեկտեղվի մեկ վերնագրի ներքո: Հետո իմանալով՝ սկսեցի հետաքրքրվել, չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է մեկտեղել այդ ամենը: Այսօր մենք տեսնում ենք շատ հուզիչ մի ֆիլմ, որում հանդիսատեսը կտեսնի տարբեր ձեռագրեր, բայց՝ համախմբող գաղափարով: Իհարկե եղան նաեւ դժվարություններ՝ նկարահանումների հետ կապված, քանի որ պետք է դրանք իրականացնեինք Թուրքիայում, Ֆրանսիայում, սակայն այնքան մեծ էր ցանկությունը, որ մենք հաղթահարեցինք ամեն դժվարություն»:
 
Ամենաերիտասարդ ռեժիսորը Արեն Մալաքյանն է, ով «Ձյուն» նովելում ներկայացրել էր իր մանկության պատմությունը: Ռեժիսորի խոսքով՝ մեծ պատիվ է աշխատել այդքան մեծ ճանապարհ անցած ռեժիսորների հետ. «Սա իմ անձնական պատմությունն է, որը ցանկացա կիսել մարդկանց հետ: Ձյուն կգա, եթե ուժգին ցանկանաս ու հավատաս: Դա երազանք չէ, այլ իրական, հույսով լցված պատկեր, որ փաթիլ-փաթիլ թափվում է երկնքից»:

Հ.Գ.: Ի վերջո, սա ֆիլմ է մեր ավագ սերնդի եւ «Մեր երազանքի ճանապարհ»-ի մասին…