Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-12-2017
Գեւ Գեւորգյան. «Բեմական կեղծանունն ինձ համար չէ»
«Էս սիրունը ո՞վ ա». հենց այս ստեղծագործությամբ էլ երգիչ Գեւ Գեւորգյանը մի քանի ամիս առաջ մուտք գործեց հայկական շոու բիզնես: Այդ ոլորտում նոր անունը եկել է իր ուրույն ոճը ներկայացնելու ու ոլորտում հաստատվելու համար:
Գեւ Գեւորգյանը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Երկար տարիներ ջանք չի խնայել ձայնը մշակելու գործում: Երգչի խոսքով՝ կողքին է պրոֆեսիոնալ թիմ, որը օգնում եւ աջակցում է յուրաքանչյուր հարցում: Թիմակիցներից մեկն էլ Արման Էլբերտն է, ով նաեւ երգչի ուսուցիչն է:
 
Երգչի ձայնադարանում, ըստ երգչի, բավականին արված աշխատանքներ կան, բայց հանրությանը հայտնի են դեռեւս երկուսը, որոնց մասին սիրով կիսվեց մեզ հետ:
 
- Հայկական շոու բիզնեսում որպես այցեքարտ ներկայացրեցիք «Էս սիրունը ո՞վ ա» ստեղծագործությունը: Ի՞նչ եք կարծում, ճիշտ է եղել երգի ընտրությունը որպես այցեքարտ:
 
- Ինչ խոսք, շատ կարեւոր է, թե ինչ ես ներկայացնում հանրությանը: Երգի, տեսահոլովակի հետ կապված մինչ այսօր միայն դրական արձագանքներ եմ լսել: Դա փաստում է, որ մեր ստեղծագործական խմբի կատարած աշխատանքը տեղին է եղել:
«Էս սիրունը ո՞վ ա» երգը իսկապես դարձավ իմ այցեքարտը: Այն տարածվեց թե՛ Հայաստանում եւ թե՛ սահմաններից դուրս։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ հանդիսատեսին, որ ընդունեց ու սիրեց ինձ: Դա ամենամեծ հաղթանակն է ինձ համար։ 
 
- Խոսենք նաեւ երկրորդ երգի ու տեսահոլովակի մասին: Արդյո՞ք երկրորդը ներկայացնելու ժամանակն էր:
 
- Այո՛, իհարկե, օրեր առաջ ներկայացրեցի «Այ այ այ» երգն իր տեսահոլովակով: Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը՝ «Միքս մաստեր»-ի: Երաժշտական մասի պրոդյուսերը կրկին Արման Էլբերտն է: Ստեղծագործությունը ներկայացրել եմ մի հրաշալի արտիստի՝ ֆրանսահայ Ռոբբի Էլ Սոլի հետ: Սկզբում երգը պետք է կատարեի միայնակ, բայց վերջին պահին իմ երաժշտական պրոդյուսերը՝ Արման Էլբերտը, որոշեց, որ երգում պետք է լինի ռեփ: Պատահական Ռոբբին կապ էր հաստատել ինձ հետ եւ իր շնորհավորանքն էր փոխանցում առաջին երգի կապակցությամբ։ Ու պահը բաց չթողնելով՝ առաջարկեցի երգել ինձ հետ: Նա միանգամից հաստատեց իր մասնակցությունը: Եվ սկսվեցին երկրորդ երգի ստեղծագործական բուռն աշխատանքները: Ընդամենը երկու օրվա ընթացքում ե՛ւ երգը ձայնագրեցինք, ե՛ւ տեսահոլովակը նկարահանեցինք:  
 
- Որոշ ժամանակ ապրել եք նաեւ Իտալիայում: Ի՞նչ նպատակով էիք մեկնել Իտալիա: 
 
- Մեկնել էի սովորելու ու աշխատելու համար: Արդեն երկու տարի է, ինչ վերադարձել եմ հայրենիք: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ծնողներս, հարազատներս ու ընկերներս այստեղ են՝ իմ սիրելի հայրենիքում: 
 
- Այսօր շատերը հայկական շոու բիզնես մուտ գործելիս հանդես են գալիս կեղծանվամբ: Դուք չե՞ք մտածել բեմական կեղծանուն ունենալու մասին:
 
- Ո՛չ, իհարկե: Իմ պարագայում ճիշտ չեմ համարում։
 
- Որտե՞ղ կարող են լսել Գեւ Գեւորգյանին: 
 
- Աշխատանքի հստակ վայր չունեմ: Ինձ դեռեւս կարող են լսել միայն տարբեր միջոցառումների ժամանակ: 
 
- Խոսենք նաեւ եկող՝ 2018 թվականի ծրագրերից:
 
- Ունեմ արդեն բավականին արված աշխատանքներ, որոնք ընդգրկված են իմ երաժշտական ծրագրում, բայց հանրությանը ներկա պահին հայտնի են երկուսը, որոնք էլ ներկայացրել եմ տեսահոլովակի տեսքով։

2018 թվականի հետ կապված բավականին շատ հետաքրքիր երաժշտական ծրագրեր կան, ու այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ։