Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-12-2017
Ինչպե՞ս պետք է լուսաբանել ընտանեկան բռնության հետ կապված թեմաները
Դեկտեմբերի 20-ին «Հոդված 3» ակումբում կայացավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից կազմակերպված լրագրողների համար դասընթացը, որը վարում էին «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ Հասմիկ Գեւորգյանը եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը:
Դասընթացն առնչվում էր ընտանեկան բռնություն հասկացությանը եւ լրատվամիջոցներում դրա լուսաբանման առանձնահատկություններին: Բանախոսները դասընթացի ժամանակ անդրադարձան ընտանեկան բռնությանը, այդ բռնության զոհերին, բռնության հաղթահարման միջոցներին, գործող օրենքներին:
 
Eritasard.am-ի թղթակցի այն հարցին, թե որքանով են այդ դասընթացներն արդյունավետ գործում եւ ազդում լուսաբանման վրա, Հասմիկ Գեւորգյանը պատասխանեց. ««Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր ստեղծման օրվանից ակտիվ աշխատանքներ է տանում լրագրողների հետ: Մեր նպատակը նախ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է. այն է՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունն առհասարակ, ինչպե՞ս է պետք այն լուսաբանել: Դաշտում մենք տեսնում ենք շատ խնդիրներ, սխալ մոտեցումներ՝ վերնագրերի եւ բովանդակության հետ կապված: Բացի դրանից՝ այդ նյութերը վնասում են նաեւ զոհին: Մենք առհասարակ չունենք զոհակենտրոն քաղաքականություն: Այս թեման շատ նուրբ թեմա է, եւ այն պետք է խորքային հասկանալ, առանձնահատուկ մոտեցում դրսեւորել»:

 
Հասմիկ Գեւորգյանն անդրադարձավ նաեւ բռնության տեսարաններով լուսանկարներին: Նրա խոսքով՝ լուսանկարները եւս հաճախ ոչ ճիշտ են ընտրվում նյութերի լուսաբանման ժամանակ: 
 
Զարուհի Հովհաննիսյանն էլ մեր հարցին պատասխանեց իրավական տեսանկյունից՝ մեջբերելով մի շարք օրենքներ եւ դեպքեր: Նա փաստեց, որ առհասարակ կրթական գործառույթը շատ կարեւոր է իրավապաշտպանության հարցում, որովհետեւ կրթական համակարգը երբեմն չի տալիս այն ամբողջ բազան, որից կարելի է օգտվել՝ հատկապես ընտանեկան բռնության դեպքերը լուսաբանելիս: 


 
«Մենք մեր առաջնահերթ խնդիրներից ենք դիտարկում լրագրողների հետ պարբերաբար նման դասընթացներ անցկացնելը, որպեսզի կիսվենք մեր փորձով եւ որոշակի գիտելիքներ մատուցենք: Լրագրողներին այս դասընթացներն օգնում են այնքանով, որ նրանք խորքային պատկերացում են կազմում, թե ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպես աշխատել զոհի հետ, ինչպես լուսաբանել այդ դեպքերը, որպեսզի ընտանեկան բռնության ենթարկված անձը կրկնակի բռնության չենթարկվի հրապարակումների պատճառով, որպեսզի չխախտեն մարդու անձնական կյանքի գաղտնիությունը: Այդ խնդիրներն իհարկե լուծված չեն, քանի որ առկա են բազմաթիվ հրապարակումներ, որտեղ կան նմանօրինակ եւ այլ խախտումներ: Դա նաեւ գալիս է հավելյալ սենսացիա առաջացնելու մղումից, բայց՝ մի կողմ դնելով մարդու անձնական կյանքը»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նմանօրինակ հանդիպումներ էլի են նախատեսվում, քանի որ լրատվական դաշտն իսկապես իրազեկվելու կարիք շատ ունի, իսկ լրագրողները՝ ճիշտ լուսաբանելու: